ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, Կանադայում, Գերմանիայում և  Ռուսաստանում, հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր:

Ո՞րն է ուսուցիչներին գնահատելու և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելու լավագույն եղանակը: Արդյո՞ք բավական է մեր ուսուցիչներին հոկտեմբերի 5-ին ծաղիկներ նվիրելը, թե՞   անհրաժեշտ է այլ արժեքավոր նվեր կամ դրամական պարգև: Չէ՞  որ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը, համեմատած զարգացած երկրներում ուսուցչի աշխատավարձի հետ, բավական ցածր է, և նյութական խրախուսանքը կարող է ոգևորել ուսուցիչներին: Խոսքն, իհարկե, ուսումնական հաստատության կողմից տրվող դրամական պարգևի կամ աշխատավարձի բարձրացման մասին է:  Բարձրացնելով ուսուցչի աշխատավարձը՝ առավել կընդգծենք նրանց աշխատանքի կարևորությունն ու կենսականությունը սերունդների դաստիարակության և կրթության հարցում:

Ուսուցչի տոնին գնահատված զգալն, իհարկե, վատ չէ, բայց մի՞թե իսկական ուսուցիչն աշխատում է հանուն նվերի կամ քաջալերական խոսքի: Մի՞թե նրան ոգևորում է միայն աշխատավարձի չափը:

Մեր կարծիքով նման քայլերը շարժիչ ուժ չեն ուսուցիչների համար և բավական չեն կրթական համակարգի բարելավման համար: Մենք չենք կարող պատշաճ կերպով գնահատել ուսուցիչներին՝ առանց գիտակցելու կրթության կարևորությունը և ուսուցիչների հիմնական դերն այն արդյունավետ դարձնելու հարցում:

Լավ կրթված հասարակությունը տնտեսական զարգացման և առողջ ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է: Կրթությունն ամենալավ նվերն է, որ կարելի է տալ երեխային: Արդյունավետ կրթական համակարգը լավագույն նվերն է, որ ազգը կարող է պարգևել ինքն իրեն:

Կրթությունը մեր երկրի տնտեսական և քաղաքական զարգացման կարևորագույն և հիմնական նախապայմանն է, իսկ ուսուցիչները՝ ժողովրդի կրթական համակարգի ամենակարևոր բաղադրիչները:  Լավ  ուսուցիչը իր ամենօրյա աշխատանքով  խթանում է մեր երկրի զարգացումը:

Ուսուցիչներին գնահատելու լավագույն միջոցներից մեկը կրթական համակարգի մակարդակի բարձրացումն է: Սա թույլ կտա, որ ուսուցիչը հպարտանա իր մասնագիտությամբ և ձգտի ավելի արդյունավետ աշխատելու:

Ներկայացնում ենք մի քանի կարևոր քայլեր, որոնք մեր կարծիքով կնպաստեն Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը.

բարձրացնել ուսուցչի դերը նոր սերնդի հայեցի դաստիարակության գործում,

ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի առավել մեծ թվով տաղանդավոր և բանիմաց  մարդիկ ընտրեն այս մասնագիտությունը,

ուսուցիչներին տալ աշխատանքային և ստեղծագործական ազատություն,

խրախուսել նրանց  նախաձեռնողականությունը  և ստեղծագործ միտքը,

ուսուցիչներին հնարավորություն ընձեռել շարունակ սովորելու և զարգանալու, ինչպես նաև հարկ եղած դեպքում կրթությունը շարունակելու,

ստեղծել արդյունավետ մեխանիզմներ՝ ուսուցչի արդյունավետությունը գնահատելու և բարձրացնելու համար,

երեխաների կրթության և դաստիարակության գործում ավելի մեծացնել ծնողների ներդրումը՝ ամրացնելով ու զարգացնլով ծնող-ուսուցիչ կապը:

Այս բարեփոխումները խիստ կարևոր են և կենսական: Մեր երեխաներն արժանի են լավագույն կրթությանը, որ կյանքը կարող է առաջարկել: Մեր ազգն արժանի է, որ դեպի  ապագա իրեն առաջնորդեն կիրթ, բանիմաց և  բարոյական ու մասնագիտական բարձր որակներով օժտված  անձինք:

Եկե՛ք բարելավենք մեր կրթական համակարգը՝ դարձնելով այն լավագույնը: Այս ամենի շնորհիվ մեր ուսուցիչն իրեն կզգա առավել գնահատված ու կարևոր, ինչն էլ իր հերթին կնպաստի կրթության առաջընթացին:

 

«Ավետիսյան» դպրոցի և  Ամերիկայի  Հայ Ավետարանչական ընկերակցության անակնկալը հղի ուսուցիչներին

«Ավետիսյան» դպրոցի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անակնկալը հղի ուսուցիչներին

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի և համայնքային կենտրոնի տնօրենությունը Ուսուցչի միջազգային օրը հիշարժան դարձրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի հղի ուսուցիչների համար: Նրանք հրավիրվել էին մեր դպրոց՝ մասնակցելու տոնական միջոցառմանը,  և  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից ստացան զանազան նվերներ: Դպրոցի տնօրեն տիկին Գեղամյանը ապագա մայրերին մաղթեց քաջառողջություն՝ խոստանալով, որ «Ավետիսյան» դպրոցի և մանկապարտեզի դռներն ապագայում միշտ բաց կլինեն լույս աշխարհ գալ պատրաստվող այս փոքրիկների առջև:

«Ավետիսյան» դպրոցը մասնակցեց «ԷյԹիՓի»-ի հերթական նախաձեռնությանը

«Ավետիսյան» դպրոցը մասնակցեց «ԷյԹիՓի»-ի հերթական նախաձեռնությանը

«Ավետիսյան» կրթահամալիրը՝ Հայաստանի առաջին կանաչ դպրոցը,  կարևորելով աշակերտների բնապահպանական դաստիարակությունը, շարունակում է մասնակցել հասարակական տարբեր նախաձեռնությունների, որոնց նպատակը շրջակա միջավայրի պահպանումն է:

Այս անգամ մեր դպրոցը մասնակցեց  սեպտեմբերի 26-ին «ԷյԹիՓի» բնապահպանական կազմակերպության նախաձեռնած աղբհավաքին («ԷյԹիՓի»-ի հետ համագործակցությունը սկսվել է 2014 թվականին), որը իրականացվում էր Ապարանի Միրաք գյուղի շրջակայքում գտնվող սոսիների պուրակում: Մեր դպրոցի աշակերտները աշխարհագրության ուսուցիչ Ք. Գևորգյանի և քիմիայի ուսուցիչ Ծ. Մանուկյանի հետ սիրով օգնեցին պուրակի մաքրման աշխատանքներին:

Նման նախաձեռնություններն աշակերտներին ևս մեկ անգամ հիշեցնում են շրջակա միջավայրի պահպանության կենսականությունն ու նրանց մեջ ձևավորում պատասխանատվություն բնության նկատմամբ:

Այցելություն Եռաբլուր

Այցելություն Եռաբլուր

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, դպրոցի երկրապահ կամավորական միության անդամ աշակերտները դպրոցի զինղեկ Եփրեմ Մազմանյանի ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհված ազատամարտիկների հիշատակին: Աշակերտները մոմեր վառեցին և ծաղկեփնջեր դրեցին ազատամարտիկների գերեզմանաքարերին ՝ արտահայտելով իրենց խոր երախտագիտությունը:

 

Արտակարգ իրավիճակների նախարության աշխատակցի օրը «Ավետիսյան» դպրոցում

Արտակարգ իրավիճակների նախարության աշխատակցի օրը «Ավետիսյան» դպրոցում

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի ուսուցիչ Եփրեմ Մազմանյանի նախաձեռնութամբ կազմակերպվել էր միջոցառում՝ «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով: Այն ուսուցողական էր, նրա նպատակն էր աշակերտներին իրազեկել երկրաշարժերի մշտական վտանգի, բնական աղետների ժամանակ անհրաժեշտ գործողությունների և մարդկանց վարքի մասին:
Միջոցառմանը ներկա էին մանկապարտեզի, տարրական, միջին և ավագ դպրոցի բոլոր սաներն ու ուսուցիչները:
Ուսուցողական նմանատիպ միջոցառումները կարևոր են ու անհրաժեշտ. բնական աղետների ժամանակ հաճախ մարդկանց գործողություններից ու վարքից են կախված նրանց կյանքն ու առողջությունը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար, ՀԽ անդամ` Տիգրան Թովմասյանը: