«Այս առարկան շատ բարդ է»:

«Ես քիմիայի խնդիրները չեմ կարողանում լուծել»:

«Ես թույլ եմ մաթեմատիկայից»:

Մենք հաճախ ենք երեխաներից լսում նման արտահայտություններ, և դա բնական է: Այո՛, բնական է, որ երեխաների մեջ այդպիսի մտքեր են առաջանում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք՝մանկավարժներս, հաճախ ենք նրանց հիասթափեցնում մեր անզգույշ արտահայտություններով: Մինչդեռ մենք կոչված ենք օգնելու և աջակցելու նրանց, որ հավատան իրենց ուժերին, հաղթահարեն դժվարությունները:

Սիրելի՛ գործընկերներ, մենք կարող ենք օգնել մեր աշակերտներին՝ ունենալու ոչ թե ֆիքսված, այլ զարգացման մտածողություն: Եթե, իհարկե, շատ ցանկանանք:

Ինչո՞ւ է կարևոր երեխայի մեջ փոքր տարիքից զարգացման մտածելակերպ ձևավորելը: Ո՞րն է ֆիքսված և զարգացման մտածելակերպերի տարբերությունը:

Ամերիկացի հոգեբան Քերոլ Դվեկն իր «Մտածելակերպ: Հաջողության նոր հոգեբանությունը» գրքում հանգամանորեն պատասխանում է մեր առաջ քաշած այս հարցերին:

Զարգացման մտածելակերպ ունեցող մարդիկ համոզված են, որ ունակությունները կարելի է զարգացնել: Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ավելի խելացի, եթե աշխատի այդ ուղղությամբ, ջանքեր գործադրի, դասեր քաղի իր սխալներից, կիրառի սովորելու տարբեր մեթոդներ: Իսկ ֆիքսված մտածելակերպով մարդիկ կարծում են, որ տաղանդը, խելքը, ունակությունները ի վերուստ տրված հատկություններ են, և ջանալը պարզապես անօգուտ է:

Փորձե՛նք հասկանալ զարգացման մտածելակերպով մարդկանց տրամաբանությունը։ Ահա թե ինչ համոզմունքներով են նրանք առաջնորդվում.

  1. Ձախողումը տալիս է սովորելու նոր հնարավորություն:
  2. Հնարավոր է սովորել այն ամենը, ինչ ուզում ես:
  3. Մարտահրավերներն օգնում են զարգանալուն:
  4. Աշխատանքն ու դրա հանդեպ վերաբերմունքն են որոշում ունակությունները:
  5. Պետք է ոչ թե նախանձել ուրիշների հաջողություններին, այլ ոգևորվել դրանցով:
  6. Ընդունել դիմացինի կարծիքը և չխուսափել քննադատություններից:

Մինչդեռ ֆիքսված մտածելակերպ ունեցող մարդիկ առաջնորդվում են միանգամայն այլ սկզբունքներով, ինչպես՝

  1. Պետք է խուսափել ռիսկերից և մարտահրավերներից:
  2. Հեշտությամբ հանձնվել, երբ որևէ բան չի ստացվում:
  3. Ջանք թափելն ապարդյուն է. կա՛մ կարող ես, կա՛մ ոչ:
  4. Մարդկանց կարողությունները տարբեր են:
  5. Պետք է խուսափել քննադատությունից, քանի որ մեր ներուժը նախասահմանված է ի սկզբանե:

Եկե՛ք չմոռանանք, որ զարգացման մտածելակերպն աշակերտին օգնում է ոչ միայն ավելի հաջողակ լինելու դպրոցում և ավելի ինքնավստահ՝ հասակակիցների հետ հարաբերություններում, այլ նաև այդ մտածելակերպով շարժվել հետագա կյանքի ընթացքում։ Փորձը ցույց է տալիս, որ նման մտածելակերպով երեխաները սովորելու և ստեղծագործելու մեծ սեր են ունենում, հասուն տարիքում դառնում են ավելի վճռական և խելացի, ավելի հաջողակ են լինում աշխատանքում: Նրանք անընդհատ ձգտում են առաջ գնալ, նոր վերելքներ հաղթահարել, այլ ոչ թե տարիներ շարունակ կատարել նույն միապաղաղ աշխատանքը, որը նրանց ո՛չ ոգևորում է, ո՛չ էլ երջանկացնում: Նրանք են ապագայում դառնում գյուտերի և նորարարությունների հեղինակներ, հիմնում են ծաղկուն ընկերություններ, հասնում այլ հաջողությունների:

Սիրելի՛ կոլեգաներ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի խորհուրդ, որոնք մեզ կօգնեն դեռ վաղ տարիքից երեխաների մոտ սերմանելու զարգացման մտածելակերպ, քանզի մեր գործը՝ մանուկ կրթելը, առաքելություն է, ոչ թե աշխատանք:

1. Միշտ գովեք երեխայի ջանքերը, այլ ոչ թե տաղանդը:

Երբ մենք գովում ենք երեխայի տաղանդը կամ ասում, որ նա խելացի է, մենք նրա մոտ զարգացնում ենք ֆիքսված մտածելակերպ: Երեխան սկսում է մտածել, որ ինքն ունի որոշակի տաղանդ ու հմտություններ, և դա է նրա հնարավորությունների սահմանը: Զարգացման մտածելակերպ ձևավորելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել երեխայի գործադրած ջանքերի, փնտրած լուծումների, մոտեցումների վրա: Դա ցույց է տալիս, որ հաջողության հասնում են աշխատասիրության շնորհիվ, որոնք երեխան կարողանում է կառավարել: Օրինակ՝ ավելի ճիշտ է երեխային գովել, որ նա ճիշտ ձևով լուծեց մաթեմատիկայի խնդիրը, քան ասել, որ նա ուժեղ է մաթեմատիկայից:

2. Օգնեք գործադրելու նպատակաուղղված ջանքեր։

«Նորից փորձիր, ու կստացվի» կամ «Եթե շատ փորձես, կստացվի» և նմանատիպ մոտեցումները իրականում կարող են ոչ թե օգնել, այլ խանգարել երեխաներին: Եթե նրանք անընդհատ փորձում են անել նույն բանը նույն ձևով և անընդհատ ձախողվում են, դա նույնպես կհանգեցնի հիասթափության: Եթե երեխային բացատրելու նախորդ մոտեցումները չեն աշխատում, անհրաժեշտ է փոխել դրանք և երեխային ցույց տալ նպատակին հասնելու մեկ այլ ճանապարհ:

3. Պատմեք ուղեղի և նրա բարդ աշխատանքի մասին:

Երեխաները հետաքրքրասեր են և ընդունակ: Եթե մենք պատմենք, թե ինչպես է աշխատում ուղեղը, նրանց աչքերը հավանաբար կփայլեն, և նրանք կցանկանան իմանալ ավելին:

Անհրաժեշտ է շատ պարզ ձևով պատմել, որ ուղեղը ամեն օգտագործելուց (մարզելուց) հետո ուժեղանում է, զարգանում: Որքան շատ օգտագործենք այն ու աշխատենք, այնքան ուղեղը կհզորանա, և մենք նույն գործը հաջորդ անգամ ավելի դյուրությամբ կանենք:

4. Օրինակ հանդիսացեք ձեր պահվածքով և մտածելակերպով:

Մենք ՝ մեծահասակներս, կարող ենք անվերջ խոսակցություններ ունենալ մեր աշակերտների հետ, բայց շատ ավելի կարևոր է, թե մենք ինչպիսի օրինակ ենք ծառայում իրական կյանքում: Երեխային ոգևորելու համար մենք կարող ենք խոսել մեր սխալի կամ ձախողման մասին և ասել, թե ինչ դաս քաղեցինք դրանից:

5. Մի՛ մոռացեք ավելացնել կախարդական բառը:

«Ես սա չեմ կարող անել» և «Ես սա դեռ չեմ կարողանում անել» արտահայտությունների միջև էական տարբերություն կա: Առաջին դեպքում մենք ընդունում ենք, որ դա մեզ չի հաջողվում անել ու չի էլ հաջողվի, իսկ երկրորդ դեպքում մենք հավատում ենք, որ սովորելը պարզապես ժամանակի և ջանքի հարց է:

6. Սովորեցրեք անել ճիշտ ձևակերպումներ:

Սխալ Ճիշտ
1. Սա շատ դժվար է: 1. Սա ինձնից մի փոքր ժամանակ ջանք կպահանջի:
2. Ես մաթեմատիկայից ոչինչ չեմ հասկանում: 2. Ես պետք է ուղեղս մարզեմ, որ մաթեմատիկան հասկանամ:
3. Ես շատ լավ եմ ջութակ նվագում: 3. Ես սովորել եմ
ջութակ լավ նվագել:

Նույնիսկ եթե երեխան շատ ուժեղ կողմեր ունի, նրան պետք է հասկացնել, որ դա հնարավորությունների վերջը չէ, և ցանկացած հաջողության հասնելու համար պետք է պատրաստվել:

7. Օգնեք սահմանելու նպատակներ:

Նպատակները պետք է լինեն հստակ, չափելի, հասանելի, իրատեսական և ժամանակային որևէ հատվածով սահմանափակված: Միանգամից շատ մեծ ակնկալիքներ ունենալը միգուցե հիասթափեցնի աշակերտին, մինչդեռ չափավոր դժվարությունները կկոփեն նրա կամքը՝ դարձնելով ավելի համբերատար:

8. Օրինակ բերեք հայտնի մարդկանց կյանքից:

Հավանաբար չկա այնպիսի երեխա, ով չի երկրպագում այս կամ այն երգչին, դերասանին, մարզիկին: Երեխաները հիանում են այդ մարդկանց այսօրվա կերպարով, բայց նրանց պետք է ցույց տալ, որ իրենց սիրելի հերոսների հաջողությունների հետևում ոչ թե «բնատուր» տաղանդն է, այլ սխալներ, փակված դռներ և քրտնաջան աշխատանք:

Այսօր մեր աշակերտներն ավելի շատ կարիք ունեն մեր խորհուրդների, քան համացանցային խաղերի և վիրտուալ աշխարհի: Ուզո՞ւմ ենք այսօր ապահովել մեր ապագան. ուրեմն հենց այսօր էլ բարեխղճորեն աշխատենք և բարեփոխենք մեր հայացքներն ու մոտեցումները:

Վստահ եմ, որ հիմա ավելի, քան երբևէ մեր ապագան ուսուցչի ձեռքերում է:

 

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ. գ. թ.