Տոնից՝ տոն. ԳԻՆԵՁՈՆ. «անԿԵՂԾ»
Դպրոցը տոնեց իր շնորհալի սանի առաջին գրքույկի լույսընծայումը
Նոր էին մարել տասներկուերորդցիների վերջին դասի զանգի ելևէջները, իսկ դպրոցի նիստերի լայնարձակ դահլիճում արդեն հավաքված էին բազմաթիվ ուսուցիչներ և տասնմեկերորդցիներ, որոնք եկել էին տոնելու համադասարանցի Ավագյան Մանեի առաջին գրքույկի լույս աշխարհ գալը: Հրավիրված էին նաև պատանի բանաստեղծի մայրն ու ավագ քույրը՝ Ավետիսյան դպրոցի շրջանավարտ Նելլին:
Իսկ պատմությունն այս սկսվել էր շատ վաղուց և շատ հեռվից…
… Ապրում էր Հայաստան աշխարհում մի անհոգ ու երազկոտ աղջնակ՝ Մանե անունով: Վայելում էր երաժիշտ մոր, զինվորական հոր, ավագ քրոջ սերն ու քնքշանքը: Հոր ծառայության բերումով ապրում և դպրոց էր հաճախում մերթ Վանաձորում, մերթ Վարդենիսում, մերթ Բերդում, մերթ Գորիսում, մերթ Երևանում, մերթ Մոսկվայում, մերթ էլ Ստեփանակերտում: Եվ ամեն նոր վայրում նրա հոգուն ավելանում էր մի թել, մի գույն, մի երանգ, մի հնչյուն: Այսպես ծնվում և հյուսվում էին նրա հանգերը, դառնում բանաստեղծություն, այնուհետև՝ երգ, որոնք նա կատարում էր իր կիթառի նվագակցությամբ, մրցույթներում իր արդյունքներով ուրախություն պարգևում համերաշխ ընտանիքին: Արձակուրդներին, երբ ստացվում էր, հաճախում էր Ավետիսյան դպրոցի ամառային ճամբար:
Մանեի «անԿԵՂԾ» գրքի շնորհանդեսն սկսվեց, ընթացավ և ավարտվեց գինեձոնի՝ չգրված բոլոր կանոններով. սրտի խոսքեր ուսուցիչներից և տնօրեն Մելանյա Գեղամյանից, նոր երգի ներկայացում, գրքույկի բանաստեղծություններից արտասանություն (հեղինակի և նրա դասղեկի), վարդերի փունջ, նրբաճաշակ հյուրասիրություն…
… Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Ավագյաններն ապրում էին Ստեփանակերտում: Հարազատների խորհրդով աղջնակին անմիջապես տեղափոխեցին Երևան, որտեղ նրան արդեն ճանաչում և սիրով ընդունեցին Ավետիսյան դպրոցում:
Իր սանի բանաստեղծական ձիրքը առաջինը նկատեց հայերենի ուսուցչուհին: Այնուհետև նրա տետրակը հասավ դպրոցի «Գրական վերնատուն», կերպարվեստի, հայոց լեզվի և գրականության մյուս ուսուցիչներին: Մանկավարժների եզրակացությունը միասնական էր՝ այդ գեղեցիկ, ինքնատիպ խոհերն ու զգացմունքները անտիպ չպետք է մնան: Առանց երկմտելու գործն իր հովանու տակ վերցրեց դպրոցի տնօրենը: Գտնվեցին և խմբագիր ու հրատարակիչ…
Եվ այսօր Մանեն, շրջապատված իր դասընկերներով, ուսուցիչներով ու հարազատներով, մակագրում է իր առաջին գրքույկը:
Խնդություն՝ լի արցունքով. Մանեն մի պահ նայում է վերև. ո՛վ գիտե, այնտեղ՝ Վերևում, հայրը նույնպես հրճվում է իր շնորհալի զավակով…
Մանեն իր «անԿԵՂԾ»-ը նվիրել է հոր անմար հիշատակին:
ՀՀ ԶՈւ գնդապետ, Արցախի հերոս Հովհաննես Ավագյանը հերոսաբար զոհվեց 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի համար մղվող մարտում:
Մանե Ավագյանի «Վերևում» բանաստեղծությունը թող մի պահ ձեզ էլ տանի Եռաբլուր, ինչպես տարավ մեզ բոլորիս…
Վերևում
Սառը քամին թափանցում է,
Սառեցնում է մկաններդ,
Բայց բլրի վրա,
Նրանց հետ,
Նրա կողքին,
Հոգիդ միշտ տաք է։
Բլրի վրա թեթևացած ես,
Ջերմացած, հոգսերից կտրված։
Ամեն բան բլրի վրա այլ է։
Ուրիշ օդ է այնտեղ,
Ուրիշ կերպ ես շնչում և արտաշնչում։
Ամեն բան կանգնած է այնտեղ։
Այնտեղ հայրենիքի սեր կա ,
Խորհրդավոր լռություն և հանգստություն։
Ասելիքը այնտեղ շատ է,
Շարված է կոկորդումդ ու ուզում է դուրս պրծնել,
Արդարանալու շատ բան կա։
Արցունքներդ ուզում են հոսել գետի պես,
Բայց հասկանում ես, որ նրանք դրան չեն սպասում։
Սառը լռություն է վերևում,
Քարացած կանգնած ես դու։
Սառն է ամեն ինչ վերևում
Ծաղիկները, քարերը և անգամ մահկանացուդ։
Սառը, բայց ամենաջերմ վերևում…