Ներառական կրթություն

Ներառական կրթություն

Հոկտեմբերի 20-22-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի  Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տեղի ունեցավ եռօրյա սեմինար ներառական կրթության վերաբերյալ: Այն վարում էր ԿԱԻ փոփտնօրեն Անահիտ Բախշյանը: Դասախոսության նպատակներից էր հիմնավորել ներառական կրթություն իրականացնելու անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցում: Ա. Բախշյանը նշեց, որ 2001 թ. ԿԳՆ-ն «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ սկսեց Հայաստանում իրականացնել ներառական կրթության ծրագիրը:

Սեմինարավարը շեշտեց, որ ներառական կրթության շնորհիվ երեխաներն ավելի լավ արդյունքի են հասնում, սովորում են միասին և  միմյանցից, վերջ է տրվում խտրականությանը, այն նպաստում է բարեկամության, հարգանքի, փոխըմբռնման հաստատմանը: Նա նշեց, որ ակադեմիական և սոցիալական առումներով երեխաներն ավելի լավ արդյունքի են հասնում ներառական կրթություն ստանալու դեպքում:

Ա. Բախշյանը հավելեց նաև, որ որակյալ ներառական կրթություն հնարավոր է իրականացնել, եթե գործում է բազմամասնագիտական թիմ, և ուսուցիչները այդ գաղափարախոսության կրողներն են:  Նա փաստեց, որ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում կան անհրաժեշտ բոլոր պայմանները ներառական կրթություն իրականացնելու համար, և հույս հայտնեց, որ հաջորդ ուստարում դպրոցը հաջողությամբ կիրականացնի որակյալ կրթություն բոլորի համար:

Ծառատունկ

Ծառատունկ

Մռայլ երկինքն այդ առավոտ ցրել էր իր թուխպերը և  ամենախոր անհունից  ժպտում էր Հայաստան աշխարհին: Ասես պատվերով առաքված աշնանային այդ արևոտ օրվան սպասում էին Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի մի գողտրիկ անկյունում. «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան  դպրոցն ու համայնքային կենտրոնը «Էյ Թի Փի»  բարեգործական հիմնադրամի հետ դպրոցի կանաչապատ տարածքում անցկացրին համատեղ ծառատունկ: Մինչև օրվա վերջ տնկարկվեց  500 ծառ և թուփ՝ գիհի, դրախտանոճի (տուա), թխկի և այլն: Դպրոցի 4-10-րդ դասարանների պատանի երկրագործները սիրով էին հող մտցնում, ամրացնում ու ջրում  յուրաքանչյուր մատղաշ տնկի:

Երեկոյանում էր, բայց «Հայ կրթության» սաները դեռ շրջում էին դպրոցամերձ ընդարձակ տարածքում, ստուգում, իրենց իսկ կատարած աշխատանքը: Նրանցից յուրաքանչյուրը նաև ընտրում էր «իր» ծառը, որն այսուհետ խնամելու էր և պահպանելու և, ի՞նչ իմանաս, որին գուցե նաև պահ էր տալու իր պատանեկան հոգու թաքուն իղձերն ու երազանքերը և որին գուցեև այցի էր գալու տարիներ անց… իր դպրոցական բալիկի ձեռքը բռնած:

«Մեղու»

«Մեղու»

2014 թ. հոկտեմբերի 31-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի դպրոցներում առաջին անգամ կազմակերպվեց և անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը: Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել  Հայաստանի և Արցախի 962 դպրոցի ավելի քան 44 700 աշակերտ։ Մրցույթին  մասնակցում էր «Հայ կրթություն» կրթական հիմանադրամի 3-10-րդ դասարանների 61 աշակերտ:

Մեր կրթահամալիրի սաների համար մրցույթը կազմակերպվել էր Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի նորակառույց շենքի լուսավոր և հարմարավետ ընթերցասրահում: Այն կազմակերպված էր համաձայն մրցույթի կազմակերպիչների բոլոր  պահանջների և ցուցումների: Մրցույթն անցավ սահուն և առանց որևէ խախտման:

Մրցույթի բոլոր մասնակիցներին բաժանվեցին հուշանվերներ: Բոլոր աշակերտները մրցույթի   ավարտից հետո միմյանց հետ խանդավառությամբ քննարկում էին թեստերը, կիսվում տպավորություններով:

«Մեղու»  մրցույթը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի  սաները հետաքրքրված են հայոց լեզվով և սիրում են այն:

Մեղու. հայերենը բոլորի համար

Մեղու. հայերենը բոլորի համար

2014 թվականի հոկտեմբերի 30-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին մասնակցեցին նաև «Հայ կրթություն» կրթահամալիրի 61 աշակերտներ:
2015 թվականի փետրվարի 17-ին Երևանի թիվ 181 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեղու»-ի մրցանակաբաշխությունը: Կրթահամալիրի՝ մրցույթին մասնակցած աշակերտներից շատերը հավաքել էին թեև ոչ անցողիկ, բայց բարձր միավորներ:Իսկ 4-րդ դասարանի Խոյեցյան Լյովան վաստակել էր 96 միավոր և արժանացել «լավագույն» մրցանակի, ինչը մեծ ուրախություն պարգևեց ամբողջ դպրոցին:

«Ռուսական արջուկ»

«Ռուսական արջուկ»

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի 290 և Ստեփանակերտի 12 դպրոցների 7932 աշակերտ մասնակցում է Հայաստանում պաշտոնապես արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթին։ Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային հայտնի մրցույթների շարքից է  և նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին: Այն միտված է նաև ցույց տալու ռուսաց լեզվի գեղեցկությունն ու հարստությունը, խթանելու հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ:

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամից մրցույթին մասնակցում է 4-9-րդ դասարանների 25 աշակերտ:

Աշակերտներին մաղթում ենք բարձր արդյունքներ:

Կանաչ ճանապա´րհ ձեզ, սիրելի´ աշակերտներ:

 

Բանավեճի ակումբ

Բանավեճի ակումբ

Նոյեմբերի 22-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավեդիսյան դպրոցում իր աշխատանքները սկսեց անգլերեն Բանավեճի ակումբը: Ակումբի մասնակիցներն են Ավեդիսյան դպրոցի 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանի աշակերտները: Ակումբի աշխատանքները համակարգում են Խաղաղության կորպուսի կամավոր Ադամ Հաուշը և դպրոցի անգլերենի ուսուցիչ Յուլիա Մկրտչյանը:

Բացմանը ներկա էին նաև Ավեդիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը և դպրոցի խորհրդատու Սերոբ Խաչատրյանը:

Հաջողությո´ւն, սիրելի´ աշակերտներ: Մաղթում ենք ձեզ արգասաբեր և արդյունավետ թիմային աշխատանք: