Նյմ 12, 2015 | Մեր առօրյան
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում բնագիտական առարկաների դասաժամերը հաճախ ուղեկցվում են հետաքրքիր փորձերով և գործնական պարապմունքներով: Այսօր յոթերորդ դասարանի մեր աշակերտներին հնարավորություն էր ընձեռվել գործնականում կիրառելու ձկնատեսակների ներքին և արտաքին կառուցվածքի մասին իրենց ունեցած գիտելիքները: Նրանք ձկների մասին ունեցած իրենց գիտելիքները ցույց տալուց հետո ուսուցչի օգնությամբ դիահերձեցին տարբեր տեսակի ձկների:
Սպասենք մեր փոքրիկ կենսաբանների հետագա փորձերին ու բացահայտումներին:
Նյմ 10, 2015 | Մեր առօրյան
Կրթությունն աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է…
Ներկայումս, երբ հասարակությունը սկսում է զարգանալ ժողովրդավարական սկզբունքներով, ուսուցման նոր մեթոդների ներդրման անհրաժեշտություն է առաջացել: Հետ են մղվել ուսուցման պասիվ մեթոդները (սրանց դեպքում հաճախ առաջնային է համարվում աշակերտի կարգապահության ապահովումը, աշակերտը ունկնդրի դերում է, և նյութը պատրաստի մատուցվում է նրան)` իրենց տեղը զիջելով ակտիվ մեթոդներին:
Ուսուցման գործընթացում մանկավարժի գլխավոր նպատակներից պետք է լինեն յուրաքանչյուր երեխայի անկրկնելիության և անհատականության բացահայտումը և նրա անձի զարգացման խթանումը: Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու դեպքում աշակերտն ավելի սիրով է յուրացնում մատուցված նյութը: Այս պարագայում երեխան ցուցաբերում է ակտիվ մասնակցություն ուսումնառության գործընթացին և ոչ թե մատնվում անգործության, որն էլ նրա մեջ ժամանակի ընթացքում ձևավորում է ծուլություն ու անվստահության զգացում, սովորեցնում անիմաստ վատնել ժամանակը ու թուլացնում սովորելու, նորը բացահայտելու աշակերտի կամքը:
Կամքը մեր հաջողությունների, ձեռքբերումների գրավականն է, իսկ ծուլությունը` անհաջողությունների պատճառներից մեկը: Մարդիկ սխալ պատկերացում ունեն այս երկու հակադիր բևեռների` կամքի և ծուլության վերաբերյալ: Իսկ ի՞նչ են դրանք իրականում: Ինչպե՞ս զարգացնել կամքը և ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը`չբռնանալով սեփական անձի վրա: Աշակերտը կհաղթահարի ծուլությունը և կցանկանա սովորել, եթե տվյալ առարկան հետաքրքրի նրան, օգնի ամեն օր բացահայտելու հետաքրքիր երևույթներ:
Առանց կրթության որևէ ձեռքբերման մասին խոսելն անգամ ավելորդ է, իսկ կրթությունն այսօր աշխարհը փոխելու ամենահզոր զենքն է:
Փորձը ցույց է տալիս, որ ուսուցչակենտրոն դասարանի մոդելն արդեն սպառել է իրեն. մերօրյա աշակերտներն իրենց անհատական աճի համար այլ մոտեցման կարիք ունեն: իկին Մեանյան ա արել, ամեն դեպքում ուղղենք: Սովորեցնելու արվեստին տիրապետելն առանձնահատուկ շնորհ է, և ուսուցիչները, ովքեր պատասխանատու են ապագայի մեր շառավիղի համար, պետք է լինեն դպրոցի սիրտը, աշակերտի միտքն ու հոգին առաջինը կարդացողները, որպեսզի կարողանան նրանց մեջ սերմանել սովորելու մեծ ցանկություն և սովորեցնել դա լավագույնս անելու ձևերը: Իսկ եթե մենք չմոտիվացնենք երեխաներին և չզարգացնենք գիտելիք ձեռք բերելու, դրանք շարունակաբար ավելացնելու հմտությունները, ապա նրանց ձեռք բերած գիտելիքները ժամանակավոր բնույթ կկրեն և կկորչեն` աշակերտի մեջ որևէ հետք չթողնելով: Այդ կերպ մենք կարող ենք աշակերտի մեջ սպանել սովորելու ցանկությունը, հետևաբար կամաց–կամաց հետին պլան կմղվի նաև «կամք» հասկացությունը: Այդ դեպքում սովորական կդառնան ծուլությունն ու անտարբերությունը, կկորչեն առաջնորդին բնորոշ լավագույն հատկությունները, որին կհաջորդեն «վատ շրջապատ», «կամք չունեցող», «անհետաքրքիր ու տգետ» բնորոշումներով մարդիկ:
Դպրոցի առջև ծառացած այս խնդիրները թույլ են տալիս այսօր մեզ առաջ քաշել նոր մոտեցումներ, մեթոդիկա, որոնք կրթությունը կդարձնեն հետաքրքիր, իսկ դպրոցը` սիրելի վայր, որտեղ հնարավոր կլինի ստանալ բոլոր «ինչո՞ւ» – ների պատասխանները:
Ստորև ներկայացնում ենք մի քանի անհրաժեշտ նախապայմաններ ու քայլեր, որ կարող են բարձրացնել դպրոցական կրթության որակը.
ճիշտ ընտրված ժամանակահատված, որը կրթական գործընթացի մասնակիցներին թույլ կտա ճանաչել միմյանց,
ճիշտ ընտրված մասնակիցներ, այն է` դպրոցական կոլեկտիվ, այլ ոչ թե անհատներ,
ճիշտ կառուցվածք, այսինքն` ուսումնական գործընթացի նախապատրաստում և վերահսկողություն. սա նույնքան կարևոր է, որքան անհատական աշխատանքը,
ճիշտ ընտրված մեթոդներ, որոնք կապահովեն աշակերտների ակտիվ ուսումնառությունը և դասի համառոտ, բայց բովանդակալից մատուցումը,
դասարանային և արտադասարանային գործունեության ճիշտ ժամաբաշխում, որը նախատեսում է սեմինար պարապմունքների և մշակութային գործունեության փոխկապակցվածություն ու համադրում,
ճիշտ հաղորդակցում` տեղեկատվության փոխանակմամբ և աշակերտ-աշակերտ, ուսուցիչ-աշակերտ կապի ապահովմամբ,
ճիշտ ընտրված ուսուցիչներ, որոնք կապահովեն ուսումնական գործընթացի կազմակերպման բազմազանությունը:
Այսօր մեզ անհրաժեշտ են բանիմաց, իրենց աշխատանքը սիրող և նրանով ապրող ուսուցիչներ, եթե մենք ձգտում ենք ունենալու կիրթ հասարակություն: Մեզ համար անընդունելի են մանկավարժության քարացած մեթոդները, որոնք միայն վնասում են աշակերտին:
Լավ ուսուցիչը պետք է գիտակցի, որ գործ ունի 21-րդ դարի աշակերտի հետ, որ երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ շփվելով: Աշակերտը սովորում է գործողության միջոցով, հետևաբար դպրոցի ծրագրերն ու տարվող աշխատանքները պետք է համապատասխանեն երեխայի զարգացման հնարավորություններին և միաժամանակ խթանեն նրա հետաքրքրասիրությունն ու զարգացնեն մտածողությունը:
«ՀԱՅ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» կրթական հիմնադրամի տնօրեն, մ.գ.թ. Մելանյա Գեղամյան
Նյմ 6, 2015 | Մեր առօրյան
Նոյեմբերի 5-ին Հայաստանի և Արցախի մի շարք դպրոցներում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը: Մեր դպրոցից մրցույթին մասնակցում էր 89 աշակերտ:
«Մեղու»-ի առաջադրանքները հետաքրքրաշարժ են, և աշակերտները մեծ ոգևորությամբ լուծում էին դրանք, իսկ մրցույթի ավարտից հետո` դեռ երկար քննարկում ու վերլուծում:
Սպասենք մեր աշակերտների արդյունքներին (արդյունքները պարզ կլինեն հունվարին) և հավատանք մեր ուշիմ սաների հաղթանակին:
Նյմ 5, 2015 | Մեր առօրյան
3 հոկտեմբեր. 2015թ. Ավարտվել է երգի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը՝ հանրակրթական դպրոցների 37 սաների մանակցությամբ /դասական, Էստրադային, ժողովրդական ժանրեր/:
Մրցույթի նպատակը շնորհալի և տաղանդավոր երեխաներին բացահայտելն ու խրախուսելն է, ինչը և ստացվել է…
Մրցույթ-փառատոնի արդյունքներն ամփոփել են հարգարժան
մտավորականներ, ժյուրիի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վատակավոր գործիչ, մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Էրեբունի-Երևան 2797-ամյակի առթիվ “Արգիշտի Ա” մեդալակիր,
Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանը և Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գոործիչ, “Մովսես Խորենացի” մեդալակիր, Էրեբունի-Երևան 2797-ամյակի առթիվ “Արգիշտի Ա” մեդալակիր Դավիթ Ղազարյանը:
Մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցները վարչական շրջանի ղեկավարի կողմից պարգևատրվել են արժեքավոր գրականությամբ:
Հկտ 21, 2015 | Մեր առօրյան
Հոկտեմբերի 16-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետականկառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:
Միջոցառման հիմնական բանախոսն էր ամերիկահայ դոկտոր Փիթեր Գևորկյանը, ով արևային էներգետիկայի ոլորտում համարվում է միջազգային հեղինակություն և հանդիսանում է բազմաթիվ միջազգային համբավ ունեցող գրքերի և արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ կայանների նախագծերի հեղինակ, ներկայացրեց տարբեր երկրներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների ներդրման տեխնոլոգիական, իրավական և քաղաքական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների միջազգային փորձը՝ Հայաստանում նշված ծրագրերի իրականացումը հաջողությամբ իրականացնելու հնարավորությունները:

Հկտ 17, 2015 | Մեր առօրյան
Հայ մեծ վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջին իսկ օրվանից հուզում էին 8-րդ դասարանցիներին: Նրանք այդ հարցերով ուղղակի հեղեղում էին գրականության ուսուցչուհուն՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ե՞րբ, արդյո՞ք, մի՞թե…
Դրանց պատասխանը գտնելու համար հոկտեմբերյան մի արևոտ օր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի աշակերտները ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանք, որի գավթի տեսարանով էլ ավարտվում է մեծ ռոմանտիկի վեպը:
Ահա և վանքը, Խենթի տապանաքարը՝ ծննդյան և մահվան տարեթվերով, հերոսի իսկական անուն-ազգանունով: Ծաղիկներ, համառոտ անդրադարձ Սամսոն Տեր-Պողոսյանի սխրալից կյանքի ուղուն: Պատանիները հուզախռով վիճակում են. հենց այստեղ և հենց այս պահին իրենք անմիջականորեն շաղախվում են հարազատ ժողովրդի պատմությանը… 
Իսկ վանքի հին գերեզմանատանը ութերորդցիները սրտի թրթիռով գտան Լալայի համեստ շիրմաքարը: Աղջիկներից ոմանք հուզմունքից լռել էին. այնքա՜ն են պատկերացրել այս պահը:
Ուրախալին այն էր, որ «Խենթի» հերոսուհու գերեզմանին մեզանից առաջ էլ այցելողներ էին եղել, վկայությունը՝ չորացած սպիտակ մեխակները, որոնց կողքին և շուրջը վարդ ու մեխակներ շարեցին մեր ութերորդցիները:
Վերադարձին, արտասանելով Վահագն Դավթյանի «Զվարթնոցի արծիվը», խումբը կանգ առավ «Զվարթնոց» պետական արգելոց-թանգարանի մոտ: Չքնաղ տաճարի կանգուն և տապալված խոյակներն ուսումնասիրելուց, ավերակների մոտ լուսանկարվելուց, ասմունքելուց հետո խումբը բռնեց տունդարձի ճանապարհը:
