Ավետիսյան դպրոցում շարունակվում են ուսուցիչների ամբողջական վերապատրաստման սեմինար-դասընթացները: Այս շարքի երկրորդ դասընթացը նվիրված էր առաջին, երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների հետ տարվող աշխատանքներին:
Ավետիսյան դպրոցի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը նշված դասարաններում դասավանդող մանկավարժներին հանգամանորեն ներկայացրեց 6-8 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկությունները:
Սեմինարն անցկացվեց չորս հանդիպումներով, որոնք կայացան 2020 թ. նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին, 10-ին և 14-ին: Դրանց ընթացքում դասընթացավար տիկին Ներսեսսյանը խոսեց նշված տարիքային խմբի երեխաների ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հուզական զարգացման առանձնահատկությունների մասին՝ կարևորելով դրանցից յուրաքանչյուրը:
Ներկայացնելով 6-8 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները և ամեն պահի մանկավարժի առջև ծառացող խնդիրները լուծելիս ճիշտ կողմնորոշվելու, ճկուն և անսխալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը՝ տիկին Ներսեսսյանը արեց կարևոր և անհրաժեշտ շեշտադրումներ:
Սեմինար պարապմունքների ընթացքում յուրաքանչյուր դիտանկյունից (ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հուզական) երեխաների զարգացման առանձնահատկությունները քննարկելուց հետո դասվարներին հնարավորություն տրվեց ուսումնասիրություն անցկացնել արդեն իրենց դասավանդած դասարաններում: Մանկավարժների այդ դիտարկումների արդյունքները քննարկվեցին դասընթացավարի հետ յուրաքանչյուր հաջորդ հանդիպման ժամանակ. դասվարները մեկ առ մեկ ներկայացրին իրենց սաներին՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:
Մասնագետի հետ չորս հանդիպումն էլ անցան աշխատանքային աշխույժ մթնոլորտում և արդյունավետ էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Իրենց շնորհակալական խոսքում դա փաստեցին Ավետիսյան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը, կրթահամալիրի հոգեբան Ա. Խաչատուրյանը, դասընթացն ավարտած բոլոր դասվարները:
Մանկավարժահոգեբանական և դաստիարակչական այս աշխատանքը էությամբ ամբողջական է, ընթացքով՝ շարունակական: Այս առումով հրաշալի գաղափար է դասընթացի շարունակումը և ըստ տարիքային առանձնահատկությունների դիտարկվող խմբերի ընդլայնումը: Քանզի այսօր մեր հայ դպրոցի նպատակը մեկն է՝ ճշմարիտ դաստիարակությամբ ձևավորել լավ մարդ և լավ քաղաքացի: