Հայաստանում առաջին էկո-կառույցը՝ Երևանի Ավետիսյան կրթահամալիրն, արժանացել է ամերիկյան հեղինակավոր LEED Silver վկայագրի
Հայաստանի անկախացումից ի վեր, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) բազմաթիվ հայրենաշահ առաքելություններից մեկը դպրոցաշինության ծրագրի իրականացումն էր մայր հայրենիքում:
20 տարի առաջ, ամերիկահայ բարերար Էդվարդ Ավետիսյանի հովանավորությամբ Երևանի ՀԱԹ-ում (Հարավ-արևմտյան թաղամաս) ԱՀԱԸ-ի հիմնադրած Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրն իր հարկի տակ ընդունեց թաղամասի անապահով ընտանիքների երեխաներին, ապահովեց նրանց անվճար և որակյալ ուսուցումը: Կարճ ժամանակում այն դարձավ սիրված և գնահատված կրթօջախ՝ իր մասին վկայելով գործով, իր փայլուն շրջանավարտներով և հեղինակություն վաստակած անձնակազմով:
Կրթօջախի այդպիսի սրընթաց վերելքը ոգեշնչեց ամերիկահայ բարերարներին և ԱՀԱԸ-ին՝ գերազանցապես բարելավելու դպրոցի շենքային պայմանները: Եվ 2014 թվականին արդեն դպրոցը տեղափոխվեց 21-րդ դարի շնչով կառուցված բարձր սեյսմակայունությամբ գերարդիական շենք:
ԱՄՆ «Կանաչ շինարարության խորհրդի» (USGBC – The United States Green Building Council) հեղինակավոր LEED (Leadership in Energy and Environmental Design) վկայագրման պահանջներին համապատասխան բնապահպանական նախագծով կառուցված կրթահամալիրն իր 7 հարմարավետ մասնաշենքերով առաջին էկո կառույցն էր Հայաստանում: Եվ բնական էր, որ շուտով այն դարձավ «դպրոց և համայնքային կենտրոն»։
Առնո Բաբաջանյան 42/7 հասցեում գտնվող «կանաչ դպրոցը» հագեցած է արևային ջրատաքացուցիչներով, «դալար տանիքի» շնորհիվ իրականացվող ջրապահպանությամբ, տեսակավորված աղբահանությամբ, ենթակառուցվածքների մատչելիությամբ, սեփական «արտադրության» պտուղներով: Դպրոցի աշխատակազմը թև թևի տված բնապահպանական անխոնջ աշխատանք է կատարում պետական, հասարակական, միջազգային կառույցների, հիմնադրամների, «Հայաստան ծառատունկ ծրագրի» (ATP) հետ, ամառային ճամբարի առօրյան նույնպես հիմնվում է բնապահպանական կրթության սկզբունքների վրա:
Այդ ամենը, անշուշտ, թերի կլիներ, եթե չլինեին ուսման հոյակապ պայմանները դիպուկ, տեղին և խելացիորեն օգտագործող մանկավարժներն ու մասնագետները: Այդ նրանց շնորհիվ է, որ այսօր Ավետիսյան դպրոցում սովորելը պատիվ է համարվում, Ավետիսյանի շրջանավարտների առջև փակ դռներ չկան, և դպրոցի աշակերտության քանակն ընդամենը մի քանի տարում հնգապատկվել է, ինչպես ասում են՝ կրթահամալիրի «դալար տանիքի սիզամարգը» ձգում է մարդկանց:
Ավետիսյան դպրոցը սոսկ կրթարան չէ: Դա մի մեծ, համերաշխ հայաշունչ ընտանիք է, որն ստանձնել է հայրենաշինության և հայրենիքի բարեկարգման գործի իր բաժինը: