Մարտի առաջին կիրակի օրը Ֆրանսիայում նշվում է տատիկների տոնը:

1916: Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի մասին   հայտնի դարձավ Ռուսաստանի կառավարությանը, որն իր դժգոհությունը հայտնեց, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձեռք էին բերում զգալի թուրքական տարածքներ: «Հայաստան» և «Հայկական հարց» բառերն ընդհանրապես չէին հիշատակվում փաստաթղթում: Անգլիայի լիազոր դեսպան Սայքսը Ռուսաստանում իրենց դեսպանին ուղղված նամակում անհնար էր համարում Հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի հանձնումը Ռուսաստանին: Միայն  Թուրքիայի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունն ստանալուց հետո դաշնակիցները հավաստեցին նրա իրավունքները Պոլսի և նեղուցների նկատմամբ, նաև խոստացան Ռուսաստանին հանձնել Արևմտյան Հայաստանի նահանգները՝ Էրզրումը, Տրապիզոնը, Վանը, Բիթլիսը, Քրդստանի մի մասը:

1830: Նորք գյուղը միացվեց Երևանին և դարձավ նրա թաղամասերից մեկը:

1922: Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին վերադարձվեցին պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը: 17 տարի անց, Հայաստանի կառավարության որոշմամբ, ձեռագրատունը Էջմիածնից տեղափոխվեց Երևան և տեղավորվեց Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի նորակառույց շենքում: 1959 թվականին Մատենադարանը փոխադրվեց նոր շենք:

1924: Հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական արխիվը: Այժմ մեր արխիվում կա մոտ 3 մլն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թթ.-ով:

1974: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի հայոց Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

___

1848: Թիֆլիսում ծնվել է երաժիշտ-մանկավարժ, հաս. գործիչ, դաշնակահար Կոստանդին Ալիխանովը (Ալիխանյան): Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել Պետերբուրգի կոնսերվատորիայում: Եղել է Թիֆլիսի Նոր երաժշտական դպրոցի և երաժշտական ուսումնարանի կազմակերպիչներից, նաև ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի հիմնադիրներից և վերջինիս նախագահը: Կազմակերպել է Թիֆլիսի համերգային կյանքը: Ալիխանովի բարերարությամբ 1917-ին կառուցվել է Թիֆլիսի կոնսերվատորիայի համերգային դահլիճը: Նա հոգացել է երիտասարդ Շալյապինի նյութական կարիքները, նպաստել նրա սկզբնական մասնագիտական ձևավորմանը: Մահացել է 83 տարեկանում Թիֆլիսում:

1911: Մեծ Սալա գյուղում (այժմ՝ Դոնի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում) ծնվել է ԽՍՀՄ հետմահու հերոս, ավիացիայի մայոր Լազար Չափչախյանը (Չափչախով)՝ պատերազմում հերոսի կոչման արժանացած առաջին հայ մարտիկը: 1939-40 թթ. մասնակցել է խորհրդաֆիննական պատերազմին: Հայրենական մեծ պատերազմում եղել ավիագնդի հրամանատար: Կատարել է 368 մարտական թռիչք, մղել 59 օդային մարտ: Զոհվել է Լենինգրադի մարզի Կրեստցիի օդանավակայանում 1942-ին:

1919: Երևանում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, գեղանկարիչ Բաբկեն Քոլոզյանը: Մասնակցել է միութենական և արտասահմանյան ցուցահանդեսների: Աշխատանքները պահվում են ՀԱՊ-ում:

Քոլոզյանի անվանի ուսուցիչը՝ արվեստի վաստ. գործիչ Սեդրակ Առաքելյանը, վախճանվել է 1942 թ. այս օրը:

1920: Ծնվել է ռումինացի բանաստեղծ, գրականագետ, հայագետ, բանասիր. գիտ. դ-ր Յոն Պոպեսկուն: Ուսումնասիրել է ռումինահայ բանահյուսությունն ու արվեստը, անդրադարձել է Տրանսիլվանիայում հայերի բերած նպաստին, զբաղվել է հայկական ձեռագրագիտությամբ:

___

1905: Թիֆլիսում վախճանվեց հայ երաժշտության երախտավորներից երգահան, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանը: Թաղված է Խոջիվանքում:

2003: Մահացավ անվանի ֆիզիոլոգ, ԽՍՀՄ ԳԱ թղթ. անդամ, Վրաստանի գիտ. վաստ. գործիչ, Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանը:

___

1476: Ծնվել է իտալական Վերածննդի ականավոր գործիչ, քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ Միքելանջելո Բուոնարոտին: Նրանով քանդակագործության պատմության մեջ սկսվեց նոր թվագրություն՝ Միքելանջելոյից առաջ և Միքելանջելոյից հետո:

1937: Ծ նվել է աշխարհի առաջին կին տիեզերագնաց, տիեզերանավի առաջին կին հրամանատար Վալենտինա Տերեշկովան: Նա Ռուսաստանի առաջին կին գեներալն է, նաև առաջին կինը, որը «Վոստոկ-6» տիեզերանավով տիեզերք բարձրացավ մենակ: Բրիտանական «Տարվա կանայք» ասամբլեայի կողմից Տերեշկովան ճանաչվել է «հարյուրամյակի կին»:

___

1665: Լոնդոնում հրատարակվեց աշխարհում առաջին ամսագիրը՝ «Թագավորական հասարակության փիլիսոփայական աշխատություններ» խորագրով:

2003: Հայտարարվեց, թե Նովոսիբիրսկում ստեղծվել է հակաքաղցկեղային պատվաստուկ:

2006: Հաագայի միջազգային դատարանի բանտում մահացավ Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը: