Գրադարան

Ավետիսյան դպրոցի գրադարանը զբաղեցնում է 274 քմ տարածք: Գրադարանը այն վայրն է, որտեղ աշակերտներն ու ուսուցիչները կարող են աշխատել, անցկացնել դասերից դուրս ազատ ժամանակը, ծանոթանալ պարբերականներին կամ պարզապես հաղորդակցվել միմյանց հետ:

Մեր գրադարանը լուսավոր է, մեծ, ունի քառասուն տեղով ընթերցասրահ:

Մեր դպրոցի գրադարանը յուրօրինակ ուսուցիչ է, որի գործունեությունից է կախված, թե մենք ինչպիսի ընթերցող ենք դաստիարակում, ինչպես է տեղի ունենում աշակերտի մուտքը գրքերի աշխարհ:

Մեր գրադարանավարի աշխատանքում կարեւորն ու գլխավորը գրքի ընտրությունն է, որը նա առաջարկում է աշակերտին: Եթե առաջարկած գիրքն օգնում է աշակերտին առօրյա աշխատանքում, հոգեկան բավարարվածություն պատճառում, ձեւավորում պատկերավոր մտածելակերպ, փոխում վարքագիծը, կարելի է չկասկածել, որ այդպիսի աշակերտի մոտ կձեւավորվի ընթերցասիրություն, եւ կարդալու նրա ցանկությունը այլեւս երբեք չի մարի:

Թեեւ մեր գրադարանի պահոցները այնքան էլ հարուստ չեն, սակայն դրանք մշտապես լրացվում են, երբեմն՝ մեր աշակերտների, ծնողների, ուսուցիչների եւ աջակիցների նվիրատվության հաշվին: Գրադարանում գործում է գրքերի վերականգման բաժինը:

Գրադարանավարի գործունեության հիմքում ընկած է տարեկան ծրագիրը, որը ներառում է հիշարժան տարեթվեր, մշակույթի եւ գրականության նշանավոր դեմքերի հոբելյաններ, գրքերի քննարկումներ, բեմականացումներ:

Ծնողների համար պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ դաստիարակության, կրթության, հոգեբանության թեմաներով:

Այսպես՝ աշակերտի, ուսուցչի, ծնողի եւ գրադարանավարի փոխգործակցության արդյունքում գրադարանը դառնում է կրթամշակութային յուրօրինակ կենտրոն: