Սեմինարներ Ավետիսյան դպրոցում

Թեկուզ աղոտ դրսեւորվող, դեռեւս սաղմնավորման փուլում գտնվող բուլինգի հաղթահարման, առավել եւս՝ դրա կանխարգելման աշխատանքում անկարելի է հապաղելը: Վաղը գուցե արդեն ուշ լինի: Այս նկատառումով «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» թեմայով երկրորդ սեմինարն անցկացվեց Ավետիսյան դպրոցում: Նախորդին մասնակցել էին միջին դպրոցի աշակերտները: Այժմ պատանիների շրջապատում բռնության դրսեւորման երեւույթի արմատները եւ հաղթահարման ուղիները քննարկվեցին դպրոցի մանկավարժական աշխատակազմի հետ:

Սեմինարը վարում էին հանրապետության տարբեր կառույցների հետ հաջողակ աշխատափորձ ունեցող հմուտ փորձագետներ Հայկուհի Ադամյանը եւ Անի Խուդոյանը:

Երկու մասից բաղկացած սեմինարի առաջին հատվածում դիտարկվեցին անվտանգ եւ ապահով, բռնությունից պաշտպանված միջավայրի ստեղծման եւ պահպանման ուղիները, դրական դասարանական համայնք ստեղծելու մեթոդները: Արծարծվող հարցերը քննարկվեցին աշխույժ մթնոլորտում, մանկավարժների գործուն մասնակցությամբ:

Երկրորդ մասում ներկայացվեցին բուլինգի դեմ պայքարի մեթոդները, զուտ մանկավարժական արդյունավետ մոտեցումները, այդ նպատակով կիրառելի գործիքների համակազմը, առողջ փոխհարաբերությունների ձեւավորման գործում հուզական գրագիտության դերը: Փորձարկվեցին ինքնաճանաչման բնույթի խաղեր, մանկավարժները հանդես եկան տեսական եւ գործնական բնույթի առաջարկներով:

Սեմինարավարների օգնությամբ եւ ուղղորդմամբ Ավետիսյան դպրոցի մանկավարժական թիմը ավելի հստակեցրեց իր անելիքները սաների կրթությունը ապահով եւ բռնությունից զերծ միջավայրում կազմակերպելու համար: