Հունվարի 21-ին Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանցիները «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակում այցելեցին Coca-Cola «Երջանկության գործարանի» «Այցելուների կենտրոն»:
Աշակերտներն ունկնդրեցին սիրված ըմպելիքի ստեղծման պատմությունը, ականատես եղան շշալցման ու փաթեթավորման ընթացքին: Ավետիսյանցիները ծանոթացան նաև ըմպելիքի այն տարբերակներին, որոնք շշալցվել էին որևէ երկրի հատուկ պատվերով և ամբողջ աշխարհում վաճառվել սահմանափակ քանակով:
Մեր սաները տեղեկացան նաև, որ Coca-Cola-ն, բացի արտադրությունից ու վաճառքից, ունի ևս 2 հիմնական ու կարևոր ծրագիր:
- «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի հիմնական խնդիրն է շրջակա միջավայրը մաքրել աղբից ու վնասակար նյութերից: Ընկերությունը քաղաքի տարբեր հատվածներում տեղադրում է տեսակավորված աղբամաններ՝ թիթեղյա տարաների, պլաստիկ շշերի և կենցաղային աղբի համար: Հետագայում թիթեղյա տարաներն ու պլաստիկ շշերը վերամշակվում և օգտագործվում են իրենց իսկ կողմից:
- Հանրային նշանակություն ունեցող երկրորդ՝ «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, սովորեցնում է սկսնակ մասնագետներին ճիշտ կազմել ինքնակենսագրություն (CV), պատշաճ ներկայանալ հարցազրույցի:
Վերջում կրթահամալիրի սաները մասնակցեցին փոքրիկ խաղ-հարցման և ամփոփեցին այդչափ հետաքրքիր և ուսուցողական շրջայցը: