1ա դասարան
2018թ-ի մարտի 22-ին 1ա դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին Այբբենարանին: Նրանք արդեն գրաճանաչ են, որի համար էլ դասվար Գայանե Գրիգորյանը նրանց հանձնեց հավաստագրեր առ այն, որ յուրաքանչյուրը սերտել է հայոց այբուբենը և խոստացել է աչքի լույսի պես պահել ու պահպանել մեսրոպյան տառերը: Երեխաները Այբբենարանի կորած տառերը հավաքեցին իրենց սիրած հեքիաթների հերոսների՝ Անահիտի, Բուրատինոյի, կոկորդիլոս Գենայի, Լեոպոլդի, պինգվին Վինի և ուրիշների օգնությամբ: Միջոցառման վերջում երեխաները խոստացան ամուր պահել երեք «մայրերին»՝ Մայր եկեղեցին, Մայրենի լեզուն, Մայր հայրենիքը և խոստացան հայ մնալ, քանի դեռ մարդն ազգություն ունի: Հանդեսին ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, տնօրենությունը՝ հանձին Մելանյա Գեղամյանի: Տիկին Գեղամյանը շնորհավորեց դասվարին հերթական սաներին տառաճանաչ դարձնելու կապակցությամբ, շնորհավորեց առաջին դասարանցիներին և, նվիրելով Ս. Մուրադյանի «Վերջին կանգառը» ժողովածուն, նրանց մաղթեց բազում հետաքրքիր կանգառներ:
1բ դասարան
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունն էր ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելը, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելը, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելը: Ահա՛ սա էր 1բ դասարանի «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառման գաղափարը: Երեխաները, ներկայացնելով յուրաքանչյուրը մեկ տառ, միջոցառման վերջում թագադրվեցին «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» աստվածաշնչյան տողերն արտահայտող թագերով: Միջոցառման ավարտին տնօրեն Մելանյա Գեղամյանը շնորհակալություն հայտնեց դասվար Կարինե Մովսեսյանին՝ գեղեցիկ միջոցառման համար, իր գոհունակությունը հայտնեց երեխաներին՝ լավ արտասանելու ու երգելու համար և քաջալերեց ծնողներին՝ նվիրված համագործակցության համար: Նա դասարանին նվիրեց Ս. Մուրադյանի «Վերջին կանգառը» ժողովածուն:
1գ դասարան
Ամեն տառը մի մանչուկ է դարձել, մանկան անզուսպ հրճվանքը խառնվել է առաջին դասարանցու թոթովանքին ու հնչում է մաքուր հայերենը: Ինչպես նշեց 1գ դասարանի դասվար Սյուզաննա Գրիգորյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ իր սաները, «Ա» հնչյուն-տառն անցնելիս, կավից ծեփեցին այբուբենի առաջին տառը: Իսկ այսօր՝ 2018 թ-ի մարտի 22-ին, նրանք մեկ քայլ կատարեցին, հրաժեշտ տվեցին այբբենարանին և միացան Այբ-ի ու Բեն-ի ճանապարհով անցած բազում հայ մանուկներին: Հանդեսին ներկա էին և մեծ ոգևորությամբ ու հուզմունքով իրենց երեխաների մեսրոպատառ լեզվին նվիրված արտասանությունն ու երգն էին ունկնդրում ծնողները: Միջոցառմանը ներկա էին նաև ուսուցիչներ և տնօրենությունը: Տնօրեն տիկին Գեղամյանը շնորհակալություն հայտնեց դասվարին, շնորհավորեց երեխաներին և նրանց նվիրեց «Հեքիաթների կախարդական զամբյուղ» գիրքը: