«Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը եւ արքան, մարդու հայրենիքի այս հարատեւ կռվի ոչ մի պահը չուրացած եւ ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը»,- այսպես է Եղիշե Չարենցի մասին գրել արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը:
Նոյեմբերի 28-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – հանրակրթական դպրոց համագործակցության շրջանակում համալսարանի հայ նոր և նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ «Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան» կրթահամալիրում իրականացվեց միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120 և մահվան 80 ամյակներին: Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի աշակերտները եւ այնտեղ իրենց ամփոփիչ-գնահատողական պրակտիկան անցած չորրորդ կուրսի 9 ուսանողներ: Իրենց դերասանական խաղով ու երաժշտական կատարումներով առանձնացան աշակերտներ Նվեր Պետրոսյանը (12-րդ դասարան), Շալիկո Եղիազարյանը (9-րդ դասարան), Թագուհի Սիմոնյանը (11-րդ դասարան), Արմենուհի Հովակիմյանը (11-րդ դասարան), Նարե Բագրատունյանը (7-րդ դասարան), բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Անի Ղալաչյանը, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սեւակ Հովհաննիսյանը:
Հանդիսությունը հագեցած էր Չարենցի ստեղծագործության տարողունակությամբ ու հանճարեղությամբ, բանաստեղծի մարդկային տեսակի եզակի կոլորիտով։ Ներկաները վայելեցին բանաստեղծի ստեղծագործությունները, ինչպես նաև ունկնդրեցին դրանց հիման վրա ստեղծված երգերը՝ կարծես ականատեսն ու ուղեկիցը լինելով բանաստեղծի թեկուզ և կարճ, բայց հարուստ ու խորը հետք թողած կենսագրության․ ծննդավայր Կարսից մինչև կապուտաչյա հայրենիքի փնտրտուքներ, առաջին աշխարհամարտից մինչև 30-ականների հավատաքննություն, մինչև 37-ի այն առավոտը, երբ ընդհատվել է բանաստեղծի երկրային կյանքը։
Միջոցառմանը ներկա էին դպրոցի բարերար Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Աշոտ Գալստյանը, հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆ. Սուրեն Դանիելյանը, բ.գ.թ., դոցենտ, նույն ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Լուսինե Գալստյանը, ֆակուլտետի դեկանի՝ ուսումնական գծով տեղակալ, բ.գ.թ., դոցենտ Նաիրա Խաչատրյանը, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը, դպրոցի ողջ ուսուցչական կազմը և աշակերտները: Միջոցառումն իրականացվեց համալսարանի հայ նոր եւ նորագույն գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քնարիկ Աբրահամյանի եւ համալսարանի պրակտիկայի վարչության մասնագետ Գարունա Երանոսյանի անմիջական ջանքերով:
Հանդիսության ավարտին իրենց շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը, ով իր խոսքում շեշտադրեց Չարենց բանաստեղծի ներկայությունն իր հոգեաշխարհում ու նրա հաղորդած ստեղծագործական լիցքերը:
Իր դրական տպավորությունները ներկաների հետ բաժանեց Հարութ Ներսեսսյանը:
Իսկ ահա ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը գնահատեց այն, որ Չարենցը ներկայացավ ոչ սովորական ձեւաչափի մեջ: «Մեր առջեւ Չարենցն էր՝ իր մարդկային ու բանաստեղծական ներուժով: Ու այսօր, այս հանդիսությամբ, մենք հաստատում ենք, որ 1937-ին, բանաստեղծի մահով նրա կյանքը չի ընդհատվել, որովհետեւ այսօր մենք, ուսուցիչ թե աշակերտ, դասախոս թե ուսանող, բարբառում ենք Չարենց: Սա է թերեւս ամենակարեւոր դասը»:
Միջոցառման ավարտին տիկին Գեղամյանը իր շնորհակալական խոսքն ասաց պրակտիկանտ ուսանողներին եւ նվերներ հանձնեց:
Թերեզա Բարսեղյան
ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի