…և հարցեր Առաջին ուսուցչին

…և հարցեր Առաջին ուսուցչին

Փոքրիկները բացահայտում են Մատենադարանը

Ընկեր Անիի պայմանը հետևյալն էր. Մատենադարան կայցելեն միայն նրանք, ովքեր «ջրի պես» սովորել են դասագրքի «Մատենադարան» դասը և լրացուցիչ տեղեկություններ են հավաքել մեր ամենամեծ գրապահոցի մասին: Իսկ այցի բաղձալի օրը ընկեր ՕՀԱՆՅԱՆԸ հաճույքով պարզեց, որ թե՛ դասը գերազանց սովորել, թե՛ լրացուցիչ նյութեր էին հավաքել գրեթե ամբողջ դասարանով:

Վերջապես 4-րդ «գ»-ն բարձրացավ Մատենադարանի աստիճանների «գրանիտե ջրվեժով», և սկսվեց մի զարմանահրաշ էքսկուրսիա հայերեն ամենամեծ ձեռագրից դեպի ամենափոքրը, միջնադարյան որդան կարմիրից մինչև աստղային քարտեզը, ոսկետառ Աստվածաշնչից մինչև Կիլիկիա, մաշտոցյան առաջին դպրոցներից մինչև մեր օրերը…

Էքսկուրսիայի ավարտից հետո էլ չորրորդցիները չհեռացան փառահեղ շենքից, այլ բաժանվեցին խմբերի. մի մասը ուսումնասիրում էր միջնադարյան մեր հանճարեղ այրերի արձանները՝ բարձրաձայն հեգելով նրանց անունները՝ Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի, Գոշ, Թորոս Ռոսլին, Ֆրիկ: Մի քանիսն էլ երկար մնացին Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախմբի առջև՝ փորձելով կռահել, թե այդ պահին ի՛նչ հարց է տալիս իր Մեծ ուսուցչին նրա ծնկաչոք կրտսեր աշակերտը՝ Կորյունը:

 

«Եղիշե Չարենց» թեման յուրացվեց գերազանց

«Եղիշե Չարենց» թեման յուրացվեց գերազանց

Բանաստեղծի հուշատնից

Աշխատասենյակը՝ զարդարված Աբգար աղայից ժառանգած գորգերով, գրասեղանը՝ վրան շքեղակազմ Աստվածաշունչ, գաղտնապահարանը, թախտը, որի վրա հանգստանում էր՝ մտովի շարունակելով երկնել նոր տողեր, Բուդդայի հսկայական բրոնզյա գլուխը, կարմիր թավշյա լուսամփոփը, անձնական գրադարանը, որի 6000 գրքից փրկվել և մեզ են հասել ընդամենը 1422-ը…

1975-ին Երևանում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացումից ի վեր քանի՜-քանի հազար աչքեր են տեսել չարենցյան այս անկյունն ու այս նվիրական իրերը, որոնք իրենց խորքում պահում են բանաստեղծի խռովուն հոգու կայծն ու կրակը:

Իսկ այսօր հերթը Ավետիսյան դպրոցի 7-րդ «ա» դասարանինն էր. յոթերորդցիները բառի բուն իմաստով ըմբոշխնեցին չարենցյան մթնոլորտը:

Գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանը հիմա ավելի քան վստահ է՝ թեման յուրացվեց գերազանց:

Էկոդաստիարակությունն սկսվում է իրազեկումից

Էկոդաստիարակությունն սկսվում է իրազեկումից

Բնապահպանություն. թափոններ, իրազեկում

Բնապահպանական կրթության գլխավոր խնդիրը շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: Այդպիսի հարցերից մեկն էլ թափոնների հիմնախնդիրն է, որի գոյությունը Հայաստանում անհնար է չնկատել: Թափոնների հարցում մեր երկիրը լուրջ խնդիրների առջև է կանգնած բոլոր առումներով՝ սկսած ընտանիքներում դրանց անբավարար գիտակցումից: Ահա թե ինչու թափոնների հարցը հիանալի հարթակ է մի կողմից՝ բնական պաշարներին, բնության աղտոտմանը և էկոլոգիային առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների տարածման, մյուս կողմից՝ դպրոցում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

Ցավոք, մեր հասարակության շրջանում թափոններն առանձնացնելու և պատրաստակամությունը և գիտակցությունը դեռևս քիչ չափով են առկա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց հավաքման և վերամշակման ենթակառուցվածքները մեր երկրում դեռևս լայն տարածում չունեն: Ուստի թափոնների կառավարման գործընթացը պետք է սկսվի մտածելակերպի համազգային փոփոխությունից՝ սկսած դպրոցից: Այդ նպատակով մանկավարժ Քրիստինե Գևորգյանի նախաձեռնությամբ Ավետիսյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները «Բնօգտագործում» առարկայի հերթական դասն անցկացրին ISSD հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ծրագրի օգնական (project assistant) Օֆելյա Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր օրգանական թափոնների վերամշակման անհրաժեշտության և կիրառվող ուղիների մասին: Նման գործունեությունը դպրոցում աշխարհագրության տեսակետից կարևոր է այնքանով, որ նպաստելով էկոդաստիարակությանը՝ փոխում ենք աշակերտների վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ: Իսկ դա ևս մեկ առաջաքայլ է այս լուրջ մարտահրավերը հաղթահարելու տեսանկյունից:

Դպրոցական օլիմպիադա. հարցազրույց Մոնիկայի և Արամի հետ

Դպրոցական օլիմպիադա. հարցազրույց Մոնիկայի և Արամի հետ

Աշխատասիրություն, հստակ նպատակ, կամքի ուժ

Օլիմպիադային եռուն շրջան է ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Ավետիսյան դպրոցում: Արդեն ետևում է մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի և հայոց լեզվի օլիմպիադաների առաջին փուլը, որին մասնակցեցին ուժեղագույնները: Շուտով կկայանան քիմիայի, աստղագիտության, ինֆորմատիկայի օլիմպիադաները: Թե ավետիսյանցիներն ինչպե՞ս կդրսևորեն ուսումնառության տարիներին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու կամքի ուժը, ցույց կտան առաջիկա համայնքային, իսկ հետո նաև հանրապետական փուլերը:

Մի փոքրիկ հարցազրույց՝ 2020-2021 ուստարվա օլիմպիադաներում փայլուն հանդես եկած երկու ավետիսյանցիների հետ: Մոնիկա ՍԱՀԱԿՅԱՆ՝ ֆրանսերենի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթող և արդեն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող: Արամ ԱԲՈՎՅԱՆ՝ նույն ուստարում մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներով լավագույն յոթնյակի մեջ հայտնված, ներկայումս 6-րդ «բ» դասարանի աշակերտ:

Հուսով ենք՝ ուսման, կյանքի և հաղթելու վերաբերյալ հարցերին նրանց պատասխանները խթան և քաջալերանք կդառնան այս օրերին գիտելիքների «մրցավեճի» դուրս եկած մեր մյուս գիտակների համար:

Հարց Ի՞նչ է պետք օլիմպիադայում և, ընդհանրապես, հաղթանակի և հաջողության համար:

Մոնիկա — Կարծում եմ՝ բավական են աշխատասիրությունը, հստակ ուրվագծված նպատակն ու անկոտրում կամքը: Եթե դրանք կան, ուրեմն դեպի հաջողություն տանող ճանապարհի կեսն արդեն իսկ հաղթահարված է:

Արամ — Դժվարը առաջին փուլն է՝ դպրոցականը, երբ չգիտես, թե ինչ բարդության առաջադրանքներ ես լուծելու: Այդ փուլում հաղթելուց հետո արդեն ավելի ուժեղ ես դառնում և ավելի վստահ: Ամեն աշակերտ էլ կարող է մասնակցել իր սիրած առարկայի օլիմպիադային, եթե աշխատասեր է և ունի ցանկություն:

Հարց Դա՞ս, թե՞ նախասիրություն:

Մոնիկա – Ճիշտ չէ, թե լավ սովորելը կամ շատ պարապելը խանգարում է լիարժեք կյանքով ապրելուն, և պետք չէ ամբողջ օրը գրքերից կառչած մնալ: Կարևոր է, որ ժամանակ գտնես քո նախասիրությունների համար ևս: Ես, օրինակ, միշտ էլ ժամանակ եմ գտել երգի, գեղարվեստական ընթերցանության և պարի համար:

Արամ – Ամենից շատ ֆիզկուլտուրան եմ սիրում, երբ կարողանում ես հանգստանալ հոգնեցուցիչ երկար դասերից: Իսկ պլանշետով խաղալիս մոռանում եմ բոլոր տհաճ ու տխուր բաները, վայելում եմ իմ աշխարհը:

ՀարցԻ՞նչ կպատմեք ձեր երազանքների մասին:

Մոնիկա – Իմ նպատակների մի մասը իրականացել է, մյուսները «ճանապարհին» են։ Առաջնային էր բարձր միավորներով իրավաբանական ֆակուլտետ ընդունվելս, ինչը ստացվեց։ Մնացածն էլ կլինի ժամանակի ընթացքում։

Արամ – Երազում եմ դառնալ հայտնի ծրագրավորող, ստեղծել մի այնպիսի համակարգչային խաղ, որն ուրախություն կպատճառի բոլոր երեխաներին: Եվ մեծ գումարներ աշխատել այդ խաղի շնորհիվ:

ՀարցԻ՞նչ կմաղթեք ավետիսյանցիներին:

Արամ – Որ չվախենան պարտությունից, որ պարտությունը պատճառ դառնա կենտրոնանալու, ուժերը հավաքելու և պայքարը շարունակելու: Իսկ ընդհանրապես կուզենայի, որ բոլոր նրանք, ովքեր երազում են, գոնե մի մրցույթից որևէ մրցանակ ստանան:

Մոնիկա – Եթե հետ դառնային դպրոցական տարիներս՝ թե՛ ուրախ և թե՛ դժվար պահերով, ես ոչինչ չէի փոխի: Հակառակ դեպքում ես չէի լինի այն, ինչ հիմա եմ:

Իսկ իմ սիրելի ավետիսյանցիներին մաղթում եմ ունենալ հիշարժան ուսումնական տարիներ և ինքնաճանաչման ճանապարհին գտնել իրենց սիրելի առարկան, զբաղմունքը, ապագա մասնագիտությունը։

Զրուցեց Զ. Սարգսյանը

 

 

Բանավեճի ակումբ. մեր թիմը հասավ հանրապետական փուլ

Բանավեճի ակումբ. մեր թիմը հասավ հանրապետական փուլ

«ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում, բոլոր փուլերում շրջանցելով մրցակիցներին, Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբի թիմը դուրս եկավ հանրապետական փուլ: Համայնքային՝ վճռական փուլում բանավեճի թեման էր «Պետության համար տնտեսությունը պետք է գերակա լինի բնապահպանությունից»: Մերոնք հանդես եկան «կողմ» դիրքորոշմամբ և այն պաշտպանեցին մինչև վերջ՝ հիմնվելով փաստերի վրա:

Շնորհավորում ենք թիմի ղեկավար Անի Օհանյանին, թիմի անդամներ Գրիգոր Բարությանին, Նարե Ստեփանյանին, Դավիթ Վարձելյանին, քույրիկներ Անուշ և Գայանե Մանուկյաններին և անհամբեր սպասում նրանց ելույթին 2022-ի փետրվարին կայանալիք եզրափակիչ փուլում, որտեղ արդեն ներկայացված կլինեն բանավեճի հինգ թեմա:

Շարունակե՛ք աշխատել, սովորել ու զարգանալ, սիրելի՛ ակումբականներ: Մենք վստահում ենք ձեր ուժերին և հավատում, որ, ինչպես միշտ, բարձր կպահեք Ավետիսյան դպրոցի անունը:

Մի ամբողջ դաս՝ «վերջին ուսուցչի» հետ

Մի ամբողջ դաս՝ «վերջին ուսուցչի» հետ

Այո՛, «գիրք կարդալը ծով մտնելու նման է» և «անկեղծությունը պարտավորությամբ չի լինում»…

Արդեն պատանի մեր «Գրական վերնատունը» (ղեկավար՝ Լ. Բախշյան) ընդունեց իր չորրորդ հյուրին՝ Հայաստանի վաստակավոր դերասան, սիրված արտիստ և հաղորդավար Խորեն Լևոնյանին: Երիտասարդության (և ոչ միայն) սիրելի դերասանին հրավիրելու խնդրանքով մեր գրասերները դպրոցի ղեկավարությանն էին դիմել դեռ խմբակի նորաստեղծ ժամանակ՝ անցած ուստարում, սակայն իրավիճակը հնարավորություն չտվեց իրագործելու նրանց ցանկությունը: Մինչդեռ առիթը կար. դա տաղանդավոր արձակագիր Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի քննարկումն էր, որը համընկավ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում այդ գործի հիման վրա նկարահանված (ռեժ.՝ Հ. Կբեյան) 16-մասանոց հեռուստասերիալի ցուցադրմանը, սերիալ, որտեղ ավարտական դասարանի վերջին ուսուցիչ Վահան Մամյանի կերպարը մարմնավորում էր Խորեն Լևոնյանը:

Եվ ահա «վերջին ուսուցիչը» Ավետիսյանի դահլիճում է: Անսալով սիրված դերասանին տեսնելու, լսելու, հարցեր տալու բազմաթիվ ցանկություններին՝ «Գրական վերնատունն» իր այս հավաքը վերածեց «ընդլայնված դասի»… ամբողջ ավագ դպրոցի համար:

Հանդիպման առաջին իսկ րոպեներից մթնոլորտը ջերմացրին վիպակից արված մեջբերումներն ու նրա քննարկումը: Այո՛, «գիրք կարդալը ծով մտնելու նման է» և «անկեղծությունը պարտավորությամբ չի լինում», այո՛, «ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես», այո՛, «ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում…»:

Եվ սկսվեց անկեղծ ու անմիջական զրույցը դերասանի և ավետիսյանցի պատանիների միջև: Մի երկա՜ր դաս էր դա մեծերի ու փոքրերի, ուսուցչի և աշակերտի, սիրո և հավատարմության, մարդկային լավագույն հատկանիշների, սխալվելու և ներելու մասին: Հյուրը անկեղծորեն պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին, խոսեց իր ուղու, քաղաքացիական կեցվածքի, ստեղծագործական ծրագրերի մասին:

— Մենք պետք է ուժեղ լինենք ազգովին, մենք պետք է մեր արժանապատիվ կեցվածը պահպանենք ամենուր և ամեն ինչում: Սա՛ է մեր ազգային ամենամեծ արժեքը, որը ստեղծել, աշխարհում հաստատել և կյանքի գնով պահել ենք դարերում: Ուժե՛ղ եղեք,- հրաժեշտի պահին ասաց սիրված դերասանը:

Դահլիճի ջերմ ծափերի ներքո դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը թանկագին հյուրին հանձնեց հուշանվերներ և 11-րդցիների պատրաստած անակնկալը՝ Խորեն Լևոնյան արվեստագետի «գեղարվեստական անձնագիրը»՝ փակ տուփի մեջ: Իսկ թե ինչ հատկանիշներով պիտի ճանաչեն այդ անձնագրի տիրոջն ամենուր, գաղտնիքը կիմանա ինքը… տուփը բացելուց հետո: