Մի անմոռանալի օր Էրեբունիում

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցից հետո V «բ» դասարանի աշակերտները (դասղեկ՝ Նարինե Մելիքյան) պնդում էին, որ դա իրենց կյանքի ամենաանմոռաց օրն էր: Սակայն այցելությունը «Էրեբունի» թանգարան գերազանցեց նույնիսկ այդ տպավորությունը:

Հիացումը սկիզբ առավ արդեն իսկ դրսից. թանգարանի ճակատամուտքերը՝ «Արգիշտի թագավորը եւ քաղաքի հիմնադիրները», «Առյուծաորս», «Խալդ աստվածը», խորհրդանշում էին պատանիների մուտքը մի ուրույն, հեռավոր ու խորհրդավոր աշխարհ՝ թագավորական պալատի սկզբունքներով կառուցված 1000 մ2 մակերեսով թանգարան:

Պատանի ավետիսյանցիները շունչները պահած հետեւում էին էքսկուրսավարի խոսքին, մոտիկից զննում Ք.ա. IX-VI դարերի Արարատյան թագավորության հզորության եւ առաջընթացի նյութեղեն ապացույցները՝ ձիակառքից մինչեւ սվինների ծայրեր, գինու հսկայական կարասներից մինչեւ որմնանկարներ եւ կենցաղի առարկաներ: Նրանք հատկապես աշխուժացան, երբ դուրս եկան թանգարանի ներքին բակ, որտեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երեւան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիրը։

Հենց այստեղ էլ՝ Կարմիր բլուրում, որտեղ հազարամյակներ առաջ սոսափել են Արգիշտի արքայի բերքառատ այգիները, փոքրիկ ավետիսյանցիները կիսեցին հնագույն ժամանակներից հայոց խորհրդանիշ համարվող կենաց ծառի պտուղը՝ նուռը, եւ իրար մեջ բաժանեցին նրա կարմիր հատիկները: