Սիրելի՛ ուսուցիչներ…

Սիրելի՛ ուսուցիչ, սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով:

Դուք յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով եք մոտենում ձեր գործին` մանկավարժի բարձր կոչմանը` ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին:

Դուք եք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքով նվիրվում եք մատաղ սերնդի դաստիարակության գործին` երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքը, հայրենիքը: Անձնվիրաբար կրթում եք մեր ազգին և պետությանն արժանի, ազգային ու համամարդկային արժեքներին քաջածանոթ ու դրանցով առաջնորդվող զավակներ:

Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում:

Շարունակելով կրթության ոլորտում  լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:

Հատուկ շնորհավորում եմ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնի մանկավարժներին, ովքեր ջանք չեն խնայում, որ իրենց աշակերտների համար ուսումնառության տարիները դառնան գիտելիքի կուտակման ու նոր բացահայտումների ժամանակաշրջան։

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:

Իմ ուղերձն ուզում եմ ավարտել հայ մեծն հանճար Կոմիտասի խոսքով.

«Ուսուցիչ պարո՛ններ ու քոյրե՛ր, զգուշութեամբ ու երկիւղածութեամբ մօտեցէ՛ք դաստիարակութեան գործին. խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված էք սերունդ մը, որ ապագայ ազգն է. սխալ ուղղութեամբ՝ ազգը մը կը խորտակէք վերջը:
Եթէ մանուկը չի հասկնար ձեր դասաւանդութիւնը, յանցանքը ձերն է, որովհետեւ չէք կրցած հասկանալ անոր հոգին. պէտք է վար իջնել մինչեւ անոր հոգեկան աստիճանը, եւ զայն առնելով ձեզի հետ բարձրացնել»:
ԿՈՄԻՏԱՍ

Տոնդ շնորհավո՜ր, սիրելի՛ ուսուցիչ:

Մ. Գեղամյան
Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնի տնօրեն

04.10.2019թ.