Մեր սանը վերադարձավ միջազգային ճամբարից

10-րդ «ա» դասարանի աշակերտ Արտյոմ Վերանյանը վերադարձավ «Արտեկ» միջազգային ճամբարից, որտեղ անցկացրել էր 20 անմոռանալի օր:

«Արտեկի» ուղեգիրը Արտյոմը վաստակել էր Երեւանի «Ռուսսկիյ դոմ»-ի կազմակերպած դասական արձակի պատանի ասմունքողների մրցույթում հաղթելու շնորհիվ:

Ճամբարային 20 օրերը լեցուն էին անջնջելի հիշողություններով, որոնք նա դպրոցում ոգեւորությամբ պատմում է հասակակիցներին, թվարկում իր նոր ընկերներին՝ կանադացի, չին, ռուս, արաբ, մոնղոլ…

‒ Այնքան հաճելի էր տեսնելը, որ արտաքուստ ինչքան էլ տարբեր էինք, իրականում, անկախ մեր ծագումից եւ աշխարհագրությունից, բոլորս իրար նման էինք մեր երազանքներով ու խանդավառությամբ,- ասում է Արտյոմը:- Իսկ արտեկյան ավանդական խարույկի շուրջը խմբված պահերին բոլորս դառնում էինք մեկ միասնական ընտանիքի անդամ:

Ավետիսյան դպրոցի սանը «Արտեկում» հատուկ հաղորդումով 4000-անոց բազմազգ ճամբարին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին եւ մեր ազգային արժեքները: Նրա ելույթն արժանացավ միջազգային մրցատյանի բարձր պարգեւների եւ դիպլոմների, որոնք Արտյոմը սիրով բերեց դպրոց՝ հարստացնելու մեր «գանձատունը»:

Տպավորությունները պատմելիս պատանին առիթը բաց չէր թողնում՝ իր ձեռքբերումների համար շնորհակալություն հայտնելու իր նախկին եւ ներկայի ուսուցիչներին:

Քեզ նորանոր հաջողություններ, Արտյո՛մ: Ավետիսյան դպրոցը հպարտանում է քեզ նման սաներով: