Ս. թ. փետրվարի 20-23-ը Ստեփանակերտում անցկացվեց սեմինար դասընթաց ՀԱԸ հովանու ներքո ԼՂՀ-ում գործող մանկապարտեզների տնօրենների, դաստիարակների եւ մանկավարժների համար: Այն վարեց «Հայ կրթություն» կրթահամալիրի (մանկապարտեզ, միջին և ավագ դպրոցներ, համայնքային կենտրոն) Ավետիսյան դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Մելանյա Գեղամյանը:
Քառօրյա դասընթացին մասնակցեցին նախադպրոցական կրթության 20 մասնագետներ Ասկերանի, Ստեփանակերտի, Շուշիի և Մարտակերտի մանկապարտեզներից: Պարապմունքներին զուգահեռ՝ կատարվեցին այցեր մանկապարտեզներ, իրավիճակը և մեթոդիկան ուսումնասիրվեցին տեղերում, կատարվեցին դասալսումներ, քննարկումներ, ինչը մեծ գործնականություն հաղորդեց տեսական դասընթացին:
Սեմինար պարապմունքների ընթացքում հանգամանորեն լուսաբանվեց մանկապարտեզի տնօրենի իրավասությունների ամբողջական փաթեթը, հընթացս լուսաբանվեցին նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև փաստաթղթային տնտեսության վարույթը: Մանկապարտեզների տնօրենները յուրացրին նաև էլեկտրոնային Excel ծրագրով օրվա ճաշացանկի կազմումը:
Դաստիարակների հետ տարվող տեսական աշխատանքներին զուգընթաց՝ օրվա ընթացքում տիկին Մ. Գեղամյանը այցելեց մանկապարտեզներ, տեղերում ներկա գտնվեց դաս-պարապմունքների և, հենվելով իր բազմամյա փորձի վրա, տեսական և գործնական խորհուրդներով ուղղորդեց դասընթացի մասնակիցներին: Այնուհետև քննարկվեցին դաստիարակների կատարած աշխատանքը, տարիքային տարբեր խմբերի, ձախլիկ, գիպերակտիվ, խառը տարիքային խմբերի երեխաների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները, միջոցառումների նախապատրաստման և խաղերի արդյունավետության ապահովման գրավականները, քննարկվեց մանկապարտեզի դաստիարակի ամբողջական փաթեթը եւ պարապմունքների մեթոդիկան:
Առանձին պարապմունք հատկացվեց նշված մանկապարտեզների նորանշանակ մեթոդիստի եւ մանկավարժի հետ աշխատանքին: Հանգամանորեն ներկայացվեց ամբողջական մեթոդական գրականությունը, որը տրամադրվեց մեթոդիստին՝ գործնական կիրառման վերաբերյալ համապատասխան ցուցումներով:
Դասընթացի օրերին կատարված քննարկումները, ինչպես նաև պարապմունքների ավարտին անցկացված գրավոր հարցումը ցույց տվեցին, որ քառօրյա դասընթացը գերազանց ծառայեց իր բուն նպատակին. շոշափվեցին նախադպրոցական դաստիարակության և կրթության բոլոր կողմերը թե՛ տեսական և թե՛ գործնական հարթության վրա, վերապատրաստումը կրեց գործնական, տեսանելի, հասանելի բնույթ, նրա մասնակիցների համար է՛լ ավելի արժևորվեց սեփական մասնագիտության դերը: