Համակցված դաս: Կառուցվածքի առումով դասի թերևս ամենաճկուն տեսակը, որը թույլ է տալիս մեկ դասաժամի ընթացքում լուծել միաժամանակ մի քանի դիդակտիկական խնդիր, մասնավորապես՝ գիտելիքների ստուգում, նոր նյութի հաղորդում, ուսուցանվող նյութի շուրջ որոշակի աշխատանքների կազմակերպում և այլն։
Ավետիսյան դպրոցի զուգահեռ՝ 5-րդ «ա» և «բ» դասարաններում այդպիսի համատեղ դաս անցկացվեց արտադասարանական ընթերցանությունից: Թեման էր Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, նպատակը՝ ունեցած գիտելիքները կիրառելու և դրանք կարողությունների վերածելու ուղղությամբ աշխատանքների կատարումը, հանրակրթական այլ առարկաների՝ երգ-երաժշտության, կերպարվեստի, տեխնոլոգիայի, հայրենագիտության, ինչպես նաև թատերարվեստի հետ բանահյուսության և գրականության սերտ կապի ցուցադրումը, աշակերտների ստեղծագործական կարողությունների բացահայտումը և, անշուշտ, ընթերցանության հանդեպ սիրո ամրապնդումը:
Իբրև դասի անցկացման ձև ընտրվել էր 3 փուլից բաղկացած մրցախաղը: Առաջինը («Գիտե՞ք, որ…») հարցուպատասխանի փուլն էր:
Հաջորդ՝ «Արհեստը ոսկի բիլազուկ է» փուլում երեխաները ցույց տվեցին իրենց շնորհքը արհեստի տարբեր տեսակներում՝ կոճակ կարելուց մինչև կարպետի ձևավորում և գունազարդում: Այն ընթացավ հայկական «Անահիտ» մուլտիպլիկացիոն ֆիլմի երաժշտական հատվածների ուղեկցությամբ:
Ապա հինգերորդցիները մրցեցին արհեստների և արվեստների իմացությամբ, արհեստի մասին ասույթներով, պատասխանեցին հայրենագիտական հարցերի:
Վերջին՝ ստեղծագործական փուլում երեխաները կարդացին իրենց հորինած «Անահիտ» և «Վաչագան» ծայրակապերը, դաշնամուրի նվագակցությամբ կատարեցին իրենց ձոներգերը Անահիտին, ներկայացրին 2-րոպեանոց թատերականացված տեսարաններ՝ «Հանդիպում աղբյուրի մոտ» (5-րդ «ա») և «Խնամախոսություն» (5-րդ «բ»):
Մրցախաղի ավարտին փոքրիկ նկարիչները ներկայացրին հեքիաթի իրենց նկարազարդումները:
Համակցված դասը ծառայեց իր նպատակին, դեռ ավելին՝ վերածվեց ուրախ, պայծառ, շենշող տոնի: Այդ տոնն իրողություն դարձավ ուսուցիչներ Զ. Սարգսյանի (մայրենի), Գ. Բարակյանի (երգ-երաժշտություն), Զ. Ավետիսյանի (հայրենագիտություն), Լ. Մարգարյանի (կերպարվեստ), Ս, Ավետիսյանի (տեխնոլոգիա) խելամիտ համագործակցության շնորհիվ:
Իսկ մրցախաղի արդյունքում հաղթեց բարեկամությունը: