105 Royal Մեգանախագծի մշակութային ծրագրին անմասն չմնաց նաև բազմազան ծրագրերով հարուստ Ավետիսյան դպրոցը:
Ապրիլի 14-ի առավոտից 105 Royal-ի՝ մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բացված տաղավարը տրամադրվել էր շնորհալի ավետիսյանցիների:
Կրթահամալիրի աշխատակից Հասմիկ Արշակյանի դաշնամուրի նվագակցությամբ Ավետիսյան կրթահամալիրի սաներ Մարիա Պետրոսյանը, Էլինա Ծատինյանը, Կատրին Դրամփյանը և Էլիզա Թումանյանը կատարեցին դասական կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Նրանց դաշնամուրային նվագը, թավջութակը և ֆլեյտան գեղեցիկ պահեր պարգևեցին տաղավարի այցելուներին:
Ինչպես հայտնի է, 105 Royal Մեգանախագիծը շարունակական է, և հաջորդ անգամ այստեղ ելույթ կունենա ավետիսյանցի շնորհալիների մեկ այլ խումբ:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, համագործակցաբար Վորլդ Վիժն Հայաստանի հետ, իրականացնում է կրթական ծրագիր («Բանիմաց եւ ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» 2021-2023), որի շրջանակում դպրոցներում նախատեսվում է հիմնել բանավեճի ակումբներ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
Ծրագրում ընդգրկված է նաև Ավետիսյան դպրոցը։
Դպրոցի ակումբի աշխատանքները համակարգելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ այն մանկավարժները, ովքեր ունեն՝
համակարգչային ծրագրերից օգտվելու կարողություններ,
հաղորդակցման և կոմունիկացիոն հմտություններ աշակերտների հետ հարաբերություններում,
ներառական և մասնակցային կրթության ոլորտում փորձառություն,
առաջնորդության ունակություններ։
Ծրագրում ընդգրկվելու համար մանկավարժները պետք է հետաքրքրված լինեն ՀՀ-ում քաղաքացիական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև կարևորեն ոչ ֆորմալ կրթության դերը աշակերտների ընդհանուր զարգացման մեջ։
Հետաքրքրված անձիք կարող են մասնակցել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից «Zoom» հարթակի միջոցով նախատեսվող հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվի Ծրագիրը։
Այլ մանրամասների համար դիմել դպրոցի տնօրինությանը։
Մեր իրականության մեջ այսօր առավել, քան երբևէ, ծառացած է այս հարցադրումը. չէ՞ որ նրանից, թե ովքեր են թիավարելու դեռևս անորոշության մեջ խարխափող մեր նավը, կախված է ամբողջ ազգի, ամբողջ երկրի ապագան:
Այս ոգով և տրամադրությամբ անցավ Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիների և ուսուցչակազմի հանդիպումը CivilNet.am կայքի քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ: Ներկայացնելով հյուրին՝ ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը տեղին համարեց նշել, որ պարոն Հակոբյանը դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ից մշտական բնակության է տեղափոխվել Երևան՝ գիտակցելով, որ այստեղ է իր տեղը, և հայրենիքն է իր զավակների ապահով մանկության վայրը:
Ինչպիսի՞ն պետք է լինի լավ առաջնորդը: Հանգամանորեն խոսելով լավ առաջնորդի անձնային որակներին առաջադրվող պահանջների մասին՝ բանախոսը առանձնացրեց մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնք են՝ իրավիճակի սթափ գիտակցում, պատասխանատվության ստանձնում թե՛ հաջողության և թե՛ անհաջողության համար, անաչառություն, սեփական սխալն ընդունելու, հակադիր տեսակետը լսելու և քննարկելու կարողություն։ Թե՛ բանախոսը և թե՛ դահլիճը միասնական կարծիքի էին՝ լավ առաջնորդի մեծագույն թշնամիներ համարելով անսկզբունքայնությունը, հանդուրժողականությունն ու հարմարվողականությունը:
Ոչ միայն «ի՞նչ», այլև «ինչո՞ւ» և «ինչպե՞ս». հարցեր, որոնք հուզում են բոլորիս, անշուշտ, նաև ավետիսյանցիներին: Հարցեր, որոնցից երբևէ չի խուսափել CivilNet.am կայքը և 2011 թվականից ի վեր տասնյակ շոշափելի արդյունքներով ապացուցել է, որ միայն հստակ հարցադրմամբ է հնարավոր գտնել ճիշտ պատասխանը, ինչի շնորհիվ նվաճել է իր լսարանի անգնահատելի վստահությունը:
Ուրախությամբ պետք է փաստել, որ պարոն Է. Հակոբյանի վերլուծությունը չվերածվեց միակողմանի դասախոսության. հատկապես ավագ դպրոցականներին հուզող հարցերը և հնչեցրած առողջ դատողությունները, խորիմաստ մտքերը մեկ անգամ ևս վկայեցին, որ դահլիճում անտարբեր մարդ չկար, ինչը հանդիպման վերջում հիացմունքով փաստեց բարձրարժեք հյուրը:
Հավատում ենք, որ Ավետիսյան դպրոցի դահլիճում այդ ժամին հավաքված պատանիների մեջ էին մեր ապագայի լավագույն առաջնորդները:
Ապրիլի 1-ին Ավետիսյան դպրոցի 10բ դասարանի աշակերտները բնօգտագործման հերթական դասի ընթացքում տնկիներ դրեցին դպրոցի բակի փոքր ջերմոցում՝ էկոլոգիապես մաքուր լոլիկ ստանալու համար։
Հողը պարարտացնելու համար աշակերտներն օգտագործեցին իրենց իսկ պատրաստած կոմպոստը։
Մարտի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Համահայկական ընթերցանության ստեղծագործական մրցույթի երկար սպասված մրցանակաբաշխությունը։
Մրցույթին մասնակցում էր շուրջ 700 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից։
Երեք փուլ շարունակ մասնակիցները պայքարում էին, կարդում, ստեղծագործում։
Երեք փուլերի ընթացքում մրցույթի մասնակիցներն աչքի ընկան խոհեմությամբ, ստեղծագործական մտքի յուրօրինակ թռիչքով, զարմացրին ու հիացրին ժյուրիի անդամներին իրենց գրավոր և բանավոր խոսքով։
Ավետիսյան դպրոցի 4գ դասարանի աշակերտուհի Գրիգորյան Արևիկը զբաղեցրեց մրցութային երրորդ տեղը, պարգևատրվեց արժեքավոր նվերներով ու պատվոգրով, իսկ դպրոցի գրադարանը համալրվեց նոր գրքերով։
Շնորհավորում ենք Արևիկ Գրիգորյանին և մաղթում նորանոր հաջողություններ։