Ապր 20, 2016 | Մեր առօրյան
Գաղտնիք չէ, որ «Ավետիսյան» դպրոցը կարևորում է աշակերտների բնապահպանական կրթությունն ու դաստիարակությունը: Դպրոցը համագործակցում է բնապահպանական տարբեր կազմակերպությունների հետ, որոնցից է «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամը:
Ապրիլի 20-ին մեր էկոակումբի աշակերտներն այցելեցին «ԷյԹիՓի»-ի` Կարին գյուղում գտնվող տնկարան, մասնակցեցին բնապահպանական կրթության կենտրոնում անցկացվող սեմինարի, ինչպես նաև շրջեցին տնկարանով:
«Էկոլոգիական հետք» և «Ածխածնային հետք» թեմաներով ինտերակտիվ սեմինարի ընթացքում աշակերտները թեստային առաջադրանքի միջոցով հաշվեցին իրենց էկոլոգիական հետքը, որից հետո առաջարկեցին տարբեր միջոցներ` այն նվազեցնելու համար: Այնուհետև նրանք բաժանվեցին խմբերի, և յուրաքանչյուր խումբ առաջարկեց առողջ մոլորակ ունենալու համար անհրաժեշտ 10 քայլ:
Աշակերտները սեմինարի ավարտին միմյանց խոստացան կիրառել ձեռք բերած գիտելիքները, դրանց մասին պատմել իրենց ընկերներին և նրանց ևս հորդորել պահպանել ու չվնասել մեր մոլորակը:
Շնորհակալություն «ԷյԹիՓի»-ին ջերմ ընդունելության և հետաքրքիր սեմինարի համար:
Ապր 20, 2016 | Մեր առօրյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի մշտական անշեղ նպատակներից է, բացի հարուստ գիտելիքներ հաղորդելուց և ժամանակակից լայն աշխարհայացք ձևավորելուց, իր սաներին ներարկել ազգասիրության, ազգապահպանության և հայրենասիրության ոգի, հարգանք ազգային ավանդույթների հանդեպ: Դրան են ծառայում այստեղ պարբերաբար կազմակերպվող բազմաբովանդակ միջոցառումները: Կրթահամալիրի կամարների տակ՝ 350-տեղանոց դահլիճում անցկացվող տարբեր հանդեսներում հնչում են հայրենիքին և հայոց բանակին նվիրված ոգեշունչ երգեր, ցուցադրվում են հայրենասիրական տեսաֆիլմեր և հոլովակներ, իրականացվում բեմադրություններ, գործում է պատանի երկրապահների ակումբը, պարբերական են այցերը Եռաբլուր… Մանկապարտեզից մինչև բարձր դասարաններ նպատակաուղղված աշխատանքը չի թուլանում ոչ մի րոպե:
Այս առումով կրթահամալիրի համար յուրահատուկ ամիս է ապրիլը՝ Մեծ եղեռնի մեկուկես միլիոն զոհերի ոգեկոչման, հոգեկան տուրքի և խոնարհումի ամիսը:
Բացառություն չեղավ (և չէր էլ կարող լինել) նաև 2016 թվականը: Ապրիլի 20-ի արևոտ կեսօրին, չխախտելով տարիների տասնամյա ավանդույթը, «Հայ կրթության» աշխատակազմը, դպրոցի աշակերտները և մանկապարտեզի սաները՝ ընդհանուր թվով շուրջ 450 հոգի, բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ նահատակներին, խոնարհվելու նրանց հիշատակի առաջ: Անմար կրակի շուրջը, կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանի առաջարկով հայտարարվեց լռության րոպե, որից հետո խմբաձայն ասվեց «Հայր մերը»: Հավերժական կրակի շուրջը դնելով իրենց ծաղիկները՝ նրանք նույն զսպվածությամբ ու կարգով շարժվեցին դեպի իրենց ավտոբուսները:
Ապր 7, 2016 | Մեր առօրյան
Ապրիլի 7-ին «Ավետիսյան» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Երևանի երկրաբանական թանգարան, որտեղ, թանգարանի կողմից կազմակերպված կրթական ծրագրի շրջանակներում, մասնակցեցին ջրային ռեսուրսների պահպանությանը նվիրված մի հետաքրքիր դասի:
Ապր 7, 2016 | Մեր առօրյան
Տեղեկանք՝ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված`հանգանակված գումարների մասին (07.04.2016թ. դրությամբ):
157.«Հայ Կրթություն» կրթական հիմնադրամ, Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոնը 07.04.2016թ. դրությամ փոխանցել է ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին` հանգանակված գումար 300 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը <a href=”http://168.am/2016/04/09/621270.html”>© 168.am</a></br>
Մրտ 30, 2016 | Մեր առօրյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի երկրորդ դասարանի աշակերտներն այցելեցին Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան: Երեխաները ծանոթացան գրադարանում գործող խմբակների, ձայնադարանի, գրապահոցի հետ: Հեքիաթի սրահում լսեցին «Եդեմական ծաղիկը» հեքիաթը, իսկ զբաղմունքների սրահում դիտեցին «Գյուտարար գորտը» մուլտֆիլմը:
Երեխաները շատ լավ պատասխանեցին գրադարանավար-մորաքույրների հարցերին: Նրանք դպրոց վերադարձան գրադարանի և մանկական գրքերի մասին հետաքրքիր տեղեկություններ ու մեծ բավականություն ստացած:
Մրտ 25, 2016 | Մեր առօրյան
Մարտի 22-ին նշվում է Ջրի միջազգային օրը: Մարդիկ աշխարհի տարբեր ծագերում կազմակերպվող միջոցառումների միջոցով փորձում են ցույց տալ, որ մտահոգված են Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրներով և ցանկանում են ինչ-որ բան փոխել` նրան օգնելու համար:
Կազմակերպիչները, կարևորելով ջրի կենսական նշանակությունը մարդկային գործունեության ընթացքում, այս տարվա միջոցառումների համար ընտրել են «Ավելի լավ ջուր, ավելի լավ աշխատատեղեր» խորագիրը:
«Ավետիսյան» դպրոցը, որը կարևորում է աշակերտների բնապահպանական դաստիարակությունը, չէր կարող չանդրադառնալ այս կարևոր օրվան: Դպրոցի «Οίκος» էկոակումբը 8-րդ դասարանցիների հետ համատեղ կազմակերպել էր ուսուցողական հետաքրքիր միջոցառում, որի նպատակն էր ցույց տալ, որ խմելու ջրի պաշարներն անսպառ չեն, և մենք պետք է խնամքով օգտագործենք դրանք և չաղտոտենք:
Էկոակումբի անդամների նկարահանած տեսանյութում ներկայացվեցին ջրի կենսական կարևորությունը, դրա պաշարների նվազման կործանարար նշանակությունը, ինչպես նաև առաջարկվեցին ջուրը խնայելու գործնական խորհուրդներ:
Մեր ութերորդցիներն էլ «Մկների ժողով» ներկայացման միջոցով իրենց բնորոշ հումորով ու սրամտությամբ անդրադարձան վերոնշյալ խնդիրներին:
Սիրելի´ աշակերտներ, խնայենք ջուրը` օգնելով մայր բնությանն ու ինքներս մեզ: