Երեք շնորհավորանք՝ մեկ շաբաթում

Ավանդույթի համաձայն՝ ավետիսյանցիները ամեն ուրբաթ հավաքվում են դահլիճում՝ ի մի բերելու անցած շաբաթվա արդյունքները եւ խոսելու առաջիկա անելիքների մասին:

Հերթական ուրբաթը դարձավ միանգամից երեք ձեռքբերումների հրապարակման օր:

Նախ շնորհավորեցինք դպրոցի զինղեկ, գնդապետ Մազմանյանի սաներին՝ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Մեկ ձայն» ռազմամարզական մրցույթում փայլուն հանդես եկած մեր դպրոցի «Խաղաղապահ» ջոկատին: Ավագ դասարանների աշակերտների այս յոթնյակը՝ Արշակ Պետրոսյան, Արամ Ապրոյան, Լեւոն Սարգսյան, Արեն Մանգասարյան, Նորվարդ Տիտանյան, Արեւիկ Գիգոյան եւ Ռուդոլֆ Գրիգորյան, արժանացավ ազատամարտի վետերանների միության «Ցուցաբերած բարձր պատրաստվածության, գերազանց արդյունքների եւ աննկուն կամքի համար» շնորհակալագրին:
 

Հաջորդ հաղթանակը 3-րդ գ դասարանի աշակերտ Նարեկ Մայիլյանինն էր (ուսուցչուհի՝ Սիրանուշ Սարգսյան):

Փոքրիկ Նարեկը Koreez (Կորիզ) համադպրոցական կրթական մրցահարթակի «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթում արժանացավ «Ալենյան արժեհամակարգի կրող» կոչմանը եւ ընդգրկվեց հանրապետության առաջատարների լավագույն տասնյակի մեջ:

 

 

 

Եվ երրորդ մրցանակը՝ միջազգային: Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի կողմից անցկացված «Քայլ դեպի երազանք» (“Step to the Dream”) – 2026 միջազգային մրցույթում մեր 8-րդ «բ» դասարանի աշակերտուհի Նարե Բեժանյանը իր տարիքային խմբում գրանցեց միանգամից երկու հաղթանակ՝ 1-ին հորիզոնական` ժապավենով, եւ 2-րդ հորիզոնական` գործիքով (գնդակ): Աշխարհի տարբեր երկրներում հաջող ելույթներից հետո Նարեն լավագույնը դարձավ իր հայրենի հողի վրա: