Դկտ 25, 2020 | Մեր առօրյան
«Ուսուցիչ պարոննե՛ր ու քույրե՛ր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը». ԿՈՄԻՏԱՍ:
Մեծն Կոմիտասի թևավոր դարձած այս խոսքը Ավետիսյան դպրոցի գործունեության առաջնային սկզբունքներից մեկն է, որը պահանջում է ամենայն զգուշություն և նրբավարություն ցուցաբերել մանուկ սերնդի հետ աշխատելու ընթացքում: Քանզի այսօր դաստիարակվող սերնդի որակական, մտավոր և բարոյական հատկություններով է պայմանավորված մեր ազգի ապագան: Ելակետային այս դրույթից բխեցնելով կրթօջախի տեսլականի առաջնայնությունները՝ Ավետիսյան դպրոցի կոորդինացիոն խորհուրդը որոշում կայացրեց , որ 2020-2021 ուսումնական տարին դառնա Ամբողջական կրթության սկզբունքները որդեգրելու մեկնարկային տարի:

Այդ նպատակն իրագործելու հեռանկարով Ավետիսյան դպրոցի կրթության խորհրդատու նշանակվեց կրթության ոլորտի կայացած մասնագետ տիկին Սալբի Ներսեսսյանը: Նա պատասխանատու է Ամբողջական կրթության սկզբունքները սերմանելու և այն կրթահամալիրում գործնականապես կիրառելու գործընթացում կրթօջախի անձնակազմին և ուսուցչակազմին աջակցելու գործում:
Ամբողջական կրթության կիրառման գործում կարևորելով մանկավարժների վերապատրաստումը՝ տիկին Ս. Ներսեսսյանը ձեռնարկեց զանազան սեմինար-դասընթացներ, որոնք արդեն ընթացքի մեջ են: Դրանց առաջին փուլը նվիրված էր 2-րդ և 3-րդ դասարանների դասվարներին, և նյութը դարձյալ Ամբողջական կրթությունն էր: Երկու մասից կազմված այս սեմինարն անցկացվեց 2020 թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին: Այդ հանդիպումների ընթացքում մասնագետը համապարփակորեն ներկայացրեց Ամբողջական կրթության էությունը, ընդգծեց 21-րդ դարում դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև խոսեց Ամբողջական կրթության հիմնական առանձնահատկությունների մասին:
Տիկին Ս. Ներսեսսյանը սեմինարն ավարտեց Կոնֆուցիուսի հետևյալ խոսքերով. «Եթե մտածում եք 1 տարվա կտրվածքով, ապա սերմ տնկեք. եթե 10 տարի ժամկետով, ծառ տնկեք, եթե 100 տարի ժամկետով, ապա սովորեցրեք ժողովրդին»:
Եվ մենք շատ լավ գիտենք, որ այսօր մեր հայ դպրոցի նպատակը մեկն է՝ ճշմարիտ դաստիարակությամբ ձևավորել լավ մարդ և քաղաքացի:
Դկտ 11, 2020 | Մեր առօրյան
ԱՀԱԸ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող Ավետիսյան կրթահամալիրը սիրով կընդունի պատերազմական իրադարձությունների պատճառով Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի դպրոցականներին ինչպես տարրական և միջին, այնպես էլ ավագ դպրոցում:
Մանրամասների համար զանգահարել 043002314 հեռախոսահամարով:
ԱՀԱԸ Երևանի Ավետիսյան կրթահամալիր և համայնքային կենտրոն
https://avedisianschool.am/
Դկտ 4, 2020 | Մեր առօրյան
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ և Հայ Ավետարանական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցների հետ Ավետիսյան կրթահամալիրի աշխատակազմը 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ համատեղ անդուլ աշխատեց չորս օր անընդմեջ: (ավելին …)
Հկտ 23, 2020 | Մեր առօրյան
Հաղթանակը կռում են ամուր թիկունքով, իսկ հայոց բանակի թիկունքն այսօր ամուր է առավել, քան երբևէ: Սա է մեր հավատամքն ու կարգախոսը մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերին, և Ավետիսյան կրթահամալիրը, համայն հայության հետ միասիրտ ու միակամ, անում է հնարավոր ամեն ինչ՝ հանուն Արցախի, հանուն հաղթանակի:
Առանց ուսումնական գործընթացը դույզն-ինչ խաթարելու, առանց իրարանցման, կազմակերպված և անաղմուկ, մի միասնական ընտանիքի պես գործի լծվեցին բոլորը՝ դպրոցի աշխատակազմը, աշակերտությունը և ծնողական հանրությունը: Բարձր դասարանների աղջիկները արագորեն պատրաստեցին վիրակապեր, նրանց դասընկերները մեծերի հետ տեսակավորեցին օգնության համար դպրոց հասցված առաջին անհրաժեշտության հագուստեղենն ու մթերքը, տղաները բարձեցին բեռնատարները՝ այդ ամենը ԱՀԱԸ հայաստանյան գրասենյակ, իսկ այնտեղից էլ՝ համակարգող կենտրոն անհապաղ հասցնելու համար:
Նյութական օժանդակությունից զատ՝ Ավետիսյան կրթահամալիրը հանուն Արցախի հանգանակեց 1 մլն 405 հազար ՀՀ դրամ:
Սպտ 28, 2020 | Մեր առօրյան
2020թ. սեպտեմբերի 25-ին Ավետիսյան դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտները դասղեկ Քրիստինե Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նրանց ներկայացրեց էկոկենտրոնի պատմությունը, կառուցվածքը, յուրաքանչյուր ճյուղի հիմնախնդիրները:
Աշակերտները հարցեր տվեցին տնօրենին և զրուցեցին բնական հիմնախնդիրների շուրջ: Էկոկենտրոնի գիտաշխատողները երեխաներին պատմեցին շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի կողմից կատարվող հետազոտությունների մասին, ծանոթացրին կենտրոնի սարքավորումներին և գործունեությանը:
Հատկապես հետաքրքրական էր վերջին սերնդի գերհզոր մանրադիտակի ուսումնասիրությունը: Աշակերտները մեծ ոգևորությամբ հետևեցին այդ մանրադիտակի օգնությամբ տերևի փոքր կտորի վրայի փոշու ուսումնասիրությանը, բացահայտեցին, թե ինչ տարրեր են մտնում նրա բաղադրության մեջ, և նույնիսկ ուսումնասիրեցին նրա կազմի մեջ մտնող մանր մասնիկների 3D պատկերները: Հպարտության առիթ էր այն, որ այդ սարքն այսօր գոյություն ունի ընդամենը երեք երկրներում: Վերջում աշակերտները մասնակցեցին նաև հողի նմուշառման աշխատանքներին:
Ինչպես գիտենք, մինչ այդ 12-րդ «ա» դասարանի աշակերտները կատարել էին ուսումնասիրություններ՝ Ավետիսյան դպրոցի էկոանձնագիրը ստեղծելու նպատակով: Այցելելով էկոկենտրոն՝ նրանք ձեռք բերեցին նոր գիտելիքներ և պատրաստվում են շարունակել ուսումնասիրությունները՝ համագործակցելով էկոկենտրոնի հետ:

Սպտ 14, 2020 | Մեր առօրյան
Վաղ առավոտից տոնական երգն ու երաժշտությունը հուզումնալից մթնոլորտ են ստեղծել դպրոցի ընդարձակ բակում: Պահն ավանդական է՝ փուչիկներով, ծաղկեփնջերով, տոնական հարդարանքով: Բակում հավաքված փոքրիկների դեմքերին միախառնվել են ժպիտն ու հուզմունքը: Մի փոքր հեռվից ծնողները հետևում են իրենց բալիկներին:
Դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանը փոքրիկների ծնողներին ևս մեկ անգամ հիշեցնում է Երևան քաղաքի պարետի և առողջապահության նախարարի՝ նոր պայմանների վերաբերյալ հրահանգները, ծանոթացնում այդ կապակցությամբ դպրոցում իրականացված քայլերին, շնորհավորում ուսումնական տարեսկզբի կապակցությամբ և փոքրիկներին հրավիրում է ներս:
Ավետիսյան կրթահամալիրի ամբողջ ուսուցչակազմի ծափերի և ողջերթի բացականչությունների ներքո իրենց դպրոց առաջին անգամ ոտք են դնում 65 առաջինդասարանցիներ, իսկ նորաբաց Ավետիսյան քոլեջի նախակրթարան՝ 49 փոքրիկներ:
Սեպտեմբերի 14, անմոռանալի օր, Ավետիսյան դպրոց: Եվ ոչ մի համավարակ չի կարող մթագնել այս խանդավառ տրամադրությունը:
Բարի՜ երթ ուսման խորախորհուրդ ուղիներում, սիրելի՛ փոքրիկներ: