Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում /Ավետիսյան դպրոց/ մաթեմատիկայի, պատմության, կենսաբանության /ավագ դպրոցի/ ուսուցիչների թափուր տեղերի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր, ըստ կարգի:
Մինչ մրցույթին ներկայանալը խնդրվում է ինքնակենսագրությունն (CV) ուղարկել armedf@yandex.ru էլեկտրոնային փոստին` 20.02.2017-28.02.2017թթ. /հեռախոսահամարների առկայությունը պարտադիր է/:
Մրցույթին մասնակցելու համար անձը 28.02.2017թ. ժամը 10.00 մինչև 16.00 հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զμաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
9.Աշխատանքային փորձը պարտադիր է (3-5 տարի):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Ցանկացողները դիմեն հետեւյալ հասցեով՝ ք. Երեւան, ՀԱԹ թաղամաս, Բաբաջանյան 42/7:
Տեղեկությունների համար զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարով:

«Ավետիսյան» նվագախմբի առաջին ելույթը

«Ավետիսյան» նվագախմբի առաջին ելույթը

Դեկտեմբերի 20-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի դահլիճում կայացավ   «Ավետիսյան» նորաստեղծ նվագախմբի առաջին ելույթը:

-Նվագախումբը ստեղծվեց այս տարվա սեպտեմբերին, —  ասում է դպրոցի տնօրեն տիկ. Մելանյա ԳԵղամյանը: — Այս ելույթով իրականացավ մեր վաղեմի երազանքը՝  ունենալ դպրոցական նվագախումբ,  որի մեջ ընդգրկված են 10-12 մանուկ և պատանի երաժիշտներ:  Խմբի ղեկավար Արգենտինա Պողոսյանը մեծ ճիգեր գործադրեց նվագախմբի կայացման համար: Մենք հուսով ենք, որ այս ելույթը ճանապարհ կհարթի նոր համերգների և ոչ միայն դպրոցի պատերի ներսում:

Նվագախմբի երեխաները անհատական և խմբային կատարումներով ներկայացրին հայ և եվրոպական կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ, ինչպես նաև հոգևոր երգեր:

Ավարտին՝ Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը նախ շնորհավորեց նորաստեղծ նվագախմբի սաներին և ղեկավարին առաջին ելույթի կապակցությամբ, և իր գոհունակությունը հայտնեց նվագախմբում կատարված մեծ աշխատանքի համար: Նա վստահություն հայտնեց, որ նվագախմբի ստեղծագործական հաջողությունը այլևս իրականություն է:

Համերգին ներկա երեխաները, ծնողները, ուսուցչակազմը նվագախմբի կատարումներն ընդունեցին  խանդավառ ծափողջյուններով:

Համերգից հետո բեմ հրավիրվեց 8 բ դասարանի աշակերտ Վահե Համբարձումյանը, ով մասնակցել էր Հանրային հեռուստատեսության (Հ1) հաղորդաշարին և շահել պատվավոր երրորդ մրցանակը: Դպրոցի տնօրենը,համադասարանցիները, ուսուցիչները նույնպես շնորհավորեցին  Վահե Համբարձումյանին և մաղթեցին նոր հաղթանակներ:

 

Թափոնների կառավարում

Թափոնների կառավարում

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում անցկացվեց բնապահպանությանը նվիրված համադպրոցական միջոցառում` «Աղբի դատավարությունը» թեմայով: Այն սկսվեց Էքզյուպերիի հանրահայտ տողերով. «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը»: Ապա 10-րդ դասարանի աշակերտները հրաշալի ներկայացրին դատավարությունը` մարմնավորելով «մեղադրյալ աղբին», դատավորին և վկաներին: Աղբը արդարացրեց իրեն` մատնանշելով մարդկանց անտարբերությունն ու անխնա վերաբերմունքը բնության նկատմամբ:

Միջոցառման հաջորդ մասում 9-րդ և 11-րդ դասարանների միջև անցկացվեց տեսանյութերի մրցույթ` «Տեսակավորենք աղբը, որ ապրենք մաքուր քաղաքում» խորագրով:

         Այս հետաքրքրական միջոցառման ավարտը նույնպես յուրահատուկ էր. դպրոցի  կրտսեր և միջին օղակների սաները աղբի թափոններից նախապես պատրաստել էին ինքնատիպ, նույնիսկ կենցաղում կիրառելի իրեր, որոնք ցուցադրված էին այսպես կոչված «Աղբի թանգարանում» և միջոցառման մասնակիցների կողմից գնահատվեցին ըստ անվանակարգերի:

Waste management An interschool event “Garbage Trial” on environmental issues was held at Khoren and Shushanik Avedisian school. It began with the famous quotes of Exupery: “In the morning as soon as you wake up, wash, and tidy up, you should also tidy your own planet.” Then the 10th grade students wonderfully presented the trial, embodying the “accused rubbish,” the judge and witnesses. Garbage excused himself, pointing out people’s indifference and their careless attitude towards nature. During the second part of the event a video contest entitled “Let’s Sort the Rubbish in Order to Live in a Clean City” was held between the 9th and 11th grade students. The end of this interesting event was also unique: the junior and middle school students had previously made original, even for everyday use items out of garbage, which were exhibited in the so-called “garbage museum” and were nominated by the participants.

ՄԵՐՈՆՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀՅՈՒՐՆ Է ԱՀԱԸ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԷԴՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

ՄԵՐՈՆՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀՅՈՒՐՆ Է ԱՀԱԸ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԷԴՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Հարգելի՛ հայրենակից, 2016-ի նոյեմբերի 24-ին Հանրային հեռուստաընկերության (Հ1) «ՄԵՐՈՆՔ» հաղորդաշարի հյուրն էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության խորհրդի անդամ, Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի բարերար Էդվարդ Ավետիսյանը:

Առաջարկում ենք դիտել «ՄԵՐՈՆՔ» հաղորդումը՝ պրն Էդվարդ Ավետիսյանի մասնակցությամբ:

Ապագա մանկավարժների փորձառությունն ավարտվեց

Ապագա մանկավարժների փորձառությունն ավարտվեց

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրում իրենց մանկավարժական փորձառությունն անցան Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական (հայոց լեզու և գրականություն) ֆակուլտետի մագիստրանտները: Երիտասարդ պրակտիկանտները դպրոցի մանկավարժների և բուհական պրակտիկայի պատասխանատուների անմիջական ուղեկցությամբ արեցին իրենց առաջին լուրջ, գործնական քայլը ԴՊՐՈՑ կոչվող զարմանահրաշ աշխարհում:

Այսօր կրթահամալիրի դահլիճում ապագա մանկավարժներին հանձնվեցին պրակտիկայի հավաստագրեր, առանձնապես աչքի ընկածներին՝ նաև շնորհակալագրեր: Դիմելով նրանց՝ կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը ևս մեկ անգամ հնչեցրեց այն անհերքելի ճշմարտությունը, որ մանկավարժությունը սոսկ մասնագիտություն է, մինչդեռ ուսուցիչը՝ կոչում, որն արդարացնում և որին արժանանում են այդ ասպարեզին անմնացորդ նվիրված և իրենց գործի ու աշակերտի հանդեպ սիրով լցված մասնագետները:

Ողջերթի և շնորհակալության ջերմ խոսքեր հղեցին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հ. Ներսեսսյանը և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական  ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը: Երկուստեք հույս և վստահություն հայտնվեց բուհ-դպրոց համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Որպես հաճելի անակնկալ՝ ցուցադրվեց ուսուցչի վեհ կոչմանը և Ավետիսյան դպրոցին նվիրված կարճամետրաժ տպավորիչ կինոժապավեն (ստեղծագործական կազմ՝ Մ. Գեղամյան, Տ. Սարգսյան, Ա. Մարդոյան):

Երախտագիտության ուղերձ հղվեց ԱՀԱԸ ղեկավարությանը և կրթահամալիրի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին:

Հանդիսության ավարտին տիկին Մ. Գեղամյանը ՀՊՄՀ-ից ժամանած դասախոսական կազմին նվիրեց կրթահամալիրի և նրա բարերաների մասին պատմող հրատարակություններ:

Ապագա մանկավարժներին հրաժեշտի արարողության պսակը եղավ դպրոցական նորաստեղծ նվագախմբի պայծառ ու շենշող ելույթը, որն ընդունվեց տևական անկեղծ ու սրտաբուխ ծափահարություններով: