Այսօր՝ մայիսի 19-ին, Եղիշե Չարենցին նվիրված ամփոփիչ դաս անցկացվեց Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանում:

Ճիշտ ժամին հնչեց դասի զանգը, իսկ 11-րդցիները կազմ ու պատրաստ նստած էին ոչ թե դասասենյակում, այլ դպրոցի ընդարձակ գրադարանում: Եվ ահա ուսուցչուհու՝ Լ. Բախշյանի ուղեկցությամբ ներս է մտնում Չարենցի կյանքի ուսումնասիրող, ժամանակակից գրող Հովիկ Չարխչյանը: Սեղանին նրա գրքերի հրատարակություններն են՝ «Չարենցի կրակոցը», «Սուլամիթա», «Ես՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ»:

Տեղը զիջելով սիրելի հյուրին՝ ուսուցչուհին միանում է իր սաներին, ուղղորդում նրանց՝ մեկը մյուսից հետաքրքիր, բազմաբնույթ, երբեմն նույնիսկ «դավադիր» հարցերը: Իսկ գրականագետ, լրագրող և գրող «ուսուցիչը» հարուստ ասելիքով է եկել. ունկնդիր պատանիների առջև բացվում է Չարենցի ներքին՝ հոգեկան աշխարհն՝ իր գաղտնարաններով, հույսերով ու հույզերով, նրա փշոտ ուղու կեռմաններն ու դարանները, նրա սերերն ու հիասթափությունները, նրա մահվան առեղծվածը…

Իսկ հետո՝ «Հեռացումի խոսքեր», պատանեկան անհամարձակ, բայց և անչափ հուզիչ խոհեր… Նաև անդրադարձ դասականների կողքին ժամանակակից գրողներին կարդալու, նրանց ևս ճանաչելու կարևոր հարցին:

Հայոց դպրոցներում ամենասիրված դասերից մեկը՝ Չարենց բանաստեղծի և մարդու մասին, Ավետիսյան դպրոցում կարծես չի ուզում ավարտվել: Իսկ երբ Հ. Չարխչյանը տեղեկացնում է, որ տպագրության է պատրաստվում հանճարեղ բանաստեղծի մասին իր երկրորդ գիրքը, պարզ է դառնում՝ Չարենց-նամեն մեր դպրոցում անպայման ունենալու է իր շարունակությունը: