aspu.am

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչպես գիտենք, Հայաստանում մարտի 16-ից մայիսի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն, փակված են բոլոր կրթական հաստատությունները: Որպեսզի աշակերտներն ու ուսանողները, անգամ մանկապարտեզի տարիքի երեխաները հետ չմնան իրենց կրթական ծրագրերից, մեր երկրում որոշում կայացվեց անցնել հեռավար կրթության:

Ինչպես բոլոր կրթական հաստատություններում, այնպես էլ մեր դպրոցում սկզբում մի թեթև խուճապ կար, թե կարող է չհասցնենք, նոր ոճը կարող է արդյունավետ չլինել. չէ՞ որ ուսուցիչների, անկեղծ լինենք՝ նաև աշակերտների մեծ մասը ծանոթ չէր հեռավար ուսուցման հնարավորություն ընձեռող ծրագրերին: Բայց շատ շուտով ամեն ինչ հստակեցվեց, կազմակերպվեց և հունի մեջ ընկավ:

Առաջին քայլը, որ ձեռնարկեցինք անհապաղ, Zoom հարթակից օգտվելու հմտությունների  յուրացումն էր,  եւ գրեթե բոլորն սկսեցին օգտվել  այդ  հարթակից, ինչը հնարավորություն  տվեց ամբողջ դասարանին,  ինչո՞ւ չէ, նաեւ  բոլոր մանկավարժներին, երբեմն նաև ծնողներին  հավաքել համակարգչի էկրանի մոտ: Zoom հարթակը մեզ տվեց մի շարք նոր հնարավորություններ, օրինակ՝ օգտագործել օնլայն գրատախտակ, սահիկաշար՝ միաժամանակ տեսանելի ամբողջ դասարանին: Համացանցի հասանելիությունը թույլ տվեց կազմակերպել տեսանյութերի համատեղ դիտում և քննարկում, կազմակերպել ինտերակտիվ խաղեր, դրանցով ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնել դասը: Այս հարթակը հնարավորություն է տալիս կիրառելու տարբեր գործիքներ:, Օրինակ՝ Zoom-ի հարթակում դասագիրքն եմ էկրան բերում, երեխան աշխատում է և՛ իր դասագրքով, և՛լրացուցիչ նյութով։ Նորարարությունն ու նոր տեխնոլոգիաներին տիրապետելը մեծ ոգևորություն է առաջացնում դեռահասների մեջ։ Էկրանն օգտագործվում է 100 տոկոսով: Անձամբ ես հանդիպումների ժամանակ  հաճախ օգտվում եմ LearningApps, Quiz ծրագրերից, ինչը բավականին խանդավառություն է առաջացրել աշակերտների շրջանում, կարծես ամեն դասի անհամբեր սպասում են. պատկերներին գունային երանգներ եմ տալիս, ավելի մատչելի, հասանելի դարձնում տարբեր գույներով, քան դպրոցում՝ գրատախտակին էի կարողանում դա ցույց տալ։

Աշխատանքի ընթացքում մեզ պարզ դարձան հեռավար կրթության դրական եւ բացասական կողմերը, սակայն ես մնում եմ այն համոզմունքին, որ դրական կողմերը գերակշռում են: Ինչպես ցույց է տալիս կենսափորձը, սովորել ցանկացող աշակերտի համար սա լիարժեք դասընթաց է. կողքից ոչ ոք չի խանգարում, երեխան անհատապես ուսուցչի հետ է աշխատում։ Բնականաբար, ով ցանկություն չունի սովորելու, նրա համար մի քիչ դժվար է։

Կարծում եմ, հեռավար ուսուցման կազմակերպումը բարձրացրեց ուսուցչի հեղինակությունն այն առումով, որ ծնողը մոտիկից տեսավ, թե ուսուցիչն ինչքան ջանք ու կորով է ներդնում իր երեխային կրթելու համար: Այն նաև դարձավ ծնողների, աշակերտների միավորման առիթ. ծնողներն ու մանկավարժական կոլեկտիվը մտերմացան: Ծնողները Viber-ին տեսանյութեր են ուղարկում, թե ինչպես են պատրաստվել երեխաները դասին, կատարել գրավոր առաջադրանքը: Էլեկտրոնային դասարանում տիրում է առողջ մրցակցություն։

Իմ կարծիքով, սա հեռանկարային գործընթաց է: Ճիշտ է, այն   սկսվել է դժվար պահերին, խնդրահարույց է եղել, բայց միևնույն ժամանակ սահմանամերձ գյուղերի համար սա հնարավորություն է, որ մասնագետ չլինելու դեպքում  աշակերտները չտուժեն. դպրոցում կարող է կազմակերպվել այն առարկաների հեռավար ուսուցումը, որոնց մասնագետը դպրոցում չկա: Այն հաջողությամբ կկիրառվի նաև աշակերտի տևական բացակայության դեպքում:

Հեռավար կարգով լուծվեցին նաև կազմակերպական շատ հարցեր… Այս հարթակում կարողացանք անցկացնել առարկայական մեթոդմիավորումների նիստերը, մանկավարժական խորհրդի ժողովը, հանդիպումներ ծնողական խորհրդի կազմի հետ եւ այլն:

Մանկավարժական խորհրդի վերջին նիստին խոսեցինք նաեւ հեռավար ուսուցման թերությունների մասին. ուսուցիչները նշեցին, որ օնլայն հարթակներին միանալու գործում որոշ երեխաներ ունենում են տեխնիկական խնդիրներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ քանիցս անդրադարձավ այս հարցին։ Նա նաև կոչ արեց չօգտագործվող սարքեր ունեցող քաղաքացիներին՝ դրանք տրամադրել նախարարությանը, որն էլ իր հերթին դրանցով կապահովի այդպիսի տեխնիկայի կարիք ունեցող աշակերտներին ու ուսուցիչներին։

Ավետիսյան դպրոցում սարքավորումների խնդիրը կարգավորեցինք առաջին իսկ օրերին. համակարգիչ չունեցող կամ  հեռախոսով Zoom հարթակ բացել չկարողացող աշակերտների հետ աշխատում ենք մեսենջերներով, Viber-ով հանձնարարություն ենք տալիս, ստուգում: Եղան նաեւ երեխաներ, որոնց համար հերթ սահմանվեց, աշխատելու հնարավորություն դպրոցի մեկուսացված և ախտահանված սենյակում, որտեղ նրանց տրամադրվեց ինտերնետ կապը (խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին): Պարապմունքի ավարտից հետո սենյակը կրկին ախտահանվում էր:

Մի խոսքով, աշխատում ենք, որ խոչընդոտներ չառաջանան, և ոչ մի աշակերտ դուրս չմնա ուսման գործընթացից։ Իհարկե, բացեր կան, բայց, կարծում եմ, հետևություններ կանենք բոլորս՝ կրթության վիճակը  ավելի բարելավելու շահախնդրությամբ:

Հեռավար ուսուցումից դուրս չեն մնում նաև մեր մանկապարտեզի սաները եւ  ներառական կրթության կարիք ունեցող երեխաները։ Նրանց հետ անհատական աշխատանք է տարվում։ Աշխատում է նաեւ դպրոցի հոգեբանը:

Որպես թերություն ուսուցիչները միաբերան արձանագրում են այն փաստը, որ շատ երկար ժամանակ համակարգչի առջև են մնում թե՛ իրենք եւ թե՛  աշակերտները: Բոլոր նոր հնարավորություններով հանդերձ՝ հեռավար ուսուցման մյուս բացն էլ այն է, որ այստեղ բացակայում է կենդանի շփումը, չկա այն էմոցիոնալ ֆոնը, որն ստեղծվում է դասարանում աշակերտ-ուսուցիչ անմիջական շփման ժամանակ:

Մի կարեւոր դիտարկում եւս. բոլորս կարոտել ենք երեխաների աղմուկին, վազքին,  ծիծաղին. շարժ չկա:

Ակնհայտ է, որ հեռավար ուսուցման ժամանակ մեծանում է ծնողների մասնակցությունն ու դերը: Բարձր դասարաններում այս առումով նրանք շատ անելիքներ ունեն, մինչդեռ տարրական դասարաններում, անշուշտ, ավելի հեշտ  է աշակերտներին պահել էկրանի առաջ, և այնքան մեծ է ծնողների աջակցությունը, և այնքան բարձր՝ երեխաների գիտակցությունը, որ կես խոսքից հասկանում են ասածդ, երբ պետք է, բարձրախոսն անջատում են, երբ պետք է՝ միացնում, պատասխանում են։

Նկատելի է նաեւ ծնողների լուրջ դերն ու տեղը հեռավար ուսուցման գործում: Նոր իրողությունը ևս մեկ հնարավորություն էր, որ ծնողը զգա, հասկանա, ավելի ուշադիր լինի իր երեխայի հանդեպ, որովհետև ինքն էլ է նրա դասը լսում, տեսնում՝ ինչ աշխատանք է տանում ուսուցիչը, նկատում իր երեխայի աշխատասիրությունը կամ անտարբերությունը, ուժեղ և թույլ կողմերը։ Հուսանք, որ  այսպիսի «մերձավորության» արդյունքում   ծնողները շատ բաներ կվերաարժևորեն և ավելի ուշադիր կլինեն:

Եվս մեկ՝ վերջին դիտարկում. նոր իրողության պայմաններում հեռավար դասընթացի կազմակերպումը մանկավարժներից անհամեմատ ավելի երկար ժամանակ է պահանջում: Եթե նրանք սովորաբար աշխատում էին մինչև ժամը 15.00-ն, ապա հիմա աշխատում են մինչև ուշ գիշեր: Հանձնարարություններն ուղարկում են երեխաներին, ապա ստանում, ստուգում, նշումներ, ուղղումներ անում, վերադարձնում, սահմանված ժամին հեռավար դաս անցկացնում, հետևում էլեկտրոնային մատյանին, և այդ գործընթացը շարունակական է: Կազմակերպական առումով աշխատանքը բարդացել է: Երբեմն լինում է, որ աշակերտն անջատում է տեսազանգը կամ ասում, որ չի կարողանում միանալ, չի ստացվում «մտնել» դասի, կամ հարցնում է, թե կլինի՞ մյուս ժամին մտնել… արդեն հասկանալի է, որ նա դասին պատրաստ չէ կամ չի ուզում մասնակցել: Ուսուցիչը պետք է պատրաստ լինի կողմնորոշվելու նաև այդպիսի պահերին: Բնականաբար, նա չի կարող 100 տոկոսով հետևել, թե ով ինչպես է օգտագործում դասի ժամը, սակայն մի բան պարզ է՝ մենք պարտավոր ենք ուղղորդելու  ու քանի որ հիմա  տանն ենք, կարող ենք ավելի մեծ հետևողականություն դրսևորել, տեսնել, թե ինչպես են համացանցից օգտվում մեր երեխաները, և ինչքանով են իրենց երեխաների ուսումով հետաքրքրվում ծնողները:

Կորոնավիրուսի վտանգի այս շրջանն անհրաժեշտ է օգտագործել հեռավար կրթության հնարավորինս տարբերակված փորձարկումներ անելու համար, ինչն էլ իր հերթին կօգնի ապագայում հեռավար ուսուցման կատարելագործված համակարգ մշակելուն։

Մի բան արդեն ակնհայտ է. կորոնավիրուսի համավարակը ամենևին էլ դատավճիռ չէ և գուցե նույնիսկ խթան է՝ ուսման գործընթացի կազմակերպման նոր ձևերի, նոր հեռանկարների համար:

Մնում է մնալ լավատես եւ հարստացնել մեր կրթական բազան:

Մելանյա Գեղամյան
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի տնօրեն, մ.գ.թ.