«Հայաստանի վերքի երգիչ, լուսապայծառ Աբովյան,
Խոսում ես մեր սրտի խորքից, մեզ հետ ես դու հավիտյան…
Երանի թե մի օր հանկարծ Քանաքեռից իջնեիր
Եվ քո սիրած Նորքում կանգնած՝ Երեւանին նայեիր…»

Մինչեւ չբարձրանաս Քանաքեռի բարձունքը, չես իմաստավորի Արամ Մերանգուլյանի հայտնի երգի այս տողերը. Ավետիսյան դպրոցի 10-րդ «բ» դասարանի աշակերտների եզրակացությունն էր դա:

Իսկ Քանաքեռ՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, նրանք այցելել էին հայ գրականության հերթական դասից հետո: Իրենց ուսուցչուհու՝ Նվարդ Գրիգորյանի հետ նրանք տեղում ամփոփեցին մեծ լուսավորչի կենսագրության ուսումնասիրությունը՝ դասագրքային տեղեկությունները հարստացնելով եւ ամրապնդելով իրեղեն «ապացույցներով», լուսանկարներով, հրատարակություններով, թանգարանի աշխատակցի մեկնաբանություններով:

Շատ ուսանելի եւ հետաքրքիր էր նաեւ այցի հաջորդ մասը: Մեր սաները ծանոթացան Աբովյանի դարաշրջանի՝ 19-րդ դարի հայկական կենցաղին՝ թոնրատնից մինչեւ աշխատանքային գործիքներ, այն ամենին, ինչը սիրով է նկարագրել մեծ քանաքեռցին աշխարհաբարով գրված առաջին գրքում՝ «Վերք Հայաստանի» անմահ վեպում: