Քնարական թատերական կոմպոզիցիա
Խորագիրը կարիք չուներ որեւէ մեկնաբանության, եւ Ավետիսյան դպրոցի ուսուցչուհիները՝ մայրեր, քույրեր, դուստրեր, կանխավայելում էին ներկայացումը՝ դեռ չտեսած:
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանի սանուհիները «Արվեստ» առարկայի ուսուցիչ, բեմադրիչ Վազգեն Թորոսյանի նրբահմուտ ուղղորդմամբ այս պոետիկ կոմպոզիցիայով նշանավորեցին Մայրության եւ գեղեցկության տոնը:
Ասել, թե կոմպոզիցիան հոգեպարար էր, շատ քիչ կլինի: Թրթռուն աղջնակները ծաղկաթերթերի նման մերթ սփռվում, մերթ միատեղվում էին՝ սիրո պոեզիայի նրբանուրբ ելեւէջներ շաղելով լուսառատ սրահում: Ունկնդիրների հմայված հայացքները սահում էին խորհրդանշական բեմազարդերի վրայով, լսարանը անշշունջ որսում էր գեղանի դերասանուհիների ամեն մի շարժումը, ըմբոշխնում նրանց հոգեհմա ասմունքը: Օդում թեւածում էր Սերը, նաեւ սիրո կարոտը, ցավն ու երջանկությունը, սեր առ ամեն, ամեն ինչ…
Հոգենորոգ ներկայացումն ավարտված է: Ծափահարությունը երկար չի դադարում: Մայրության եւ գեղեցկության տոնին ավելի լավ նվեր դժվար էր պատկերացնել: Բոլորը հուզված են: Լուսանկարվում են՝ բոլորը բոլորի հետ, մեր աննման դերասանուհիները՝ նաեւ սիրելի բեմադրիչի եւ իրենց անհոգնում մուսայի՝ Լիլիթ Բախշյանի հետ:
