Առաջնախաղն անցավ փայլուն

Թեթեւ ու անկաշկանդ պահվածք, պլաստիկա, միմիկա, գեղարվեստի մթնոլորտ, ասելիքը տեղ հասցնել անձայն, անխոս, բայց համոզիչ խաղով… առաջին քայլեր թատերարվեստում եւ առաջին ներկայացում:

Ավետիսյան դպրոցի նորաստեղծ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Վազգեն Թորոսյանին ընդամենը մի քանի ամսում հաջողվել էր վեր հանել ապագա դերասանների ներուժը, իրողություն դարձնել նրանց թաքնված կարողությունները:

Մնջախաղի համապարփակ լեզվով բեմադրված «Սպասում» ուսանելի ներկայացումը բաց էր՝ ինտերակտիվ, այնպես որ դահլիճում նստածները սոսկ դիտողի դերում չէին, այլ իրենց հասակակիցների ճկուն ու ներդաշնակ ելույթին մասնակցում էին յուրովի՝ մեկնաբանություններով, եզրահանգումներով, կարծիքներով:

Հատկապես աշխույժ եւ հետաքրքիր անցան սպասման հոգեվիճակի համեմատությունները աստվածաշնչյան համապատասխան իրավիճակների հետ:

Նորաթուխ դերասաններն ու նրանց հասակակիցները բաժանվեցին հիացմունքի եւ գեղագիտական բավարարվածության զգացումներով:

«Սպասում»-ը վայելեցին միջին դպրոցի բոլոր աշակերտները: