Էրեբունի պատմական ամրոցից մինչեւ մերօրյա նորաշեն բազմահարկեր, Արգիշտի արքայից մինչեւ 21-րդ դարի Երեւանի լուսապատկերներ, ներկայացում, մնջախաղ, մայրաքաղաքին սիրո խոստովանություն սփռող սրտաբուխ երգեր եւ, իհարկե, միշտ հպարտ ու միշտ խրոխտ «Քոչարի»…

Այսպես նշվեց մայրաքաղաքի տոնը Ավետիսյան դպրոցում: Կազմակերպական աշխատանքների գծով փոխտնօրեն Նարինե Թունյանի՝ ավանդական տոնը նորովի նշելու մտահղացմանը պատրաստակամությամբ արձագանքեցին դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը, կրթահամալիրի թատերական խմբակի ղեկավար Վազգեն Թորոսյանը, երգ-երաժշտության ուսուցիչ, դաշնակահարուհի Գոհար Բարակյանը, մանկավարժները, աշակերտները, ծնողները, եւ բոլոր նրանք, ում կարիքն զգացվեց տոնի խորհրդին պատշաճ հանդես ստեղծելու համար, համախմբվեցին նրա շուրջը:

Լեփ-լեցուն դահլիճը նույնպես անմասն չմնաց ուրախությանը. ներկաները ձայնակցում էին բեմին համերաշխ ծափերով ու երգով:

Տոնակատարության մասնակիցները ցրվեցին՝ տանելով անմարելի սերն առ Երեւան: Սեր, որը ճախրում է 2807-ամյա մայրաքաղաքի ջահել երկնքում: