451 թվական. մայիս. Ավարայր: Երկիր մոլորակի վրա թերևս առաջին ու միակ բախումը հանուն լույսի, հավատի և ազատության, հանուն «մահ իմացեալ»-ի և հողի հայրենյաց…
Հանուն ճշմարիտ կրոնի և հող հայրենիի զոհված Վարդանը Ավարայրի 1036 նահատակների հետ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ քրիստոնեությունը ոչ թե ստրկության և կույր հնազանդության, այլ սխրանքի և հավերժության ուսմունք է:
Եվ բնական է, որ հայ քրիստոնյայի հավատքի օրացույցում իր ուրույն տեղն ունի Սուրբ Վարդանանց զորավարների տոնը: Այս տարի այն յուրահատուկ ձևով նշվեց Ավետիսյան դպրոցում. 8-11-րդ դասարանների աշակերտները ցուցադրեցին «Վարդանանց կանչը» ոգեղեն ներկայացումը, որը սկզբից մինչև վերջ դիտվեց մեծ ուշադրությամբ:
Լեփլեցուն դահլիճը հոտնկայս ծափահարեց պատանի դերասաններին: Վերջին պահին բեմ բարձրացան և հավատարմության երդում տվեցին մերօրյա փոքրիկ «Վարդանները»:
Տպավորված էին բոլորը՝ աշակերտները, մանկավարժները, անշուշտ, նաև մեր պատվավոր հյուրերը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը տիկնոջ՝ տիկին Հուրիի հետ, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովվի օգնական վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը տիկնոջ՝ տիկին Մոնիկայի հետ, բազմաթիվ ծնողներ:
Բարձրաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր հիացական տպավորությունն արտահայտելուց հետո խոսեց Վարդանանց տոնի խորհրդի մասին, ապա մեծ ու փոքր միաձայն ասացին «Հայր մեր»-ը:
… Դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը բեմ է հրավիրում այս հայրենաշունչ ու բարձրաճաշակ ներկայացման կազմակերպիչներին՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանին և պատմության ուսուցչուհի Զարուհի Ավետիսյանին: Ծափահարություններն ավելի են ջերմանում, բոլորը շտապում են բեմ՝ շնորհավորելու, գրկելու, համբուրելու, լուսանկարվելու… Հուզախառն ժպիտների մեջ են «դերասան» ու հանդիսատես, աշակերտ ու ծնող, «տանտեր» և հյուր …
Տոնը ոգեշունչ էր, ներկայացումը՝ հրաշալի, ավետիսյանցիների հայացքներում կարդացվում էր զգաստության, պատվի, հպարտության ու արժանապատվության լա՜վ յուրացված պատգամը: