Նորից ապրիլ է՝ 111-րդը: Բայց՝ ապրելո՛ւ ապրիլ, քանզի քանի կենդանի է մեր հիշողությունը, մենք ապրում ենք: Եվ Ավետիսյան դպրոցը, տասնամյակների ավանդույթին հավատարիմ, կուռ ընտանիքի նման հավաք եւ կազմակերպված, ճանապարհվեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող: Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին խոնարհելու ծաղիկներով էին բոլորը՝ նախակրթարանի փոքրիկները, աշակերտական, ուսուցչական, վարչական ամբողջ համակազմը, երթն ուղեկցող ծնողները:

Կոթողի առջեւ դրվեց ծաղկեպսակը, անմար կրակի շուրջ խոնարհվեցին ծաղիկները, առ Աստված բարձրացվեց հազարաձայն «Հայր մեր»-ը… Եվ այդ ամենին հայրական ժպիտով լռելյայն հետեւում էր վեհափառ Մասիսը:

… Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողությունն սկսվել էր դեռ վաղ առավոտյան՝ դահլիճում. դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ոգեկոչման խոսքին հաջորդել էր «Զուտ հայկական պատմություն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ապա՝ լռության րոպեն:

Բակում ավետիսյանցիներին արդեն սպասում էին ավտոբուսները եւ ուղեկցող ոստիկանական խմբերը:

Վերադարձից հետո դպրոցի տնօրենը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին ուղղված նամակով հայտնեց ավետիսյանցիների շնորհակալությունը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի եւ պարեկային ծառայության Երեւանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանների կազմակերպված աշխատանքի շնորհիվ շուրջ 1000 երեխայի անվտանգ վերելքն ու վայրէջքն ապահովելու համար: