Կրթությունն աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է…

Ներկայումս, երբ հասարակությունը սկսում է զարգանալ ժողովրդավարական սկզբունքներով, ուսուցման նոր մեթոդների ներդրման անհրաժեշտություն է առաջացել: Հետ են մղվել ուսուցման պասիվ մեթոդները (սրանց դեպքում հաճախ առաջնային է համարվում աշակերտի կարգապահության ապահովումը, աշակերտը ունկնդրի դերում է, և նյութը պատրաստի մատուցվում է նրան)` իրենց տեղը զիջելով ակտիվ մեթոդներին:

Ուսուցման գործընթացում մանկավարժի գլխավոր նպատակներից պետք է լինեն յուրաքանչյուր երեխայի անկրկնելիության և անհատականության բացահայտումը և նրա անձի զարգացման խթանումը: Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու դեպքում աշակերտն ավելի սիրով է յուրացնում մատուցված նյութը: Այս պարագայում երեխան ցուցաբերում է ակտիվ մասնակցություն ուսումնառության գործընթացին և ոչ թե մատնվում անգործության, որն էլ նրա մեջ ժամանակի ընթացքում ձևավորում է ծուլություն ու անվստահության զգացում, սովորեցնում անիմաստ վատնել ժամանակը ու թուլացնում սովորելու, նորը բացահայտելու աշակերտի կամքը:

Կամքը մեր հաջողությունների, ձեռքբերումների գրավականն է, իսկ ծուլությունը` անհաջողությունների պատճառներից մեկը: Մարդիկ սխալ պատկերացում ունեն այս երկու հակադիր բևեռների` կամքի և ծուլության վերաբերյալ: Իսկ ի՞նչ են դրանք իրականում: Ինչպե՞ս զարգացնել կամքը և ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը`չբռնանալով սեփական անձի վրա: Աշակերտը կհաղթահարի ծուլությունը և կցանկանա սովորել, եթե տվյալ առարկան հետաքրքրի նրան, օգնի ամեն օր բացահայտելու հետաքրքիր երևույթներ:

Առանց կրթության որևէ ձեռքբերման մասին խոսելն անգամ ավելորդ է, իսկ կրթությունն այսօր աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է:

Փորձը ցույց է տալիս, որ ուսուցչակենտրոն դասարանի մոդելն արդեն սպառել է իրեն. մերօրյա աշակերտներն իրենց անհատական աճի համար այլ մոտեցման կարիք ունեն: իկին Մեանյան ա արել, ամեն դեպքում ուղղենք: Սովորեցնելու արվեստին տիրապետելն առանձնահատուկ շնորհ է, և ուսուցիչները, ովքեր պատասխանատու են ապագայի մեր շառավիղի համար, պետք է լինեն դպրոցի սիրտը, աշակերտի միտքն ու հոգին առաջինը կարդացողները, որպեսզի կարողանան նրանց մեջ սերմանել սովորելու մեծ ցանկություն և սովորեցնել դա լավագույնս անելու ձևերը: Իսկ եթե մենք չմոտիվացնենք երեխաներին և չզարգացնենք գիտելիք ձեռք բերելու, դրանք շարունակաբար ավելացնելու հմտությունները, ապա նրանց ձեռք բերած գիտելիքները ժամանակավոր բնույթ կկրեն և կկորչեն` աշակերտի մեջ որևէ հետք չթողնելով: Այդ կերպ մենք կարող ենք աշակերտի մեջ սպանել սովորելու ցանկությունը, հետևաբար կամաց–կամաց հետին պլան կմղվի նաև «կամք» հասկացությունը: Այդ դեպքում սովորական կդառնան ծուլությունն ու անտարբերությունը, կկորչեն առաջնորդին բնորոշ լավագույն հատկությունները, որին կհաջորդեն «վատ շրջապատ», «կամք չունեցող», «անհետաքրքիր ու տգետ» բնորոշումներով մարդիկ:

Դպրոցի առջև ծառացած այս խնդիրները թույլ են տալիս այսօր մեզ առաջ քաշել նոր մոտեցումներ, մեթոդիկա, որոնք կրթությունը կդարձնեն հետաքրքիր, իսկ դպրոցը` սիրելի վայր, որտեղ հնարավոր կլինի ստանալ բոլոր «ինչո՞ւ» – ների պատասխանները:

Ստորև ներկայացնում ենք մի քանի անհրաժեշտ նախապայմաններ ու քայլեր, որ կարող են բարձրացնել դպրոցական կրթության որակը.

ճիշտ ընտրված ժամանակահատված, որը կրթական գործընթացի մասնակիցներին թույլ կտա ճանաչել միմյանց,
ճիշտ ընտրված մասնակիցներ, այն է` դպրոցական կոլեկտիվ, այլ ոչ թե անհատներ,
ճիշտ կառուցվածք, այսինքն` ուսումնական գործընթացի նախապատրաստում և վերահսկողություն. սա նույնքան կարևոր է, որքան անհատական աշխատանքը,
ճիշտ ընտրված մեթոդներ, որոնք կապահովեն աշակերտների ակտիվ ուսումնառությունը և դասի համառոտ, բայց բովանդակալից մատուցումը,
դասարանային և արտադասարանային գործունեության ճիշտ ժամաբաշխում, որը նախատեսում է սեմինար պարապմունքների և մշակութային գործունեության փոխկապակցվածություն ու համադրում,
ճիշտ հաղորդակցում` տեղեկատվության փոխանակմամբ և աշակերտ-աշակերտ, ուսուցիչ-աշակերտ կապի ապահովմամբ,
ճիշտ ընտրված ուսուցիչներ, որոնք կապահովեն ուսումնական գործընթացի կազմակերպման բազմազանությունը:
Այսօր մեզ անհրաժեշտ են բանիմաց, իրենց աշխատանքը սիրող և նրանով ապրող ուսուցիչներ, եթե մենք ձգտում ենք ունենալու կիրթ հասարակություն: Մեզ համար անընդունելի են մանկավարժության քարացած մեթոդները, որոնք միայն վնասում են աշակերտին:

Լավ ուսուցիչը պետք է գիտակցի, որ գործ ունի 21-րդ դարի աշակերտի հետ, որ երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ շփվելով: Աշակերտը սովորում է գործողության միջոցով, հետևաբար դպրոցի ծրագրերն ու տարվող աշխատանքները պետք է համապատասխանեն երեխայի զարգացման հնարավորություններին և միաժամանակ խթանեն նրա հետաքրքրասիրությունն ու զարգացնեն մտածողությունը:

«ՀԱՅ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» կրթական հիմնադրամի տնօրեն, մ.գ.թ. Մելանյա Գեղամյան