Այսօր Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց-համայնքային կենտրոնում թևածում էր թումանյանական շունչը: Օրը սկսվեց գրքեր նվիրելու արարողությամբ. դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին բոլոր դասարանները`տարրական օղակից մինչև ավագ դպրոց: Կային նկարազարդ հեքիաթներ, պատկերազարդ հանրագիտարաններ, մանկական պատմվածքներ, ժամանակակից հեղինակների վեպեր, «պարտադիր ընթերցանություն» շարքի ստեղծագործություններ: Դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց նաև տնօրեն Մ. Գեղամյանը. բազմաթիվ հետաքրքիր ու իմաստուն գրքերով համալրվեց գրադարանի պահոցը: Առավոտյան միջոցառումն ավարտվեց Հովհաննես Թումանյանին ու գիրք նվիրելու օրվան նվիրված երգով. բառերի հեղինակը 11-րդ դասարանի աշակերտ Նվեր Պետրոսյանն էր, երաժշտության հեղինակը`10-րդ դասարանի աշակերտուհի Արմենուհի Հարությունյանը, երգը գեղեցիկ կատարեց 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Շանոյանը:
Սակայն օրվա խորհուրդը դրանով չավարտվեց. հայոց լեզվի մասնախումբը, համագործակցելով տեխնոլոգիայի մմ-ի հետ, կազմակերպել էր միջոցառում-ցուցահանդես: Միջին դպրոցի սաները թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով նկարներ էին նկարել, իսկ 8-րդ դասարանի աշակերտները կերպավորել էին Թումանյանին, նրա հորը` տեր Թադևոսին, մորը` Սոնային, մանկության ընկերներին, Վերնատան անդամներին` Դեմիրճյանին, Իսահակյանին, Աղայանին, ինչպես նաև Տերյանին և զորավար Անդրանիկին:
Օրը հագեցած էր Թումանյանով: