Երևան-2800: Ավետիսյան դպրոց: Երևանը կյանք է, Երևանը սեր է…

Ահա արքան Արգիշտի, ահա արքայամայրն՝ իր իմաստուն խորհուրդներով, ահա և Էրեբունի ամրոցը կառուցելու վճիռը ՝ «ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամյաց»: Եվ, իհարկե, և անպայման՝ քարե «վավերագիրն» այդ հրամանի: Ու հենց բեմում, մեր աչքի առաջ, հյուսվում է հայոց չքնաղագեղ ոստանի լեգենդ-պատմությունը: Հյուսվում է երգով, պարով, թատերախաղով, կինոժամանակագրությամբ ու երևանյան անկրկնելի գույներով: Հյուսվում է այն անկեղծ սիրով, որ կարող են ունենալ միայն դեռահաս ու պատանի երեխաները:

Մեր իսկ աչքերի առաջ Երևանն ասես հառնում է դարերի խորքից, աճում, զորանում, հասնում այսօրվան, և դա արվում է այնպիսի նրբությամբ ու սիրով, որ ոչ ոք չի նկատում՝ ինչպես այդ ամենահաղթ սերը բեմից ծորում է ցած և ափեափ լցնում դահլիճը. բեմում հանդես եկողներին հավասար երգում ու պարում են նաև դահլիճում նստած երևանցիները: Համադպրոցական տոնը աննկատելիորեն վերածվում է Երևանի համաժողովրդական տոնի փոքրիկ մանրակերտի…

«Մեծանաս դարո՜վ, Երևա՜ն»,- հոգու խորքից ձայնակցում են դահլիճի մեծ ու փոքրը:

… Իսկ հետո մեր չքնաղ մայրաքաղաքի հանդեպ սերը Ավետիսյան դպրոցի կամարներից հորդում է դուրս և սփռվում՝ միաձուլվելու հազար-հազարավոր սրտերից հորդացած սիրո հորձանքին: