Կրտսեր դպրոցական տարիքը, ընդգրկում է երեխայի կյանքի 6-ից մինչև 10 տարեկան հասակը։ Սա անցման այնպիսի շրջան է, որտեղ երեխան իր մեջ միաժամանակ կրում է ինչպես նախադպրոցականի, այնպես էլ դպրոցականի գծեր: Կրտսեր դպրոցական տարիքում էական փոփոխություններ են կատարվում մարմնի բոլոր օրգաններում և հյուսվածքներում։ Կմախքի ոսկրակալումը դեռեւս չի ավարտվում, դրա հետևանքով այն խիստ ճկուն է ու շարժուն։ Ահա թե ինչու կրտսեր դպրոցականի՝ սեղանի ու նստարանի առջև ճիշտ դիրքով նստելը երեխայի ֆիզիկական զարգացման և կեցվածքի ձևավորման կարևորագույն պայմաններից է։

Ձեռքերի մատնահատվածների ոսկրացումն ավարտվում է 9-11 տարեկանում, իսկ դաստակինը՝ 10-11  տարեկանում։ Կարծում եմ՝ արդեն հասկանալի է, թե ինչու կրտսեր դպրոցականը հաճախ շուտ է հոգնում գրավոր հանձնարարություններ կատարելիս, նա արագ և երկար ժամերով չի կարող գրել, և շատ հաճախ ձեռագիրը գեղեցիկ չի լինում, ձեռքը արագ հոգնում է։ Հետևաբար հատկապես առաջին և երկրորդ դասարանի երեխաներին ծանրաբեռնել չի կարելի:

Ուսումնական գործունեությունը առաջատար տեղ է գրավում յոթ տարեկանի ճգնաժամով: Կրտսեր դպրոցականը սկսում է հարմարվել այս փուլի նոր պայմաններին:

Դպրոցում նոր հարաբերություններ են ձևավորվում երեխայի և ուսուցչի, երեխայի և նրա հասակակիցների միջև: Այս տարիքային փուլում երեխան անվերապահորեն վստահում է ուսուցչին։ Ուսուցիչը շատ մեծ հեղինակություն է կրտսեր դպրոցականի համար, և նա ամեն ինչում ընդօրինակում է նրան:

Առաջին մանկավարժը շատ մեծ ազդեցություն ունի երեխայի ապագա կյանքի վրա։ Եթե երեխան սիրեց և վստահեց մանկավարժին, ուսման նկատմամբ կունենա դրական դիրքորոշում: Չմոռանանք, որ ուսուցիչների կողմից տրված գնահատականների հիման վրա ձևավորվում է կրտսեր դպրոցականի ինքնագնահատականը: Պետք է խրախուսել  երեխայի լավ վարքը, որպեսզի այն ամրապնդվի: Ուսումնական գործունեության նպատակն է երեխայի մեջ սերմանել սեր և հետաքրքրություն գիտելիքի նկատմամբ, երեխան պետք է կարողանա սկսել սովորել, և կրտսեր դպրոցականի տարիքի վերջում նա սկսի սովորել ինքնուրույն:

Շատ կարևոր է երեխայի մեջ սերմանել երկու կարևոր որակ՝ աշխատասիրություն և ինքնուրույնություն:

Ուսուցչի կողմից նշանակված գնահատականը շատ կարևոր է կրտսեր դպրոցականի համար. նա ուրախանում է բարձր գնահատական ստանալիս և նեղվում հակառակ  դեպքում։

Դրա համար երեխային «կոտրել» գնահատականի համար անթույլատրելի է, երեխան պետք է իմանա, որ ինքը սովորում է գրագետ մարդ դառնալու և ոչ թե սոսկ բարձր գնահատական ստանալու համար:

Յուրաքանչյուր երեխա սովորում է իր ընդունակությունների չափով:

Կրտսեր դպրոցականի մոտ զարգանում են իմացական գործընթացները՝ հիշողությունը, ընկալումը, ուշադրությունն ու մտածողությունը:  Եվ, վերջապես, երեխան սովորում է բարոյական նորմերի հստակ կազմակերպում, ճշտապահություն, կարգ ու կանոն, օրինապահություն, հարգանք բոլորի նկատմամբ և  բազմաթիվ նորմեր, որոնք էլ կերտելու են ապագայի նրա մարդկային որակը:

Արփի Խաչատուրյան
Ավետիսյան դպրոցի հոգեբան-մանկավարժ