Այդ օրը Ավետիսյան դպրոցի ութերորդ դասարանցիներին (դասղեկ՝ Կ. Կյուրեղյան) սպասում էին ինքնատիպ երեք դասեր՝ դասերից հետո:

Առաջինը «Հայոց պատմություն» առարկայից էր, որն անցկացվեց Մուսալեռան հերոսամարտի և ազգագրական թանգարաններում: Դաս, որից հետո երեխաների մտքերում մեկընդմիշտ դրոշմվեցին Յողունօլուք, Վագըֆ, «Գիշեն», Պորտ Սաիդ, Ֆրանց Վերֆել պատմական անունները:

Հաջորդ՝ «Հայ եկեղեցու պատմության» դասը Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում էր: 1874 թվականին հիմնադրված և մասնակի ընդհատումներով ցայսօր գործող ճեմարանի մասին անչափ հետաքրքիր պատմություն լսելուց հետո երեխաները երկյուղածությամբ մտան լսարաններից մեկը և տեղավորվեցին… գուցե հենց այն  նստարաններին, որոնց վրա ուսում էին ստացել շատ  մեծանուն հայ գործիչներ՝  Ավետիք Իսահակյան, Կոմիտաս, Հրաչյա Աճառյան, Ակսել Բակունց…

Եվ օրվա երրորդ՝ եզրափակիչ «դասը», որն անցկացվեց Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, նվիրված էր հայ գրականությանը, ավելի ստույգ՝ Րաֆֆու «Խենթի» հերոսներին: Ավետիսյանցիները նախ ծաղիկներով զարդարեցին Լալայի համեստ գերեզմանաքարն ու Խենթի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի մարմարյա  շքեղ տապանաքարը: Այնուհետև Մարիաննան և Նարեն Լալայի շիրմաթմբի մոտ կարդացին իրենց շարադրությունները՝ «Հայաստանը 200 տարի հետո. իմ երազը», որ գրել էին Խենթ-Վարդանի երազի նմանությամբ, նաև ոգեկոչեցին անմեղ Լալայի հիշատակը:

Տունդարձի ճանապարհին պատմության և գրականության ուսուցիչներ Զ. Ավետիսյանը և Զ. Սարգսյանը, ինչպես նաև դասղեկը լսում էին աշակերտների բուռն տպավորությունները և պատասխանում այդ հրաշալի  «դասերի» ընթացքում ծագած հարցերին: