Ուսուցչի օրը տոն է բոլորի համար մի պարզ պատճառով. աշխարհում չկա մարդ, որ ուսուցիչ չունենա: Եվ հոկտեմբերի 5-ը յուրաքանչյուրի համար առիթ է վերհուշի, խոստովանության եւ խոնարհումի: Այս օրը յուրաքանչյուրը հիշում է իր ուսուցիչներին, հատկապես այն մեկին, ով ամենաշատն է ազդեցություն ունեցել իր՝ որպես անհատ ձեւավորման եւ կյանքի ճանապարհի ընտրության հարցում:

Սիրելի ուսուցիչնե՛ր,

Բոլոր ժամանակաշրջաններում, մարդկային էվոլյուցիային եւ գիտատեխնիկական զարգացմանը զուգընթաց, եղել են մասնագիտություններ, որ վերացել են, փոխարինվել այլ մասնագիտություններով: Ուսուցչի մասնագիտությունն աշխարհի արարման օրից կա ու կլինի միշտ, քանի դեռ կա մարդկությունը: Որովհետեւ, մարդկային էակը միշտ սովորելու կարիք ունի: Հենց սրանով է կարեւորվում ուսուցչի առաքելությո՛ւնը:

Բոլոր ժամանակներում էլ ուսուցչի դերակատարությունը նույնն է՝ տալ գիտելիքներ, դաստիարակել, զարգացնել հմտություններ ու կարողություններ:

Պետք է սակայն, հասկանալ, թե կոնկրետ ժամանակաշրջանում եւ ապագային միտված ո՞ր գիտելիքներն են կարեւոր եւ ինչպիսի՞ հմտություններ ու կարողություններ է անհրաժեշտ զարգացնել:
Իսկ դա նշանակում է, որ ուսուցիչն ինքը պիտի փոխվի ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին համահունչ եւ մշտապես լինի ոչ միայն սովորեցնողի, այլեւ սովորողի դերում: Հենց դրանում է լա՛վ ուսուցիչ լինելու դժվարությունը:

Ուսուցչությունն աշխատանք չէ, որը կատարում են պարզապես աշխատավարձի համար: Ուսուցչությունն առաքելություն է, որը նվիրում է պահանջում: Եվ հենց դրա համար է ասվում, որ ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է:

Մենք դարեր շարունակ դիմակայել ենք փորձություններին, եւ դեռ պայքարի մեջ ենք: Սակայն վստահ ենք, որ բոլոր ժամանակներում էլ մենք ունեցե՛լ ենք լավ ուսուցիչներ, ուսուցիչներ, ովքեր դաստիարակել են խելացի՛, հայրենասե՛ր, խիզա՛խ ու տաղանդավո՛ր սերունդներ: Այդ մասին է վկայում մեր պատմական անցյալն ու ներկան:

Որպեսզի այս երթն անխախտ մնա եւ գալիք բոլոր հայ սերունդներն էլ արժանանան անկախ ու հզոր Հայրենիքի զավակները լինելու պատվին, կարեւոր անելիքներ ունենք բոլորս:

Ուսուցիչը նորից պիտի դառնա ամենահեղինակավոր մարդը մեր հասարակության մեջ, որին պիտի ձգտեն հասնել լավագույնները: Իսկ դրա համար պիտի կարողանանք նորից գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը՝ ոչ միայն նրա սոցիալական վիճակը բարելավելով, այլեւ մանկավարժական կրթության մեջ անհրաժեշտ բարեփոխումներ կատարելով:

Դրան հասնել հեշտ չէ, մանավանդ, չկարգավորված հակամարտության եւ չճանաչվածության պայմաններում: Բայց, կյանքն է վկայում. սահմանափակումները միայն ստիպում են ավելի ուժեղ եւ հնարամիտ դառնալ: Մենք գտնելո՛ւ ենք լուծումները: Եվ ոչինչ չի շեղելու մեզ մեր ընտրած ճանապարհից:

Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի ուսուցիչներ: Գլուխ եմ խոնարհում Ձեր առջեւ: Եվ խնդրում եմ. միշտ Ձեր բարձունքի վրա մնացեք: Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցեք սկսնակ ուսուցիչներին նույն ծնողական հոգատարությամբ, ինչպես որ վերաբերվում եք Ձեր աշակերտներին:

Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ Արցախից տեղահանված եւ մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչներին մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ, բարօրություն եւ անսահման սեր ու ջերմություն:

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.