«Բարդի». հաշիվը՝ 44:44
Որ պայքարը թեժ է լինելու, բոլորը նախապես գիտեին: Չէ՞ որ Ավետիսյան դպրոցում ընդունված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր ուստարվա ընթացքում բառագետների «Բարդի» մրցախաղում վերջին փուլ հասած թիմը տարեվերջին մրցում է ուսուցչական ընտրանու հետ:
Այս տարվա հաղթողը 12-րդ «բ» դասարանի (տնտեսագիտական հոսք) անփոփոխ վեցյակն էր, որն էլ մարտահրավեր նետեց ուսուցչակազմին:
Ուսուցիչ-շրջանավարտ մրցավեճը կայացավ դպրոցական վերջին զանգից հետո՝ ավարտական քննությունների նախօրեին: Թեժ պայքարն ընթացավ հանճարեղ Լեոնարդոյի թեւավոր խոսքի տրամաբանությամբ. «Լավ է այն աշակերտը, ով գերազանցում է իր ուսուցչին»: Դատելով խաղի ընթացքից, սակայն, այս միտքը կարելի էր նաեւ վերաձեւակերպել՝ «Լավ է այն ուսուցիչը, ում աշակերտը գերազանցում է իրեն»: Որովհետեւ խաղն ավարտվեց 44:44 հաշվով. ավագ եւ կրտսեր բառագետները միմյանց չզիջեցին հայերենի անսպառ գանձարանից հերթական արժեքավոր բառը «պեղելու» գործում:
Հանդիպումն ավարտվեց թիմերի փոխադարձաբար շնորհավորանքներով. արժանավոր ուսուցիչներին՝ արժանի աշակերտներ:
