ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայիսի 7-ին և 8-ին տեղի ունեցան բանավեճի հանրապետական մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերը: Մրցաշարին մասնակցում էին  Հայաստանի տարբեր մարզերի 26 հավաքական թիմեր, որոնցից եզրափակիչ փուլ դուրս եկան «Էջմիածին»  և «Երևան 1» թիմերը:

Նշենք, որ  «Երևան 1»  թիմին առաջնորդում էր Ավետիսյան դպրոցի բանավեճի  ակումբի ղեկավար Արևիկ Խաչատրյանը, իսկ թիմի կազմում մեր աշակերտներից հանդես էր գալիս Լուսինե Եղիազարյանը:

Եզրափակիչ բանավեճը տեղի ունեցավ մայիս 9-ին: Թիմերը բանավիճում էին «Ներկայիս ահաբեկչությունները գերտերությունների վարած քաղաքականության արդյունք են» թեմայով:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևան 1» թիմը հաղթել է մրցաշարում և դարձել ոսկե մեդալակիր:

Շնորհավորում ենք մեր բանավեճի ակումբի բոլոր անդամներին, նրա ղեկավարին  և բոլորիս ցանկանում նորանոր հաղթանակներ:

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ  ՄՐՑՈՒՅԹԻՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ  ՄՐՑՈՒՅԹԻՆ

Արդեն երկրորդ տարին է՝ Ավետիսյան դպրոցի  աշակերտները մասնակցում են Համաշխարհային փոստային միության կողմից կազմակերպվող շարադրությունների մրցույթին: Հիշեցնենք, որ նախորդ տարի մեր աշակերտուհու շարադրությունն արժանացել էր միջազգային ժյուրիի հատուկ հավաստագրի:

Այս տարի նշվում է մրցույթի 45-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ Համաշխարհային փոստային միությունը ընտրել էր  «Գրի′ր նամակ քեզ 45 տարեկան հասակում» խորագիրը:  Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի «Հայփոստ» ընկերությունը  մրցույթին մասնակցող շարադրություններից ընտրել և Համաշխարհային փոստային միություն է ուղարկել Ավետիսյան դպրոցի 9-րդ դասարանի  աշակերտ Զավեն Անտոնյանի աշխատանքը:

Հուսանք՝ Զավենի շարադրությունը միջազգային մրցույթում   ևս հաջողություն կունենա:

«Հայ կրթության» էկոակումբի անդամները ավանդական Ծաղկահավաքում

«Հայ կրթության» էկոակումբի անդամները ավանդական Ծաղկահավաքում

Արդեն վեցերորդ տարին է, ինչ, որպես ապրիլի 24-ի բնականոն շարունակություն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է  «Ծաղկահավաք» միջոցառումը :

Այս նախաձեռնությունը մեկտեղում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անմար կրակի շուրջը խոնարհված բյուրավոր ծաղիկների «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով դրանք կրկին օգտագործելու առաքելությունը: Ցողունն անջատվում է ծաղկաթերթերից և վերածվում պարարտախառնուրդի՝ օգտագործվելով հուշահամալիրի Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ խնամքով անջատված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ ստանալու համար, որից պատրաստվում են հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ և այլն:

Բնականաբար, հենց սկզբից այս մեծախորհուրդ նախաձեռնությանն առաջինը արձագանքողների մեջ էին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի/ «Հայ կրթություն» հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրի/ էկոակումբի անդամները: Նրանք ամեն տարի՝ ապրիլի 27-ին, բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ մասնակցելու ծաղիկների տեսակավորման, մշակման և տարածքի մաքրման  աշխատանքներին: Այդ առումով բացառություն չէր նաև 2016-ի ծաղկահավաքը: Այսօր՝ ապրիլի 27-ին, «Հայ կրթության»   էկոակումբի անդամները՝ 6-11-րդ դասարանների 16 աշակերտ, երկժամյա հերթափոխով ժրաջանորեն աշխատեցին հանրապետության այլ դպրոցների աշակերտների, ուսանողների, զինվորականների, սփյուռքահայերի, օտարազգի հյուրերի, դիվանագիտական մարմինների, պետական, հասարակական և միջազգային հաստատությունների ներկայացուցիչների և այլ կամավորների կողքին:

 Լուսանկարները՝ Անդրանիկ Մարդոյանի

Արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, թեստի կառուցվածքի քննարկում

Արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, թեստի կառուցվածքի քննարկում

2016 թվականի մարտ ամսին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանի հրավերով ԳԹԿ-ն 11-րդ դասարանում իրականացրեց արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից:

Գրավոր աշխատանքը տրվել էր թեստի ձևով, ընդ որում, ինչպես նախապես նշել էր ԳԹԿ­-ի Քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ (հայոց լեզու և գրականություն) ­ Միրցա Հալաջյանը, թեստն իր կառուցվածքով և  հարցադրումներով աննախադեպ էր և առաջին անգամ կազմված է եղել հատուկ այս դասարանի համար:

Թեստն ընդգրկել է 10 հարց իր ենթահարցերով, իսկ լուծման համար տրվել է 45 րոպե:

Ապրիլի14-ին տեղի ունեցած  ընթացիկ գնահատման արդյունքների ամփոփման ժամանակ Միրցա Հալաջյանը նշեց, որ «Հայոց լեզու» առարկայից դասարանը արձանագրել է բավական լավ արդյունք (50% առաջադիմության որակ): Մասնավորապես շեշտեց այն, որ թեստի վերլուծությունից պարզ է դարձել, որ եթե աշակերտը գիտի թեման, ապա գիտի հիմնավոր, այսինքն իմացած գիտելիքը կարողանում է կիրառել, համադրել, եզրակացություններ անել: Սա նշանակում է, որ աշակերտների մեծ մասը ոչ թե պարզապես անգիր է անում, այլ կուտակում է հիմնարար գիտելիք:

Թեստի կառուցվածքի յուրահատկությունն այն էր, որ այն բաղկացած էր պնդումներ պարունակող 10 առաջադրանքներից, որոնց կատարման համար աշակերտը  նախ ճիշտ կամ սխալ պնդման ընտրություն պիտի կատարեր,պատասխաներ հարցին,ապա հիմնավորեր  իր տված պատասխանը: Այս թեստի նպատակը, ըստ թեստաբանի, աշակերտի գիտելիքի ստուգումն է 3 տարբեր մակարդակներով, ինչպես նաև պատահական նշումներով դրական գնահատական ստանալու բացառումն էր:

Այցելություն «ԷյԹիՓի»-ի տնկարան և բնապահպանական կրթության կենտրոն

Այցելություն «ԷյԹիՓի»-ի տնկարան և բնապահպանական կրթության կենտրոն

Գաղտնիք չէ, որ «Ավետիսյան» դպրոցը կարևորում է աշակերտների բնապահպանական կրթությունն ու դաստիարակությունը: Դպրոցը համագործակցում է բնապահպանական տարբեր կազմակերպությունների հետ, որոնցից է «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամը:
Ապրիլի 20-ին մեր էկոակումբի աշակերտներն այցելեցին «ԷյԹիՓի»-ի` Կարին գյուղում գտնվող տնկարան, մասնակցեցին բնապահպանական կրթության կենտրոնում անցկացվող սեմինարի, ինչպես նաև շրջեցին տնկարանով:
«Էկոլոգիական հետք» և «Ածխածնային հետք» թեմաներով ինտերակտիվ սեմինարի ընթացքում աշակերտները թեստային առաջադրանքի միջոցով հաշվեցին իրենց էկոլոգիական հետքը, որից հետո առաջարկեցին տարբեր միջոցներ` այն նվազեցնելու համար: Այնուհետև նրանք բաժանվեցին խմբերի, և յուրաքանչյուր խումբ առաջարկեց առողջ մոլորակ ունենալու համար անհրաժեշտ 10 քայլ:
Աշակերտները սեմինարի ավարտին միմյանց խոստացան կիրառել ձեռք բերած գիտելիքները, դրանց մասին պատմել իրենց ընկերներին և նրանց ևս հորդորել պահպանել ու չվնասել մեր մոլորակը:
Շնորհակալություն «ԷյԹիՓի»-ին ջերմ ընդունելության և հետաքրքիր սեմինարի համար:

Ոգեկոչման ապրիլ, հոգեկան տուրքի ապրիլ, խոնարհումի ապրիլ

Ոգեկոչման ապրիլ, հոգեկան տուրքի ապրիլ, խոնարհումի ապրիլ

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի մշտական անշեղ նպատակներից է, բացի հարուստ գիտելիքներ հաղորդելուց և ժամանակակից լայն աշխարհայացք ձևավորելուց, իր սաներին ներարկել ազգասիրության, ազգապահպանության և հայրենասիրության ոգի, հարգանք ազգային ավանդույթների հանդեպ: Դրան են ծառայում այստեղ պարբերաբար կազմակերպվող բազմաբովանդակ միջոցառումները: Կրթահամալիրի կամարների տակ՝ 350-տեղանոց դահլիճում անցկացվող տարբեր հանդեսներում հնչում են հայրենիքին և հայոց բանակին նվիրված ոգեշունչ երգեր, ցուցադրվում են հայրենասիրական տեսաֆիլմեր և հոլովակներ, իրականացվում բեմադրություններ, գործում է պատանի երկրապահների ակումբը, պարբերական են այցերը Եռաբլուր… Մանկապարտեզից մինչև բարձր դասարաններ նպատակաուղղված աշխատանքը չի թուլանում ոչ մի րոպե:

Այս առումով կրթահամալիրի համար յուրահատուկ ամիս է ապրիլը՝ Մեծ եղեռնի մեկուկես միլիոն զոհերի ոգեկոչման, հոգեկան տուրքի և խոնարհումի ամիսը:

Բացառություն չեղավ (և չէր էլ կարող լինել) նաև 2016 թվականը: Ապրիլի 20-ի արևոտ կեսօրին, չխախտելով տարիների տասնամյա ավանդույթը, «Հայ կրթության» աշխատակազմը, դպրոցի աշակերտները և մանկապարտեզի սաները՝ ընդհանուր թվով շուրջ 450 հոգի, բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ նահատակներին, խոնարհվելու նրանց հիշատակի առաջ: Անմար կրակի շուրջը, կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանի առաջարկով հայտարարվեց լռության րոպե, որից հետո խմբաձայն ասվեց «Հայր մերը»: Հավերժական կրակի շուրջը դնելով իրենց ծաղիկները՝ նրանք նույն զսպվածությամբ ու կարգով շարժվեցին դեպի իրենց ավտոբուսները: