1981 թ. մարտի 7-ին շարք մտավ Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Գործարկվեց մետրոյի «Բարեկամություն»−«Սասունցի Դավիթ» հատվածը:

___

1878: Զմյուռնիահայ վաճառական Գարեգին Փափազյանի աջակցությամբ Լոնդոնում կազմակերպվեց «Անգլո-հայկական միությունը», որը ղեկավարեցին անգլիական քաղաքական գործիչ Ջեյմս Բրայսը և լորդ Կարնարվոն: Մեկ այլ՝ «Գրովենոր տան» անգլո-հայկական միության հետ մեկտեղ այն զգալի աշխատանք էր տանում արևմտահայությանը նյութական օգնություն կազմակերպելու գործում, մամուլում լուսաբանում էր Օսմանյան կայսրությունում հայերի ծանր վիճակը, Հայկական հարցի լուծման հնարավոր ուղիները և այդ իմաստով ճնշում գործադրում բրիտանական կառավարության վրա՝ նրա այսպես կոչված «հայկական» քաղաքականությունը արդյունավետ դարձնելու համար:

1880: Հիմնադրվեց Թիֆլիսի «Հայուհյաց բարեգործական ընկերությունը», որը սերտ կապեր ուներ Կովկասում գործող բոլոր հայ բարեգործական ընկերությունների հետ: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծխական-եկեղեցական դպրոց և մեկ մանկապարտեզ: Նրա անդամները բարեգործներ էին Մոսկվայից ու Թավրիզից, Կարսից, Բաթումից, այլ վայրերից: «Հայուհյաց բարեգործական ընկերությունը» գործեց 40 տարի:

1925: Թիֆլիսում ծնվել է իրավագիտության դ-ր, միջազգային իրավունքի պրոֆ., դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Բարսեղովը (Բարսեղյան): Աշխատել է ՄԱԿ-ի քարտուղարությունում՝ որպես գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական հատուկ իրավաբանական հարցերի գծով: Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» երեքհատորյակը: Մահացել է Մոսկվայում 83 տարեկան հասակում:

1935: Երևանում ծնվել է Հայաստանի վաստ. նկարիչ Ալբերտ Պարսամյանը: Աշխատանքները 1968 և 1978 թթ. արժանացել են միութենական մրցանակի: Ալբերտ Պարսամյանը նաև կիթառ պատրաստող հմուտ վարպետ էր և այդ ասպարեզում մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում (1993) և Երևանում (1997, հետմահու): Գործերը պահվում են ՀԱՊ-ում, Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում:

1862: Լեհաստանի Բելսկո Բիալա քաղաքում է ծնվել ավստրիացի արվեստաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին: Երկու անգամ եղել է Հայաստանում: Առաջին ճանապարհորդությունից հետո գրել է «Էջմիածնի ավետարանը» աշխատությունը: Երկրորդ ուղևորության արդյունքը եղավ Թորամանյանի փաստագրական նյութերի օգտագործումով ստեղծված «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր կոթողային աշխատությունը, որտեղ Ստրժիգովսկին հայկակաՆ արվեստը հունականին ու գոթականին հավասար է դասել: Նա գրել է «Հայաստանում 4-6-րդ դարերում պետք է, որ այնպիսի հանճարեղ արվեստագետ-ճարտարապետներ ապրած լինեին, ինչպիսիք մեզ ծանոթ են մեծ Վերածննդի, բարոկկոյի ժամանակներից»:

1897: Թիֆլիսում ծնվել է Հայաստանի ժող. նկարիչ, քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը: Գործերից են Հակոբ Մեղապարտի, Պեպոյի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները:

1902: Ախուրյանի շրջանի Ճլոխան (այժմ՝ Բենիամին) գյուղում ծնվել է գեներալ-մայոր Բենիամին Գալստյանը: Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի, Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, Լենինգրադի շրջափակման օրերին եղել է հատուկ հարվածային գնդի և «Նևսկի» օպերատիվ խմբավորման կոմիսար, բանակի ռազմական խորհրդի անդամ, զոհվել է նույն թվականի դեկտեմբերին Պուլկովոյի բարձունքում: Թաղված է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկի մայրավանքի գերեզմանատանը:

1903: Թիֆլիսում ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Սերում է ցարական բանակի հայտնի զորավար, Կովկասում Շամիլին գերեվարած գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևի տոհմից: Հայրենական մեծ պատերազմում Անդրբայկալյան ռազմաճակատում եղել է բրիգադի շտաբի պետ, հրաձգային բրիգադի, ապա՝ հրաձգային դիվիզիայի հրամանատար: Մահացել է 1979-ին Նովգորոդում:

1927: Թիֆլիսում ծնվել է Հայաստանի ժող. արտիստ, Հայաստանի պետ. մրցանակի դափնեկիր, դերասան Էդգար Էլբակյանը: Անձնավորել է դրամատիկական ու կատակերգական կերպարներ, նկարահանվել է կինոյում: Մահացել է 1988-ին:

1937: Մանես գյուղում (այժմ՝ Ալավերդի) ծնվել է ֆիզմաթ գիտ. դ-ր Ռուդոլֆ Էյրամջյանը: Միջուկային ֆիզիկայում նրա առաջ քաշած վարկածը 1976-ին որպես հայտնագործություն գրանցվել է ԽՍՀՄ հայտնագործությունների պետական մատյանում:

___

1990: Էջմիածնում մահկանացուն կնքեց եկեղեցական ու գրական գործիչ, Թուրքիայի հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը: Թաղված է Պոլսի Շիշլիի գերեզմանատանը: Նրա հովանավորությամբ ու գործուն աջակցությամբ Պոլսում նորոգվել են հայկական եկեղեցիներ և դպրոցներ, կառուցվել է պատրիարքարանի նոր դիվանատունը; Գրել ու թարգմանել է կրոնաբարոյական, աստվածաբանական աշխատություններ: