Տեսականը՝ գործնականով

10 «բ» դասարանը (պատմության ուսուցչուհի՝ Շողեր Բաբայան, դասղեկ՝ Մերի Հակոբյան) «Հայոց պատմություն» առարկայից մարդկության պատմության քաղաքակրթական շրջանի սկզբի՝ մետաղի (բրոնզի) դարի ուսումնասիրությունը զուգորդվեց Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան այցով:

Համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից մեկը համարվող Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին ավետիսյանցիների առջեւ բացեց հազարամյակների էջերը: Ի դեպ, այստեղ ցուցադրվում են հուշարձանից պեղված 27 000-ից ավելի ցուցանմուշներ՝ միջագետքյան կշռաքար, եգիպտական կնիք, պերճանքի եւ կենցաղային առարկաներ, զենքեր: Մեր սաները թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանի առաջնորդությամբ շրջեցին հնավայրի տարածքում, լսեցին նրա մեկնաբանությունները աստղադիտարանի, հսկայածավալ դամբարաններից հանված պեղածոների մասին, որոնց թվում էր ամենահին ոսկյա գտածոն՝ հնգամյա աղջկա հերակալը, ծանոթացան լավ պահպանված հազարամյա պղնձաձուլարանին, որը հնագույն ժամանակներում եղել է Մերձավոր Արեւելքի ամենամեծ ձուլարանը, ինչով պայմանավորված էին առեւտրական սերտ կապերը Միջագետքի եւ այլ տարածաշրջանների հետ: Նրանց առանձնապես հետաքրքրեցին ժայռերի մեջ կառուցված հնոցները եւ ձուլարանի հալոցը: Այնուհետեւ պատանի պատմաբանները դիտեցին դամբարանադաշտում 1965 թվականից ի վեր կատարվող պեղումների եւ գտածոների մասին պատմող ֆիլմը, որով ամբողջացան Ք.ա. V-IV հազարամյակների մշակույթի այս լուռ վկայի մասին նրանց պատկերացումները:

Էքսկուրսիայի վերջում ավետիսյանցիներին սպասում էր հաճելի անակնկալ՝ գործնական աշխատանք. նրանք պեղումներ արեցին հնագիտական բրիչներով, մետաղ հալեցին եւ լցնելով կաղապարների մեջ՝ ստացան նիզակի ծայրեր ու թեւնոցներ, իսկ վերջում ցորեն աղացին հնամյա աղորիքով: