«Ինչպես մայր թռչունն է ճախրանքի հանում իր սնուցած, թեւեր առած ձագուկներին, ես էլ ձեզ եմ մաղթում.

– Գնացե՛ք ձեր երազանքին ընդառաջ, ճախրե՛ք համարձակ: Մի՛ թուլացեք, մի՛ վարանեք, մի՛ ծուլացեք: Սովորե՛ք, աշխատե՛ք, խիզախե՛ք: Սիրե՛ք ու սիրվա՛ծ եղեք: Գնահատե՛ք ուսումը, աշխատանքը, իմաստնությունը…»:

… Հուզիչ էր Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի հրաժեշտի ուղերձը կրթօջախի հերթական՝ յոթերորդ շրջանավարտներին: Եվ ընդհանրապես, սիրով շաղախուն, հուզումնալից բազմաթիվ պահերով լեցուն, յուրահատուկ ու յուրօրինակ էր 2022-2023 ուսումնական տարվա ավարտական հանդեսը, որին որպես պատվավոր հյուրեր մասնակից եղան Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչները, բարերարներ, երեւանյան բուհերի եւ դպրոցների ղեկավարներ, ծնողներ, նախկին շրջանավարտներ:

Տիկին Մ. Գեղամյանի մաղթանքից հետո ցուցադրվեց դպրոցի մեծ բարերարին՝ երջանկահիշատակ Էդվարդ Ավետիսյանին նվիրված ֆիլմը: Անհնար էր այն դիտել եւ էկրանից սիրելի Էդի մեղմ ու բարի ձայնը լսել առանց հուզմունքի: Բոլորի հայացքներն ուղղված էին բարերարի այրուն՝ տիկին Փամելա Ավետիսյանին, ով, չխախտելով սիրելի ամուսնու հիմնած ավանդույթը, իր խոսքերով, «Էդվարդի ոտնահետքերով շարունակում է քայլքը դեպի Երեւան, դեպի Ավետիսյան դպրոց»:

Խորիմաստ խորհուրդների իսկական ընտրանի էր AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի ուղերձը մեծ կյանքի շեմին կանգնած պատանիներին:

Այնուհետեւ հնչեցվեց օրվա բանախոսի՝ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի խոսքը, որն ուղեկցվում է մարտահրավերների առաջ կանգնած հայրենիքին գիտելիքներով պատվար դառնալու մաղթանք-պահանջով:

… ՀՀ եւ Ավետիսյան դպրոցի դրոշների ներքո եւ ծափողջույնների ուղեկցությամբ շրջանավարտներն ստանում են հավաստագրեր: Այնուհետեւ՝ գլխարկների նետման «դասական» արարողություն, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգեւոր հովիվ վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը հնչեցնում է առաքելական օրհնություն, որին միանում է լեփ-լեցուն դահլիճը: Ներկաների ուղեկցությամբ շրջանավարտները դուրս են գալիս Ավետիսյան դպրոցի վարդաշատ բակ՝ դեպի անհունը թռցնելու իրենց երազանքի փուչիկները…

Թվում է՝ ավարտական հանդեսն անցավ բոլոր «կանոններով», բայց հունիսի 12-ի հանդեսը սովորականից շատ տարբեր էր.

– մեր «ակադեմիկոս» աշակերտների՝ վալեդիկտորներ Նարե Բագրատունյանի՝ փայլուն անգլերենով եւ Մարիա Պետրոսյանի՝ անթերի ոսկեղենիկ հայերենով ասված երախտագիտության խոսքերով,

– «Փարոս» կամերային երգչախմբի (ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան)՝ լուսահիշատակ Էդ. Ավետիսյանի սիրած մեղեդիների հիասքանչ կատարումներով,

– ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու տաղանդավոր պատանիների նվագախմբի ելույթով,

– Հանդիսավարի՝ AMAA-ի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանի՝ ինչպես միշտ դիպուկ եւ օրվան պատշաճ միջարկված խոսքով…

Հանդիսության պսակը կազմեց Ավետիսյան դպրոցի գլխավոր բարերարի՝ Փամելա Ավետիսյանի ելույթը. տիկին Փամելան կամ, ինչպես մտերմորեն նրան կոչում են ավետիսյանցիները, սիրելի Փամը խոսեց, պատմեց, իր սրտի խոսքն ասաց… հայերենով. եւ մի՞թե լինում է սիրո ու ջերմության ավելի վառ ապացույց…

Սիրելի՛ շրջանավարտներ, այդ օրը հարյուր եւ ավելի անգամ ձեզ մաղթեցինք բարի երթ: Հավատում ենք, որ այդպես էլ կլինի:

Եվ թող ձեր գլխավերեւում երկինքը անամպ լինի, իսկ հորիզոնները՝ միշտ բաց ու կանչող: