Ավետիսյան դպրոցի սիրելի աշակերտներ, շրջանավարտներ, որ արդեն դարձել եք ուսանող, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ.

Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի եւ դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի:

Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսեւորումներից է, եւ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ եւ Գիտելիքի օր, տոնական, ոգեւորիչ ու լիահույս է լինում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը:

Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել եւս կարեւորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը:

Հարգարժա՜ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարեւոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։

Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների եւ ունակությունների ձեռքբերման պատասխանատու եւ կարեւոր շրջան, եւ արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ:

Թող որ այսօր դպրոցը լինի երազների իրականացման տուն,
կրթությունը՝ ցանկալի եւ հետաքրքիր,
Ուսուցիչը՝ գնահատված ու սիրված:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ։

Մելանյա Գեղամյան

01.09.2023թ.