Նոյեմբերի 11-ին իրենց բնապահպանական ծրագրերով բեմ բարձրացան 6-ից բարձր դասարանների աշակերտները: Դահլիճում էին նաև ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ, Ավետիսյան դպրոցի կոորդինացիոն խորհրդի նախագահ Հարութ Ներսեսսյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը և «Տապան» էկոակումբ ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը։
Մեկը մյուսից ավելի հետաքրքիր, հիմնականում իրատեսական ծրագրեր ներկայացնելով՝ բարձրդասարանցիները միաժամանակ էկրանին ցուցադրեցին իրենց հաշվարկները, հնարավորություններն ու բիզնես պլանները՝ տվյալ մտահղացումը կյանքի կոչելու համար:
Իսկ գաղափարները, իրոք, ուշագրավ էին ու արդիական: Ահա՛ դրանցից մի քանիսը.
- Կենդանի պաստառ-համայնապատկեր՝ «Բնությունը մեր ձեռքերում է»
- Մայրաքաղաքի կանաչապատում
- Թափոնի տեսակավորում մայրաքաղաքի բոլոր համայնքներում
- Խիստ տուգանքի սահմանում շրջակայքի աղտոտման համար
- Թղթի վերամշակում
- Բնական թափոնից կոմպոստի պատրաստում և կիրառում (ներկայացվեց պատրաստման ամբողջ ընթացքը և ստացված կոմպոստի կիրառումը Ավետիսյան դպրոցի «կանաչ տանիքում»)
- «Էկոլոգիա» առարկայի դասագիրք (ներկայացվեց արդեն պատրաստ ձեռնարկի օրինակը) ցածր դասարանների համար
- «Ճանապարհորդություն Ավետիսյան դպրոցով» ուղեցույց-ծրագիր հեռախոսի համար (գործողությունը ցուցադրվեց էկրանին)
- Ավելորդ կտորից տոպրակների կարում և բաժանում հանրախանութների հաճախորդներին
- Ցայտաղբյուրների և ջրի ծորակների վրա անջատիչների տեղադրում
- «Խելացի խաղահրապարակի» ստեղծում, որտեղ կարուսելն աշխատում է հեծանվաոտնակների շարժումից առաջացած էներգիայով (ներկայացվեցին մոդելը և գծագիրը)
- Անտառածածկ տարածքներում օրինազանցությունների կանխմանը ծառայող հսկիչ զոնդի (դրոն) գործարկում (ներկայացվեցին դրոնը և գործարկման արդյունավետության հաշվարկները)
- Արևային մարտկոց՝ հեռախոսը լիցքավորելու համար (ներկայացվեց մոդելը)
- Գերեզմանների տարածքների փոխարինում կանաչ տարածքներով (ներկայացվեց բոլոր հաշվարկներով)
- Բնապահպանական թեմաներով սեմինարների կազմակերպում
- Պարբերական հարցումներ բնակչության շրջանում (ներկայացվեցին տեսահոլովակներ)
- Ծառատունկ
Ինչ վերաբերում է ծառատունկին, դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ անհրաժեշտ քանակությամբ տնկիները շուտով կլինեն դպրոցում, և մեր ավետիսյանցի բնապահպանները հենց շենքի բակում դրանք կտնկարկեն չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին, դասերից հետո:
Եռանդով, խելացի գաղափարներով եռուն մի շաբաթ էլ անցավ Ավետիսյան դպրոցում: Ո՞ր դասարանի էկոծրագիրը կհաղթի, դրանցից ո՞րը կամ որո՞նք կարելի է ներկայացնել համապատասխան կազմակերպություն կամ մարմին՝ կյանքի կոչելու համար: Դա կորոշի մրցութային հանձնաժողովը:
Մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումը՝ մեկ շաբաթից: