Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին:
«Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւ Բարսեղյանը վերջերս հատուկ հավաստագրի է արժանացել Համաշխարհային փոստային միության միջազգային ժյուրիի կողմից: Նա իր շարադրությամբ մասնակցել էր Նամակագրության միջազգային մրցույթին, որի այս տարվա թեման էր՝ «Աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ»: Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւը նշեց, որ ստացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը ու հատուկ հավաստագիրը: «Պահանջն էր մտքերը շարադրել 600-800 բառի սահմաններում ու խոսել այն աշխարհի մասին, որտեղ կուզենայինք ապրել ու մեծանալ: Ընդ որում, շարադրությունը պետք է նամակի նման գրվեր, հղված լիներ մեկին: Այն հաճույքով եմ գրել, գրել եմ, որ չպետք է հուսահատվել, պետք է անընդհատ առաջ գնալ ու վստահ լինել, որ նպատակներդ կիրականանան: Կարեւորը սրտի ձայնին լսելն է»,- պատմեց աշակերտուհին:
Տաթեւի հայոց լեզվի ուսուցչուհին՝ Լիլիթ Բախշյանն էլ հայտնեց, որ իրենց կրթահամալիրից երկու աշակերտ էր շարադրություն ուղարկել՝ էլենը եւ Տաթեւը, Հայաստանից ընտրվել էր Տաթեւի շարադրությունը: «Տաթեւը շատ զգացմունքային մարդ է, անուշ երգում է, խորը անհատականություն է: Անչափ ուրախացա, որ իր շարադրությունը հաղթեց: Ուղարկելուց առաջ շարադրությունը Տաթեւիկի մայրիկը թարգմանել էր անգլերեն, որովհետեւ այդպիսի պահանջ կար: Այդ ընթացքում մենք Տաթեւի հետ շատ սիրով աշխատեցինք, ավելի մտերմացանք: Մի բան պարզ է՝եթե մի բան սիրով ես անում, հրաշալի արդյունք է լինում: Ժյուրին Շվեյցարիայում յուրաքանչյուր երկրից ընդամենը մեկ շարադրություն է ընտրել:
Իմիջիայլոց «Հայփոստում» մեզ ասացին, որ տարիներ շարունակ Հայաստանը մասնակցել է Համաշխարհային փոստային միության մրցույթին եւ երբեք որեւէ մրցանակի չի արժանացել: Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/15/619135/
© 1998 — 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից



