Փոքրիկները բացահայտում են Մատենադարանը
Ընկեր Անիի պայմանը հետևյալն էր. Մատենադարան կայցելեն միայն նրանք, ովքեր «ջրի պես» սովորել են դասագրքի «Մատենադարան» դասը և լրացուցիչ տեղեկություններ են հավաքել մեր ամենամեծ գրապահոցի մասին: Իսկ այցի բաղձալի օրը ընկեր ՕՀԱՆՅԱՆԸ հաճույքով պարզեց, որ թե՛ դասը գերազանց սովորել, թե՛ լրացուցիչ նյութեր էին հավաքել գրեթե ամբողջ դասարանով:
Վերջապես 4-րդ «գ»-ն բարձրացավ Մատենադարանի աստիճանների «գրանիտե ջրվեժով», և սկսվեց մի զարմանահրաշ էքսկուրսիա հայերեն ամենամեծ ձեռագրից դեպի ամենափոքրը, միջնադարյան որդան կարմիրից մինչև աստղային քարտեզը, ոսկետառ Աստվածաշնչից մինչև Կիլիկիա, մաշտոցյան առաջին դպրոցներից մինչև մեր օրերը…
Էքսկուրսիայի ավարտից հետո էլ չորրորդցիները չհեռացան փառահեղ շենքից, այլ բաժանվեցին խմբերի. մի մասը ուսումնասիրում էր միջնադարյան մեր հանճարեղ այրերի արձանները՝ բարձրաձայն հեգելով նրանց անունները՝ Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի, Գոշ, Թորոս Ռոսլին, Ֆրիկ: Մի քանիսն էլ երկար մնացին Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախմբի առջև՝ փորձելով կռահել, թե այդ պահին ի՛նչ հարց է տալիս իր Մեծ ուսուցչին նրա ծնկաչոք կրտսեր աշակերտը՝ Կորյունը: