Հունվարյան խճանկար

Հունվարյան խճանկար

Աննկատ անցավ 2022-ի հունվարը, սակայն դա ամենևին էլ չխանգարեց, որ ձմեռային արձակուրդից հետո ավետիսյանցիները արագորեն մտնեն ուսումնական հունի մեջ, նաև վերագտնեն արտադպրոցական կյանքի ռիթմը: (ավելին …)

Մեր հրաձիգները՝ առաջին տեղում

Մեր հրաձիգները՝ առաջին տեղում

ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի բաց առաջնությունից Ավետիսյան կրթահամալիրի հրաձիգների թիմը վերադարձավ հաղթանակով: Հավաքելով 63 միավոր՝ ավետիսյանցիները գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը եւ նվաճեցին հաղթողի գավաթը: Թիմը պարգեւատրվեց փոքր տրամաչափի հրացանով: (ավելին …)

Նախատոնական խճանկար

Նախատոնական խճանկար

Ավետիսյան դպրոցը Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորում է բոլորին, բոլորին, բոլորին և մաղթում՝

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր… (Մետաքսե)

2021 թվական, դեկտեմբեր. ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամենահագեցած ամիսը, որի ընթացքում, սակայն, Ավետիսյան դպրոցի մանկավարժներն արեցին ամեն ինչ, որպեսզի դասերը, թեմատիկ և կիսամյակային աշխատանքները և նույնիսկ ցուրտ եղանակը խոչընդոտ չդառնան իրենց սաների հանգստին, բարեգործությանը, տոնական տրամադրությանը և ուրախ ժամանցին, չէ՞ որ Ամանորի պայծառ տոնին երեխաները սպասել էին մի ամբողջ տարի:

Այդ մասին է մեր դեկտեմբերյան լուսանկարային խճանկարը: Վայելե՛ք:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Աստված մեզ բոլորիս պահապան:

Հաջողության բանալին

Հաջողության բանալին

Այստեղ ամուր է արժանավոր հյուրերի ավանդույթը

— Սիրելինե՛րս,  գաղտնիք չկա. պարզապես մի՛ ընկրկեք դժվարությունների առջև, մի՛ ընկճվեք խոչընդոտներից և մի՛ հուսալքվեք ծառացող դժվարություններից, այլ հաստատակամորեն շարունակեք ձեր ընթացքը դեպի երազանք, երբեք թևաթափ չլինեք և մի՛ ծուլացեք, — այս խորհրդով ավարտեց իր խոսքը «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան» ընկերության մարդկային ռեսուրսների վարչության պետ Լարա Չոլաքյանը:

Իսկ պատգամն այդ ուղղված էր Ավետիսյան դպրոցի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք համակ ուշադրություն դարձած և անհագ հետաքրքրությամբ լսեցին կանադական Տորոնտոյում ծնված, օտար միջավայրում մեծանալու բոլոր դժվարություններն ապրած հայուհու գեղեցիկ և բովանդակալից կյանքի պատմությունը, որն այնքան էր ուսանելի, որ մեծ կյանքի շեմին կանգնած ավետիսյանցիներն ուզում էին հենց Լարայից իմանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Սորբոնի համալսարանից մինչև Հարավային Ամերիկա՝ Պերու, ապա Հնդկական օվկիանոս՝ Շրի Լանկա, և այլուր: Ի վերջո մշտապես և ընտանիքով՝ մայր Հայաստան, որտեղ նոր միայն իրեն զգաց հողին ամուր կանգնած, և այստեղ էլ անցած ուղին, եռանդուն աշխատանքով կուտակած փորձն ու գիտելիքներն ի սպաս դրվեցին նրա երազանքի իրականացմանը: Այդ ճանապարհն էր, որ անկեղծորեն, առանց դույզն-ինչ վարագուրելու ներկայացրեց Լարա Չոլաքյանը՝ իր պատումի մեջ շեշտադրելով երազանքին հասնելու մարդկային անհողդողդության իրական և հրաշալի արդյունքը:

Մեր պատանիները դահլիճից դուրս էին գալիս աչքերի նոր փայլով, լավատեսությամբ ու վճռականությամբ լիցքավորված: Տղաներից ոչ պակաս, նույնիսկ ավելի ոգեշնչված էին աղջիկները. չէ՞ որ իրենց առջև կանգնած էր կանանց վերաբերյալ բոլոր կարծրատիպերը հաղթահարած, հաջողակ և երջանիկ կինը, մայրը, ղեկավարը:

Թանկագին հյուրի հետ լուսանկարվելիս պատանի ավետիսյանցիների աչքերում փայլում էր այն դրական լիցքը, որը նրանց փոխանցեց Լարա Չոլաքյանը:

Տարվա ամենահաճելի հոգսը

Տարվա ամենահաճելի հոգսը

Ավետիսյանցիները փաթեթավորում են սուրբծննդյան նվերները

Մոտեցող տոներն Ավետիսյան դպրոցի բազմահոգ առօրյային ավելացնում են տարվա թերևս ամենահաճելի հոգսը՝ սուրբծննդյան նվերների փաթեթավորումը, որին այստեղ սպասում են դեկտեմբերից դեկտեմբեր: Երեք օր շարունակ ավագ դպրոցի աշակերտները խոսք ու ծիծաղով, անցած տարվանից հիշվող կատակներով պատրաստում են նվերների «պարկերն» ու տուփերը՝ խաղալիքների և պիտույքների հետ յուրաքանչյուրի մեջ ավելացնելով իրենց մաղթանքի երկտողն ու հոգու ջերմությունը:

Պատանիներն աշխատում են ուրախությամբ, հստակ և կազմակերպված, փաթեթավորման հարահոսը կանգ չի առնում ամբողջ օրվա ընթացքում, բարձրդասարանցիներին օգնության է հասնում յուրաքանչյուրը, ով այդ պահին ազատ է թեկուզ մի քանի րոպեով. չէ՞ որ երեք օրում պետք է հասցնեն պատրաստել նվերների 12.000 տուփ՝ առանձնացված տղաների և աղջիկների համար: Եվ Նոր տարվա գիշերը այս նվերները նույնքան մանուկների կպատճառեն այն անսահման խինդն ու բերկրանքը, որ իր հետ ամեն անգամ բերում է զարմանահրաշ Ամանորը:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) և Հայ Ավետարանական եկեղեցու այս ավանդական նախաձեռնությունը միտված է Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքների հոգսը թեթևացնելուն: Եվ այդ շնորհընկալ ձեռնարկին գործով օգնելը նրա մեջ ընդգրկված մյուս բոլոր կամավորների նման չգրված օրենք է դարձել ավետիսյանցիների համար:

… Որպեսզի Ամանորին հայ մանուկն անժպիտ չմնա:

Եվ Երկիր մոլորակը ազատ կշնչի…

Եվ Երկիր մոլորակը ազատ կշնչի…

Էկոդաստիարակություն. իրազեկումը շարունակվում է

Եվ ոչ միայն շարունակվում է, այլև աստիճանաբար խորանում: ISSD հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում Ավետիսյան դպրոցի ավագ դասարանների աշակերտներն այս անգամ հիմնավոր տեղեկություն ստացան անօրգանական թափոնների, դրանց ճիշտ ընտրության, վերամշակման և կիրառության մասին: ՀԿ տնօրեն Մխիթար Ավետիսյանը և ծրագրի օգնական Օֆելյա Հարությունյանը նրանց հանգամանորեն բացատրեցին անօրգանական թափոնների, հատկապես թղթի, պլաստիկի և ապակու տարբերակման սկզբունքները, կոմպոստի պատրաստման նրբությունները:

Այդ տեղեկությունների շնորհիվ արդեն գարնանից հատուկ կոմպոստացման արկղերում ավետիսյանցիները կսկսեն պատրաստել էկոլոգիապես մաքուր, բնական պարարտանյութ, որով սնուցելու են դպրոցի բակի ծառերը: Իսկ այս պահին նրանք դեռ սովորում են սովորական աղբից տարբերել վերաօգտագործելի թափոնը, ճիշտ տեսակավորել արդեն կուտակվածը, նաև՝ թե ի՛նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը թափոնների կառավարման գործում մեր երկրին ու կառավարությանը օգնելու համար: Մանավանդ որ Ավետիսյան դպրոցի նոր շենքում ի սկզբանե ուշադրության կենտրոնում է թափոնի տեսակավորման խնդիրը, և դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այս հանդիպումը ISSD հկ-ի հետ միջոցառումների շարքի երկրորդ փուլն էր: Առաջին փուլը նվիրված էր օրգանական պարարտանյութերի կիրառությանը:

Մանկավարժ Քրիստինե Գևորգյանի մտահղացմամբ թափոնի վերաբերյալ այսօր ձեռք բերած գիտելիքները պատանի բնապահպանները շուտով կփոխանցեն միջին դպրոցի իրենց դասընկերներին՝ սովորողից դառնալով սովորեցնող և այդպիսով տարածելով աշխարհում աստիճանաբար ընդարձակվող՝ թափոնի վերաօգտագործման մշակույթը:

Ու նաև նրանց շնորհիվ կմոտենա այն օրը, երբ Երկիր մոլորակը ազատ կշնչի, իսկ Ավետիսյան դպրոցի ծառերի պուրակը կդառնա ստվարախիտ անտառ: