Ծառս մնա հիշատակող…

«Սիրտս սափորն է դատարկ
Ու ես կ՚երթամ դէպի աղբիւրը լոյսին»:

Զավեն Խանջյանի սիրած վարուժանական այս տողերով հուշատախտակ ամրացվեց Ավետիսյան դպրոցի բակում մտավորական գործչի հիշատակին տնկված արծաթափայլ եղեւնուն:

Մատղաշ տունկը եւ նրա փոսը պատրաստ էին դեռ առավոտից: Նորատունկին առաջին բահը, անշուշտ, լցրեց տիկին Սոնա Խանջյանը: Տասներկուերորդցիներ Սյուզաննան եւ Աղասին ներկաներին հիշեցրին Զավեն Խանջյանի խորամիտ ասույթներից:

Իսկ մինչ այդ՝ դահլիճում… Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանն ի սրտե ողջունեց հուշ-ցերեկույթի հյուրերին, որոնց թվում էին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) նախագահ դոկտոր Նազարեթ Դարակչյանն իր տիկնոջ հետ, AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ, Ավետիսյան դպրոցի համակարգող խորհրդի անդամներ, Զավեն Խանջյանի գործընկերներ, հարազատներ, բարեկամներ, նրանց թվում՝ ՀՀ Սփյուռքի նախկին նախարար, իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը, եւ, իհարկե, Ավետիսյան դպրոցի ուսուցիչները, ավագ դպրոցի աշակերտները, այլ պատվարժան հյուրեր:

Այնուհետեւ ներկաներին ողջունեց եւ Զավեն Խանջյանի անցած ուղին արժեւորեց
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը:

Ափեափ հուզմունքով էր լցված Զավեն Խանջյանի այրու՝ տիկին Սոնայի սրտի խոսքը. Զավեն Խանջյանի կերպարի եւ Ավետիսյան դպրոցի գործունեության խորիմաստ եւ արժանի գնահատական էր դոկտոր Նազարեթ Դարակչյանի ելույթը. երախտագիտության ջերմությամբ էր համակված դպրոցի առաջին շրջանավարտ Լուսինե Մնացականյանի խոսքը:

Հուշ-ցերեկույթն ուղեկցվեց Զավեն Խանջյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված սահիկաշարի եւ Ավետիսյան դպրոցի առօրյայի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրմամբ:

Հոգեպարար էր միջոցառման երաժշտական մասը, որի ընթացքում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի կրթաթոշակառուներ, ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը եւ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը հմուտ երաժիշտներ Էդուարդ Գեւորգյանի եւ Սուսաննա Աղիկյանի նվագակցությամբ կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից: Ավետիսյան դպրոցի անունից նրա տնօրեն Մելանյա Գեղամյանը տիկին Սոնային նվիրեց Զավեն Խանջյանի կյանքի եւ գործի մասին պատմող հուշալբոմ՝ պատրաստված մեկ օրինակով:

… Արծաթափայլ եղեւնին, գիտնականների հավաստմամբ, մեր մոլորակի ամենաերկարակյաց ծառերից է. ապրում է 200-ից մինչեւ 300, երբեմն նույնիսկ 500 տարի: Զավեն Խանջյանի տարածած լուսավորության սերմերը, հավատում ենք, կապրեն այդքան եւ ավելի: Ահա թե ինչու, մի փոքր ձեւափոխելով միջնադարյան իմաստուն խոսքը, վստահաբար կարող ենք ասել հենց ի՛ր անունից.

«Ձեռս գնա, դառնա ի հող,
Ծառս մնա հիշատակող»: