«Վե՛ր կաց, եղբայր իմ»

«Վե՛ր կաց, եղբայր իմ»

«Վե՛ր կաց, եղբայր իմ»

Այս խորագիրն էր կրում Ավետիսյան դպրոցում կազմակերպված ավագ դպրոցի միջդասարանական սպորտլանդիան՝ նվիրված հայոց բանակի 29-րդ տարեդարձին: Այն անցկացվեց փուլերով:

Առաջին փուլում թիմերը մասնակցեցին ինտելեկտուալ-մարզական խաղին: Երկրորդ փուլում անցկացվեց վոլեյբոլի առաջնություն: Այս երկու փուլերի արդյունքներով հաղթող ճանաչվեց և դպրոցի փոխանցիկ գավաթին արժանացավ առավելագույն միավորներ հավաքած X «բ» դասարանը: Մրցութային մյուս տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ 2-րդ տեղ՝ XI «ա» դասարան 3-րդ տեղ՝ XI «բ» դասարան 4-րդ տեղ՝ X «ա» դասարան:

Լարված մրցապայքարից հետո դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ թիմերը մեկօրյա հանգիստ անցկացրին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում, որտեղ էլ տեղի ունեցավ հաղթողների պարգևատրումը:

Հայոց բանակի 29-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվեց նաև հրաձգության ներդպրոցական մրցույթ: Այստեղ լավագույններն էին Մանուկյան Անուշիկը, Մարգարյան Նարեն (երկուսն էլ` IX «բ») և Պողոսյան Սերինեն (X «ա»):

Հիշարժան հանդիպում

Հիշարժան հանդիպում

Հալեպահայ իրականության մեջ հայտնի դեմք է արձակագիր, թարգմանիչ, դերասան, բեմադրիչ և մանկավարժ, տիտղոսակիր Հակոբ Միքայելյանը: 2014 թվականից հաստատվելով Հայաստանում՝ վաստակաշատ մտավորականը շարունակում է իր բեղուն գործունեությունը ստեղծագործական, մանկավարժական և լրագրության ասպարեզներում, հատկապես սերտ կապեր ունի ԱՀԱԸ հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոցի հետ: Հենց այս կրթօջախի գրադարանում էլ կայացավ մանկավարժների և բարձրդասարանցիների հանդիպումը պարոն Հ. Միքայելյանի հետ, և առիթը գրողի ութերորդ գրքի՝ «Ճակատագրի սև կատուն» վիպակի քննարկումն էր:

Առաջին հարցերը, որ ուղղվեցին գրողին, կապված էին նրա կենսագրության հետ: Շատ հետաքրքիր էր լսել զեյթունցի բռնագաղթյալների զավակի կենսապատումը, նրա անձնական և ազգային դիրքորոշումները, մտորումները արևմտահայերենի և ընդհանրապես հայերենի մասին, նաև պատկերացնել սիրիահայ յուրահատուկ և գունեղ իրականությունն՝ իր կրթօջախներով, ինչպես նաև սիրիական պատերազմների ծանր անդրադարձը նախկինում հսկայական ու ծաղկուն հայկական համայնքի վրա:

Ապա բառի բուն իմաստով տեղացին հարցեր վիպակի ստեղծման, նրա հիմքի, կերպարների, հանգուցալուծման վերաբերյալ: Ընթերցողներին հատկապես հուզում էր գլխավոր հերոսի՝ Զավենի կերպարը, այն ամենը, ինչ կապված էր նրա ճակատագրի հետ:

Այնուհետև հանդիսավար մանկավարժ Լ. Բախշյանի նախաձեռնությամբ աշակերտները, ապա նաև մանկավարժները ընթերցեցին վիպակի՝ իրենց ամենից շատ դուր եկած մտքերն ու արտահայտությունները, որոնք դուրս էին գրել նախապես՝ գիրքը կարդալուն զուգահեռ:

Հանդիպումը ջերմ էր և անմիջական: 11-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյան փորձեց վերլուծել վիպակը և ներկայացրեց իր պատկերացումները նրա գաղափարի, հեղինակի, հերոսների մասին: Պարոն Հակոբ Միքայելյանը նրան նվիրեց վիպակի մի օրինակը՝ իր մակագրությամբ:

Ի հիշատակ այս բովանդակալից օրվա՝ հրաժեշտից առաջ բոլորը լուսանկարվեցին հարգարժան հյուրի հետ, իսկ դպրոցի տնօրեն տ-ն Մելանյա Գեղամյանը Ավետիսյան կրթօջախի անունից պարոն Հակոբին նվիրեց Ս. Էջմիածնի արժեքավոր գործերից «Տերունական տոմար» հրատարակությունը:

Ի դեպ, Ավետիսյան դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ արդեն չորս տարի է, ինչ ուսուցանվում է արևմտահայերեն: Ուրախալի բացահայտում էր, որ այն արդեն դյուրամատչելի է ավետիսյանցիների համար: «Ճակատագրի սև կատուն» բոլորը հեշտությամբ կարդացել էին արևմտահայերենով:

Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման (նախագահ՝ Ն. Գրիգորյան) մյուս հետաքրքիր ձեռնարկումների մասին կպատմենք շուտով:

 

Ատենախոսության պաշտպանություն

Ատենախոսության պաշտպանություն

2021 թ. մարտի 3-ին Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ԱՃԵՄՅԱՆ գրադարանում կայացավ Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, Հալեպի Հայ Ավետարանական ԲԵԹԵԼ եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Հարություն Սելիմյանի «Դավանական նոր իրավիճակը և ըմբռնումները 19-րդ դարի 40-50-ական թթ. ավետարանական մամուլի մեջ (Կ.Պոլիս, Զմյուռնիա)» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը:

Գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյան:

Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ.գ.դ. Էդիկ Մինասյանը, պ.գ.թ., դոցենտ Ավետիս Հարությունյանը:

Նախագահում էին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մասնագիտական խորհրդի նախագահ պ.գ.դ., պրոֆեսոր Անուշավան եպս. Ժամկոչյանը, խորհրդի գիտական քարտուղար պ.գ.թ., դոցենտ Արշակ Բալյանը:

Բացման խոսքից առաջ Անուշավան եպս. Ժամկոչյանն առաջարկեց արարողությունն սկսել «Հայր մեր» Տերունական աղոթքով, ապա վեր. Հ. Սելիմյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո խոսքը փոխանցեց վեր. Հ.Սելիմյանին, որպեսզի նա ներկայացնի իր ատենախոսությունը:

Վեր. Հ. Սելիմյանի ելույթից հետո մասնագիտական խորհրդի անդամներից մի քանիսը իրենց ցանկություններն ու առաջարկները ներկայացրին ատենախոսին:

Ընդդիմախոսները՝ Էդիկ Մինասյանն ու Ավետիս Հարությունյանը, հանգամանորեն անդրադարձան ատենախոսության գիտական արժանիքներին, կարևորեցին այն՝ որպես գիտական նորություն, մասնավորապես ընդգծելով աշխատանքի դավանաբանական, կիրառական ու գործնական նշանակությունը Աստվածաբանություն ուսումնասիրողների համար: Նշվեցին նաև այն մասնակի թերությունները, որոնք տեղ էին գտել ատենախոսության մեջ, և միջնորդեցին գիտական հանձնաժողովի առաջ՝ վերապատվելի Հ. Սելիմյանին շնորհելու պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Հանձնաժողովը, բարձր գնահատելով վեր. Հ. Սելիմյանի ատենախոսության գիտական արժանիքներն ու կարևորությունը դավանական նոր իրավիճակի և ըմբռնման տեսանկյունից, նրան շնորհեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ավարտին վեր. Հարություն Սելիմյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր օգնել էին ատենախոսության պատրաստման ընթացքում:

Ատենախոսության պաշտպանությանը ներկա էին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանը, Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների աշխատակիցներ, ծառայողներ, հյուրեր այլ կազմակերպություններից և բուհերից:

Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին շնորհավորում են վեր. Հարություն Սելիմյանին պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու առթիվ և մաղթում հաջողություններ գիտական, համայնքային և եկեղեցական ոլորտներում:

ՀԱԸ մամուլի բաժին

Կրկնակի տոն՝ միշտ նորովի

Կրկնակի տոն՝ միշտ նորովի

Ավետիսյան դպրոցի օրացույցում փետրվարի 19-ը վաղուց դարձել է սպասված ու ցանկալի օր: Մեծ թե փոքր առանձնահատուկ խնամքով են նախապատրաստվում այս յուրահատուկ տոնի խորհրդին. քանզի Ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը վաղուց արդեն անքակտելիորեն կապվել է գիրք նվիրելու արարողության հետ: Թումանյան և գիրք, չարենցյան բնորոշմամբ՝ գրքերի աշխարհի «անեզր տիեզերք». այլ կերպ չէր էլ կարող լինել:

Այս խանդավառ մթնոլորտով սկսվեց Գիրք նվիրելու օրը կրթահամալիրում: Նախակրթարանից, տարրական դպրոցից մինչև գրադարանի գեղարվեստական խմբակի և դասարանական շնորհալիների ելույթներ, թումանյանական հեքիաթների բեմականացում տարրական դպրոցում, պատմական անդրադարձ, ֆիլմաշար, տեսասահիկներ, մաղթանքներ, շնորհակալագրեր և, իհարկե, և անպայման՝ ասմունք, որի որակի և ճաշակի համար շնորհակալ աշխատանք էին տարել մանկավարժներ Գայանե Գրիգորյանը, Լիլիթ Բախշյանը, Անի Օհանյանը, Սվետլանա Աղաջանյանը, Եվա Ֆարմանյանը:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, դասարանները մեկ առ մեկ դահլիճին ներկայացրին և կրթօջախի տնօրեն Մելանյա Գեղամյանին հանձնեցին հարազատ դպրոցի գրադարանին իրենց նվերները՝ հայ, ռուս, արևմտյան դասականներից մինչև ժամանակակից բեսթսելլերներ, մինչև ուսումնական, գիտահանրամատչելի, մանկապատանեկան, ֆանտաստիկ, գիտական, հոգեբանական գրքեր և դասագրքեր:
Միջոցառման վերջում յոթերորդ «բ» դասարանի աշակերտները ավագ դասընկերներին բաժանեցին հայոց լեզվի մաքրությանը նվիրված թռուցիկներ, իսկ չորրորդ «բ» դասարանը դասղեկ Վ. Պողոսյանի առաջնորդությամբ դպրոցից անմիջապես ուղևորվեց դեպի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան:

Մեր շախմատիստները ուժեղագույնն էին

Մեր շախմատիստները ուժեղագույնն էին

Փետրվարի 16-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի շախմատի մարզադպրոցում անցկացվեց համայնքի հանրակրթական դպրոցների շախմատի թիմերի առաջնությունը:

Ավետիսյան դպրոցի թիմը (շախմատի ուսուցիչ՝ Եփրեմ Մազմանյան) մրցապայքարին ներկայացավ հետևյալ կազմով՝ Համլետ Բրուտյան (10-րդ «բ»), Համայակ Ստեփանյան (11-րդ «բ»), Նարե Հովակիմյան և Վլադիմիր Սաֆարյան (երկուսն էլ՝ 7-րդ «բ»):

Ավետիսյանի թիմը ցուցաբերեց հրաշալի խաղ և դարձավ մրցապայքարի հաղթող:

Մեր սաները հարազատ դպրոց վերադարձան հաղթական գավաթով և մեդալներով:

Կեցցե՛ք, մեր շնորհալի՛ շախմատիստներ:

Հ.Գ. Ստորև կարող եք դիտել մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը։
 

Ավարտվեց սեմինարների ևս մեկ շարք

Ավարտվեց սեմինարների ևս մեկ շարք

Ավետիսյան դպրոցում շարունակվում են ուսուցիչների ամբողջական վերապատրաստման սեմինար-դասընթացները: Այս շարքի երկրորդ դասընթացը նվիրված էր առաջին, երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների հետ տարվող աշխատանքներին:

Ավետիսյան դպրոցի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը նշված դասարաններում դասավանդող մանկավարժներին հանգամանորեն ներկայացրեց 6-8 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկությունները:

Սեմինարն անցկացվեց չորս հանդիպումներով, որոնք կայացան 2020 թ. նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին, 10-ին և 14-ին: Դրանց ընթացքում դասընթացավար տիկին Ներսեսսյանը խոսեց նշված տարիքային խմբի երեխաների ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հուզական զարգացման առանձնահատկությունների մասին՝ կարևորելով դրանցից յուրաքանչյուրը:

Ներկայացնելով 6-8 տարեկան երեխաների   զարգացման առանձնահատկությունները և ամեն պահի մանկավարժի առջև ծառացող խնդիրները լուծելիս  ճիշտ կողմնորոշվելու, ճկուն և անսխալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը՝ տիկին Ներսեսսյանը արեց կարևոր և անհրաժեշտ շեշտադրումներ:

Սեմինար պարապմունքների ընթացքում յուրաքանչյուր դիտանկյունից (ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հուզական) երեխաների զարգացման առանձնահատկությունները քննարկելուց հետո դասվարներին հնարավորություն տրվեց ուսումնասիրություն անցկացնել արդեն իրենց դասավանդած դասարաններում:  Մանկավարժների այդ դիտարկումների արդյունքները քննարկվեցին  դասընթացավարի հետ յուրաքանչյուր հաջորդ հանդիպման ժամանակ. դասվարները մեկ առ մեկ ներկայացրին իրենց սաներին՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:

Մասնագետի հետ չորս հանդիպումն էլ անցան աշխատանքային աշխույժ մթնոլորտում և արդյունավետ էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Իրենց շնորհակալական խոսքում դա փաստեցին Ավետիսյան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը, կրթահամալիրի հոգեբան Ա. Խաչատուրյանը, դասընթացն ավարտած բոլոր դասվարները:

Մանկավարժահոգեբանական և դաստիարակչական այս աշխատանքը էությամբ ամբողջական է, ընթացքով՝ շարունակական: Այս առումով հրաշալի գաղափար է դասընթացի շարունակումը և ըստ տարիքային առանձնահատկությունների դիտարկվող  խմբերի ընդլայնումը: Քանզի այսօր մեր հայ դպրոցի նպատակը մեկն է՝ ճշմարիտ դաստիարակությամբ ձևավորել լավ մարդ և լավ քաղաքացի: